‘
Այս տարի աշունը թեթեւակի խուտուտ տվեց հայաստանցիներիս ու չվեց այլ երկրներ։ Ամառը շատ երկար ոտը կախ գցեց, ձմեռն էլ ատամները սրած անհամբեր շարժումներ էր անում։ Երեկ որոշ մարզերում ձյուն եկավ, ճանապարհներ փակվեցին, որոշ բնակավայրեր հոսանքազրկվեցին։ Ցուրտ չսիրողներս արդեն ուզում էինք հուսահատվել, մեկ էլ Գագիկ Սուրենյանը մխիթարեց՝ աշունը վերադառնալու է։
Հուսանք եւ սպասենք։
Թանկացել են մսեղենը եւ կարագը: Իշխող կուսակցության երեսփոխանները երջանիկ անգիտության ծոցում մրափում են, տեղյակ չեն։ Ինչպեսեւ տեղյակ չեն, որ Հայաստանում բազմաթիվ մարդկանց համար նույնպե՛ս միեւնույն է՝ միսը թանկացել է, թե էժանացել։ Մի շատ էական տարբերությամբ։ ՀՀԿ-ական վերնախավի ու նրանց բացահայտված ու չբացահայտված արբանյակների տռզած գրպանները չեն դատարկվի մսի թանկացումից, ստամոքսներն էլ չեն տնքա. իրենք չեն էլ նկատում չդադարող եւ սրընթաց թանկացումները, իսկ սովորական մահկանացու բազմաթիվ քաղաքացիներ վաղուց ի վեր դադարել են մսեղեն ուտել։ Մինչ այս վերջին գնաճն էին անկարող մսի ու զանազան այլեւայլ ուտելիքների համը տեսնել։ Դե, սա ո՞նց հասկանա նախկին ոստիկանապետ, ՀՀԿ-ական Ալիկ Սարգսյանը։ Իր տանը կինն է հոգում սիրասուն ամուսնու ստամոքսի պահանջները, նա էլ դեռ չի «զեկուցել» նախկին ոստիկանապետին հերթական թանկացումների մասին («ՀԺ»)։ Եվ երեւի «կես դրամ է թանկացել», ի՞նչ եք խառնվել իրար։ Էս ի՜նչ կոպեկի մեռած ժողովուրդ է:
«Չտեսավ պատից կախ, տեսավ ճակատից կախ» ասացվածքն անմահ է, ինչ ուզում եք՝ ասեք։
Երեկ Հայաստանի հասարակությունը ալեկոծվել էր։
Հարց. իսկ դուք հիշու՞մ եք գեթ մեկ օր, որ հայաստանցին ալեկոծվելու առիթ կամ պատճառ չստանա իր փառապանծ իշխանությունից կամ սրա «կուսբջիջի» անդամներից (ականջը կանչի Մեղրիի դպրոցի տիկին տնօրենի)։
Հանրապետական մի գյուղապետ ու եւս երկու «իգիթ» երեկ որսի էին գնացել ու սպանել Կարմիր գրքում գրանցված երկու սպիտակագլուխ անգղ։ Մեր աչքն ընտելացել է այս թեւավորներին տեսնել հպարտ գլուխը վեր պարզած։ Այս անգղների գլուխները կախ էին, ու խոստովանենք՝ հոգի ծվատող պատկեր էր։
Հոգի ծվատող էր նաեւ Ազգային ժողովի հերթական նիստը։
Այստեղ էլ, ինչպես միշտ, հայոց լեզուն էին սպանում։
Խոշտանգելով։
‘