‘Լիզա Ճաղարյան. Երեկ. Կարդալ թաշկինակը պինդ բռնած’

39553

Բոլոր օրերի նման, երեկ էլ հողագնդի վրա մի ուրվական էր շրջում. «Մարդակերը էն անբան», որ «հազար դարում հազիվ դառավ Մարդասպան»։

Դժվար է չհուսահատվել, եթե արդեն եվրոպական արժեքներից յոթ սարուձոր հեռու երկրների ոստիկաններն են քննարկում՝ իրե՞նք են ավելի գազանաբար ջարդում ցուցարարներին, թե՞ եվրոպական պետությունների ոստիկանները։

Նույնիսկ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն է դժգոհ («ՀԺ»)։ Ասում է՝ կարելի էր ավելի «նուրբ մոտեցում ցուցաբերել քաղաքացիների նկատմամբ»։ Ինքը՝ գնդապետ Օսիպյանը, «մի փոքր բիրտ ուժ» է տեսել իսպանացի ոստիկանների գործողություններում։ Կարելի է, չէ՞, գործել «բացառապես օրենքի սահմաններում»։ Ինչպես, օրինակ, Հայաստանում։ Բանակցել ցուցարարների հետ։ Ինչպես, օրինակ, Հայաստանում։ Օսիպյանն է ասում։

Կամ, օրինակ, ցուցարարների վրա հարձակվել քաղաքացիական հագուստով, ոչ թե ոստիկանական համազգեստով, ծեծել-ջարդել-հայհոյել, իսկ հետո ասել՝ դա մենք չէինք, ՀՀ քաղաքացիներ էին, որոնք ինքնաբուխ ընդվզել են երկրի կայունությունը խարխլող մի խումբ ծայրահեղականների դեմ։ Կամ՝ «նրբորեն» սպանել։ Մատով չես կպչում քաղաքացուն։ Չես ծեծում, չես հայհոյում։ Հեռվից, նրբորեն, զգուշորեն, խանդաղատանքով սպանում ես։ Սա արդեն Օսիպյանը չի ասում, ես եմ ասում՝ 2008 թվականի ցուցարարներից մեկը։

Այն ժամանակ մեր ճանաչած Օսիպյանն Օսիպով էր։ Եվ իր Օսիպով եղած այդ շրջանում, մի քանի տարի շարունակ ես եւ հազարավոր ցուցարարներ ամեն օր տեսել ենք կամ մեր մաշկի վրա զգացել ենք Օսիպովի «նուրբ մոտեցումը»։ Ինքը գուցեեւ հոգու խորքում «նուրբ» էր, ինքն ընդամենը կատարում էր իր շեֆի՝ Բազազի հրամանը։ Բազազը կատարում էր ոստիկանապետի հրամանը, ոստիկանապետն էլ կատարում էր Բաղրամյան 26-ը զավթողի հրամանը։ Եվ սրանց հրամանները կատարում էին շարքային ոստիկանները։ Ծեծում էին խաղաղ ցուցարարներին, քարշ էին տալիս ոստիկանական բաժանմունքներ, այնտեղ էլ էին ծեծում։ Ու մեկ էլ որ հրաման էր հնչում «սպանել», նաեւ սպանում էին։

«Ես չեմ սպանել», — հաստատ կասի Օսիպյանը։ Գրեթե վստահ եմ, որ ինքն իրոք չի սպանել։ Առավել վստահ եմ, որ կսպաներ, եթե վերադասը հրամայեր, որ հենց ի՛նքը՝ Օսիպյանը, պետք է ձգանը քաշի ու սպանի որեւէ ցուցարարի։ Հնարավոր է, որ չուզենալով սպաներ Օսիպյանը։ Նույնիսկ ձեռքը դողար։ Նույնիսկ սիրտը ցավեր սպանվողի համար։ Բայց հենց ա՛յս Օսիպյանն առանց ծպտուն հանելու կկատարեր իր վերադասի հրամանը, ինչպես այդ տարիներին էր կատարում (գուցեեւ մտքում հայհոյելով հրաման տվողին)։

Հիմա էլ է սրբորեն կատարում վերադասի ցանկացած հրաման, գովերգում է «բացառապես օրենքի սահմաններում» գործող ոստիկանությանը, ասել է թե՝ իր շեֆ Վովային, նույնիսկ դեմ չէ արդեն, որ 2008-ի մարդասպան ոստիկանները պատժվեն (2008-ի վերադասներն այլ մարդիկ էին, հիմա հանգիստ կարող է դժգոհել), դրա համար էլ հաջողությամբ աստիճան առ աստիճան «վեր է հառնում», զուգահեռաբար էլ ավելանում կամ մեծանում են ուսադիրների վրայի աստղերը։

Հայաստանը փոքր երկիր է, գրեթե բոլորը ճանաչում են գրեթե բոլորին։ Չկա այդպիսի մարդ, որը գեթ մեկ ծանոթ ոստիկան չունենա։ Չկա մեկը, որ լսած չլինի որեւէ շարքային ոստիկանից, որ մինչեւ կոկորդը կուշտ է իր ղեկավարներից, զզված է, ինքն էլ է երազում, որ այս իշխանությունը փոխվի։ Նույնիսկ դժգոհում են, որ ցուցարարներն անհրաժեշտ չափով հետեւողական չեն։

Իսկ իրենք նախանձելի հետեւողական են։ Ինքս տեսել ու զգացել եմ շարքային ոստիկանների համակրանքով լի հայացքները ցուցարարների նկատմամբ։ Բայց հենց ամենագազանաբարո հրամանը տրվում է, Օսիպյանի նման «նուրբ մոտեցմամբ» ոստիկանները գազան են դառնում անմիջապես։

Եվ իզուր էինք սպասում 2008-ին, իզուր էին սպասում հետագայի ցուցարարները, որ շարքային ոստիկաններից ոմանք մի օր դեն կնետեն զենքերը, կասեն՝ վե՛րջ, չենք ենթարկվում ձեր ապօրինի հրամաններին, ու կմիանան ցուցարարներին։

Չկան, ու հրաշք կլինի, եթե նման բան պատահի։

Կմիանան միայն այն ժամանակ, երբ կտեսնեն, որ իշխանությունը վերջնականապես տապալված է։

Կմիանա նաեւ «նուրբ» Օսիպյանը ու հարցազրույցներ կտա լրագրողներին այն մասին, թե ինչպես է ինքը անողոք պայքար մղել, որ մարդասպան եւ օրինախախտ ոստիկանները պատժվեն, բայց, ավաղ, հաջողության չի հասել։

Եվ անպայման կգտնվեն լրագրողներ, որոնք կունկնդրեն նրան արցունքոտ աչուկներով։

 

Նախորդ հոդվածը‘ԼՂՀ նախագահը քննարկել է 1937-38-ի բռնաճնշումների հետեւանքով տուժած անձանց խնդիրները’
Հաջորդ հոդվածը‘Թուրքիան հուսով է, որ Էրբիլը կհրաժարվի անկախ պետություն ստեղծելու մտքից’