‘Լիզա Ճաղարյան. Ես էլ եմ հատել հայ-ադրբեջանական սահմանը’

2769

Հատել եմ ղարաբաղյան պատերազմի ամենաթեժ ու ամենադաժան շրջանում: Հենց այն ժամանակներում, երբ հակառակորդները միմյանց ականջներն էին կտրում եւ որպես հայրենասիրության վառ ապացույց` կախում իրենց վզից (ականջներն ինչքան շատ էին, այնքան ավելի հայրենասեր էիր):

Ավելին. մեն-մենակ չեմ հատել: Հինգ հոգի էինք, երեքը տղամարդ էին, երկուսս` կին: Տղաներից մեկի անունը մոռացել եմ` հազար ներողություն: Մյուսն Աֆղանցի Լյովն էր, Անահիտ Ադամյանն էր (բանաստեղծ, արվեստաբան. շեշտում եմ, որ այլ Անահիտ Ադամյանի հետ չշփոթեք), Գերման Ավագյանն էր (ուզենաք էլ` Գերմանին ոչ մեկի հետ չեք շփոթի), մեկ էլ` ես: Գորիսով եկել` Կապանում բնավորվել էինք, Վաչե ու Ավագ Եփրեմյանների հետ «վայելել էինք» պատերազմի «համնուհոտը», հասել էինք Մեղրի, Մեղրիում ծանոթացել էինք Դավիթ Մաթեւոսյանի հետ ու երջանիկ էինք, որ մեր ընտիր մարդկանց ցուցակը Դավիթով հարստացրել էինք (էդ ժամանակներում միակ երջանկությունը դա էր`գտնել ընտիր մարդ եւ մխիթարվել դրանով):

Կարճ ասած` հայ-ադրբեջանական սահմանը հատեցինք Մեղրիի կողմից: Ավտոմեքենայով մտանք Նախիջեւան եւ, Աստված գիտե, ինչքան էինք առաջ գնացել: Համենայն դեպս, հիշում եմ, որ մինչեւ մեր սահման ետդարձը հինգ րոպե չտեւեց… Մեկ դար տեւեց:

Ու մեկ էլ հիշում եմ, որ մի քիչ ուշքի էինք եկել հայրենի հողի գրկում (հենց այդպես` հայրենի հողի ջերմ, տաքուկ, պաշտելի գրկում. երբեւէ Հայաստանն այդքան չեմ սիրել, ինչպես` այդ օրը), մեր ընկեր Աֆղանցի Լյովն ասաց ինձ ու Անահիտին. «Էրեխեք ջան, եթե հանկարծ դրանց ձեռքն ընկնեինք, չմտածեք` երկուսիդ էլ տեղում կգնդակահարեի»: Ու ես էլ, Անահիտն էլ երախտագիտությամբ փարվեցինք Լյովին:

Առանց քննարկման` գերադասելի էր մահը, քան հակառակորդի ձեռքն ընկնելը, երբ մենք Մեղրիի մաքսատունն էինք փնտրում, որ մեր ծանոթներից մեկին խնդրեինք` ձայնագրիչի կասետ գտնի ինձ համար: Ու մեկ էլ Աֆղանցի Լյովը (ինքն էր ղեկին) ասաց` էրեխեք, մտել ենք Նախիջեւան:

Եթե ընկնեինք հակառակորդի ձեռքը, մեզ, իհարկե, չէին նստեցնի տեսախցիկի առաջ ու չէին ստիպի ասել, որ դեռ վաղ մանկուց երազել ենք փախչել Ադրբեջան: Աֆղանցի Լյովը, վստահ եմ, ինձ ու Անահիտին հենց մեքենայի մեջ կգնդակահարեր, հակառակորդն էլ` մտածելով, որ Լյովն իրենց է ուզում սպանել (եթե հասցներ, Լյովն, իհարկե, իրենց էլ կսպաներ), կգնդակահարեր  մեր տղերքին, եւ այդպես էլ ոչ ոք չէր իմանա, թե ոնց պատահեց, որ կամովին գնացինք ընկանք գելի բերանը ու էշ նահատակ դարձանք:

Մեզ սիրողները լեգենդ կհյուսեին, որ գնացել էինք Նախիջեւանը գրավելու, մեզ ատողներն էլ մեր ազգուտակը կփորփրեին ու կպարզեին, որ բոլորս ալիեւների հարեւանի մորաքրոջ փեսայի բաջանաղի տոհմածառից ենք:

Ինչ որ է: Բոլոր սահմանախախտներս էլ դեռ կանք, եւ եթե ժամանակ առ ժամանակ հիշում ենք մեր «պատմական գրոհը», ապա` միմիայն ծիծաղով: Թեթեւակի փշաքաղվելն, իհարկե, դեռ կա:

Հիմա մեր զինվորը, անհայտ պատճառով, հայտնվել է Հայաստանի սահմանից անդին: Հիմա մեր երեխան Ադրբեջանի գերին է: Հիմա մենք նստել ու քննարկում ենք` ոնց հայտնվեց մեր տղան Ադրբեջանում, տալիս-առնում ենք, թե ինչ ասաց ադրբեջանական հեռուստաէկրանի առջեւ, ինչու ասաց եւ ոնց ասաց: Աղոթենք, որ մեր զինվորը ողջ-առողջ վերադառնա Հայաստան, հետո կամ կպարզվի` ինչու է անցել սահմանը, կամ` հանրությանը կմատուցվի այնպիսի վարկած, որը չի վնասի Հայոց բանակի անքննելի վերնախավին:

Առայժմ մեկ փաստ է հայտնի. ՎԱՏ ՏԵՍՈՂՈՒԹՅԱՄԲ հայ զինվորին ուղարկել են պաշտպանելու մեր երկրի սահմանը: Ոչ ոք սա չի հերքում: Եվ չնայած ոչ ոք չի հերքում, ոչ ոք չի էլ պատժվում մեր գերեվարված տղային բանակ զորակոչելու համար:

Հո հայրենիքի դավաճան չե՞նք, որ այս հարցն առաջնային դարձնենք. ավելի հեշտ ու անշառ գործ չէ՞ սահմանախախտ պատանու կենսագրությունը քրքրելը: Անկասկած` ավելի հեշտ ու անշառ է: Նույնքան հեշտ ու անշառ` որքան «Ստամբուլն արյան ծով դարձնելը»:   

Լիզա Ճաղարյան

 

Նախորդ հոդվածը‘Հրանտ Տեր-Աբրահամյան. Միֆական սցենար. Ղեկավարը անհայտանում է, հետո վերադառնում է ու…’
Հաջորդ հոդվածը‘Գեներալ Ապրիամովի ծառայության ժամկետը երկարաձգվեց’