‘Լիզա Ճաղարյան. Գեւորգ Կոստանյանը դեռ տաք է ‘

2487

Այսօր ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը հանրությանը «լուսավորել է»` հայտարարելով. «Ոստիկանի կողմից ֆիզիկական ուժի չգործադրումը նրա լիազորությունների մեջ է մտնում, եւ շատ դեպքերում ֆիզիկական ուժի չգործադրումը կարող է ոստիկանին պատասխանատվության առաջ կանգնեցնել»:

Ճիշտ որ: Ոստիկանը պե՛տք է ուժ գործադրի փողոցներում օրը ցերեկով միմյանց վրա եւ պատահական անցորդների վրա կրակողների, իրենց դղյակների դիմաց մարդկանց գնդակահարողների, զանազան կազինոների, ռեստորանների ու գիշերային ակումբների ներսում կամ դրսում իրենց դուր չեկած այցելուին ծեծելով հաշմանդամ դարձնողների կամ սպանողների ու այլեւայլ գազանություններ անողների նկատմամբ: Եթե վիճակն անելանելի դառնա, ոստիկանն իրավունք ունի նույնիսկ կրակելու սրանց նմանների ուղղությամբ:

Բայց Գեւորգ Կոստանյանը հանրությունից ավելի քաջատեղյակ է, որ խաղաղ ցույցերի մասնակիցների նկատմամբ բռնի ուժ գործադրող ոստիկանները «խոնարհ ու չխոսկան հարսիկ» են դառնում այս մասշտաբի հանցագործների ներկայությամբ, լավագույն դեպքում` ծլկում են դեպքի վայրից, որովհետեւ գիտեն, որ եթե խառնվեն, ապա այս հանցագործները ոչ միայն իրենց էլ կսատկացնեն շան նման, այլեւ հետագայում մատ թափ կտան այս ոստիկանների «աստվածավախ» պետի վրա` վերջին նախազգուշացումով եւ «կաշին քերթելու» խոստումով: Պարոն դատախազը նաեւ հանրությունից լավ գիտի, որ այսպիսի դեպքերում «ֆիզիկական ուժի չգործադրումը» դեռեւս ոչ մի ոստիկանի պատասխանատվության առաջ չի կանգնեցրել, իսկ վերը թվարկված հանցագործների մեծագույն մասն անպատիժ ու առավել լկտիացած` «վարում են» Հայաստանը, որովհետեւ հենց սրանց հովանավորներն են Գեւորգ Կոստանյանին բազմեցրել գլխավոր դատախազի աթոռին` «խելոք մնալու» պայմանով:

Գեւորգ Կոստանյանը նաեւ հրաշալի գիտի, որ այդ նույն «աստվածավախ» ոստիկանապետի վիճակում նաեւ ինքն է, եւ որ իրեն էլ, Գասպարյան Վովային էլ այդ պաշտոնները վստահել են, որ իրենց տերերի բուծած մարդասպաններին ու վտանգավոր այլ հանցագործների գլխներից մազ չպակասի, ու որ` ոստիկանատներ քարշ տան իրենց իրավունքներն օրինական ճանապարհով պաշտպանել փորձող քաղաքացիներին, իսկ հետո մանկուրտացված դատախազների ու «գործ տվող» ոստիկանների «անձնազոհ» աջակցությամբ` առավել համառներին փակեն բանտախցերում:

Եվ հենց դրա համար էլ նույն այս Կոստանյանը` նույն այս ասուլիսում` Սարյանի դեպքերի առչնությամբ նաեւ ասել է. «Այստեղ նաեւ իրավական գնահատական պետք է տրվի համապատասխանաբար այն անձանց նկատմամբ, ովքեր բռնություն են կիրառել ոստիկանների նկատմամբ»:

Հնուց ի վեր պայքարողները միանգամից հասկացան, թե այս հայտարարության տակ ինչ է թաքնված: Նոփ-նոր պայքարողներն էլ, հուսով եմ, արդեն սկսել են հասկանալ, որ դատախազը եթե նման բան է ասում, սա անթաքույց հրահանգ է իր կամակատար ենթականերին, որ սկսեն «գործ սարքել» այն ակտիվիստների նկատմամբ, որոնք թույլ չեն տալիս, որ իրական հանցագործների միայն անունները լսելիս տակը թրջող համազգեստավոր խամաճիկները ոտնահարեն իրենց արժանապատվությունը:

Գեւորգ Կոստանյանը, սակայն, ոնց որ թե դեռ չի հասկացել, որ հրաբուխը քլթքլթում է, եւ հանցագործ իշխանությունների ոտքի տակից հողը փախչում է:

Չի հասկացել` շուտով կհասկանա: Եվ հասկացնողները հենց նրանք են լինելու, ում դեմ «առյուծ» են կտրում կոստանյանների ու գասպարյանների վարժեցրած «բուդկաները»:

Նախորդ հոդվածը‘Նախկին ռազմագերի Արսեն Խոջոյանը ենթարկվեց հերթական բժշկական հետազոտության’
Հաջորդ հոդվածը‘Կայանման վճարից «փրկվելու» համար «Յագուարին» զուգագուլպա են հագցրել ‘