‘
Դժվար թե Հայաստանում զարմացող գտնվեց, երբ լրատվամիջոցները թնդացին Սյունիքի ոչ անհայտ մարզպետի որդու հերթական հանցագործության մասին: Քառասուն Սյունյաց «կտրիճներ», բնականաբար` Լիսկայի որդու գլխավորությամբ, դաժանորեն ծեծել են երկու հոգու, եւ նրանցից մեկի աչքը վնասվել է այնպես, որ բժիշկները չեն թաքցնում իրողությունը` երիտասարդը կորցրել է տեսողությունը:
Եվ մինչ չզարմացողներս ճիգ էինք թափում, որ ձեւացնենք, թե իբր` մի քիչ, այնուամենայնիվ, զարմացել ենք, Լիսկան լրագրողների հարցին ի պատասխան` իր «հրեշտակային թեւերը» թափահարելով` մեր փոխարեն ի՛նքը զարմացավ` իր տղա՞ն, չէէէէ, ինչ եք խոսում, իր տղան ոչ մի կապ չունի, իր տղան էէէէէէէն հայտնի անեկդոտի մանկան նման` մի անկյունում նստած մածուն է ուտում իր համար, ձեզ խանգարու՞մ է:
Դժվար թե Հայաստանում զարմացող գտնվեց, երբ Լիսկան օրը ցերեկով` «բացճակատ» ստեց: Եթե չստեր, անկասկած` լիքը զարմացողներ կլինեին:
Հետո ՀՀ քննչական կոմիտեն, շաաաատ երկար մտածելուց հետո, հաղորդագրություն տարածեց եւ հաստատեց այն լուրը, որը բոլորիս արդեն վաղուց հայտնի էր` Լիսկա-Սուրեն Խաչատրյանի սիրասուն զավակ Տիգրանը մասնակցել է այդ ծեծկռտուքին, ինչպես եւ` անմիջականորեն մասնակցել էր Ավետիք Բուդաղյանի սպանությանը, որից հետո մարդասպանի` մինչ այդ «մուշ-մուշ քնած» հայրը կրկին պարգեւատրվեց մարզպետի աթոռով, իսկ որդին էլ շարունակում է անպատիժ ու ազատ ապրել Սերժիկ Սարգսյանի «բարձր հովանու ներքո»` սրբորեն կատարելով վերջինիս պատգամը, ըստ որի` եթե հանցագործությունը չի պատժվում, էդ հանցագործությունը կրկնվելու շատ վատ սովորություն ունի:
Դժվար թե Հայաստանում զարմացող գտնվի, եթե այս հանցագործությունից հետո Սերժիկ Սարգսյանը Լիսկային որեւէ մեդալով պարգեւատրի, նրա քաջարի զավակին էլ, օրինակ, ուղարկի որեւէ երկրի դեսպան: Եթե չպարգեւատրի, ա՛յ, այդ դեպքում լիքը զարմացողներ կլինեն:
Ինչքան շատ հանցագործ, այնքան շատ` Սերժիկի «ախպեր». վաղուց ի վեր անհերքելի ու անքննելի փաստ է:
Սրանց թողնենք` շարունակեն ճղփճղփալ իրենց հանցանքների արնահամ «դրախտում», ու դառնանք տուժողներին:
Այդ կողմերից ծպտուն չէր լսվում: Այսօր վերջապես լսվեց: Տեսողությունը կորցրած երիտասարդի հայրը, ըստ լրատվամիջոցների, հերքել է ծեծկռտուքի մասին լուրը: Իր որդին ոչ մեկի հետ չի վիճել, ավտոմեքենայի անիվի վրա գործ անելիս է եղել, մեկ էլ որտեղից որտեղ մի աննամուս քար թռել եկել է եւ ուղի՛ղ` իր տղայի աչքին: Հետո տղան ուշագնաց է եղել ու ոչինչ չի հիշում:
Հարց չտանք տուժողի հորը. «Փաստորեն, լավ հիշում է, որ ավտոմեքենայի անիվի վրա գործ էր անում, հետո հիշում է, որ քարն է վնասել իր աչքը, է՞լ ինչ պետք է հիշեր, որ չի հիշում: Կարծես` ուրիշ հիշելու բան չկա, չէ՞, ուրեմն` ի՞նչ հիշողության կորստի մասին է խոսքը: Այս դեպքերում են ոնց որ թե ասում` գող` սիրտը դող»:
Հարց չտանք, որովհետեւ այն ստորացուցիչ վախը, որ ստիպում է հարազատ հորը` անգթորեն ստել, թեկուզ` որդու տեսողության կորստի գնով, արդեն իսկ այնպիսի սահմռկեցնող պատիժ է, որ այսպիսի դեպքերում, բացի «մեկ րոպե լռությամբ» հոգեսպանության ծանր հիշատակը հարգելը` այլ բան չի մնում անել…
Եվ այսպես` արդեն որերորդ անգամ ստիպված ենք արձանագրել. Լիսկայի եւ նրա արյունռուշտ ավազակախմբի վայրագությունների հանդեպ կենդանական սարսափը ժանտախտի պես պատել է ողջ Գորիսը, եւ այստեղ այլեւս ոչ մեկի չի ցնցում, երբ որդին ուրանում է հորը, հայրն էլ` որդուն:
Գլուխները կախ «մածուն են ուտում» հպարտ լեռների լանջերին կուչ եկած գորիսցիները եւ դատապարտվածների պես սպասում, թե Լիսկայի «յաթաղանը» երբ է հասնելու իրենց տան շեմը, եւ ոչ մեկս չենք կարող օգնել մեր հայրենակիցներին, որովհետեւ նրանց հոգիներում փրկվելու ցանկությունն էլ է մարել…
Երանի սխալվեմ:
‘