‘
Ինչո՞ւ է Պուտինի հետ հանդիպումների ժամանակ Սերժիկ Սարգսյանն իր խղճուկ, ստորաքարշ պահվածքով բոլորին ստիպում հիշել իր իսկ կոմսոմոլական «վառվռուն» անցյալը:
Ինչո՞ւ Աբդուլլահ Գյուլի հետ ֆուտբոլ նայելիս այս նույն Սերժիկ Սարգսյանը, Գյուլից անհամեմատ ավելի, հրճվանքից ու երջանկությունից հալվեց, երբ Թուրքիայի հավաքականը գոլ խփեց Հայաստանի հավաքականի դարպասը:
Ինչո՞ւ վերոգրյալ պարոնն Աստանայում` Նազարբաեւի հայտնի հայտարարությունից հետո բերանը ջուր առած նստեց, ավելին` դասատուից ապտակ եւ «երկու» ստացած կաս-կարմիր կտրած աշակերտի կերպարի ամբողջականացման համար միայն կարմիր վզկապն էր պակասում նրան:
Ինչո՞ւ Վրաստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ Հայաստանի նախագահի աթոռը զավթած այս հանրապետական-տարոնական-նժդեհականը «հայտնագործություն» արեց, որ վրացիները հարստացրել են հայկական մշակույթը, իսկ ահա հայերն էլ, դե՜, «ավանդ ունեն վրացական մշակույթի հարստացման գործում», բայց ո՛չ այնքան, էլի, որքան վրացիները, այլ` մի՜ թեթեւ, «որոշ չափով»:
Եվ ընդհանրապես` ինչո՞ւ է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին խեղդում ամոթի անսահման զգացումը, երբ այս ինքնակոչն աշխարհին է ներկայանում իր ողջ «պերճանքով ու թշվառությամբ»: Կասեինք` գլուխը քարը, թե ոնց է ներկայանում, եթե միայն ինքն իրեն ներկայացներ, բայց որքան էլ զավեշտալի է ու ողբալի` ներկայացնում է նաեւ Հայաստանն ու Հայաստանի քաղաքացիներիս:
Չգիտի՞, թե ինչ է մտածում իր մասին հանրությունը: Անկասկած` գիտի: Մազոխի՞ստ է, հաճո՞ւյք է ստանում, երբ օտարները նվաստացնում են իրեն, իսկ հայրենակիցները` հայհոյում, հեգնում ու անիծում: Բացառվում է: Ուրեմն` այլ կերպ չի կարող: Իսկ այլ կերպ չի կարող շատ պարզունակ պատճառով` պաթոլոգիկ վախկոտ է: Այս մարդն իրենից ուժեցներին հաճոյացող, ստորաքարշ կոմսոմոլի հրահանգչի պատյանի մեջ է մինչ օրս, դրա համար էլ մի բուռ է դառնում այլ երկրների ղեկավարների ներկայությամբ: Եթե երկիրը շատ հզոր է, վախենում է ոչ միայն ղեկավարներից, այլեւ նրանց օգնականներից, վարորդներից, պալատական լրագրողներից: Վախենում է անկախ կամ ընդդիմադիր լրագրողներից ու նրանցից սպասվելիք հարցերից, դրա համար էլ հսկայական պատ է քաշել իր եւ նրանց միջեւ ու ժամանակ առ ժամանակ օգտվում է միայն վարժեցված լրատվամիջոցների «ստուգված ու հաստատված» ծառայությունից: Վախենում է քաղաքացիական ակտիվիստներից, ընդդիմադիր քաղաքական ուժերից, Հայաստանի բոլոր քաղաքացիներից անխտի՛ր` ըմբոստ լինեն, թե իրենց վզին դրված լուծն անմռունչ քաշող:
Իսկ հիմա`Սերժիկ Սարգսյանի հազարումի վախերին մեկն էլ է ավելացել: Իր կուսակիցներին Ծաղկաձոր բերման ենթարկելով` նա բացեիբաց խոստովանեց, որ վախենում է նաեւ իր, այսպես կոչված, զինակիցներից: Այս հավերժ կոմսոմոլի ինքնապաշտպանական բնազդն անվրեպ է գործում. իր բոլոր հաճախորդների «ազատ շուկայական բարեմասնությունների» մասին բոլորիցս քաջատեղյակ է, եւ դողդոջ սիրտը կասկած է ընկել: Գիտի նաեւ, որ իր ավազակախմբի անդամների ուղեղներն ուղիղ գծով միացած են ստամոքսներին, եւ հավատարմության հերթական երդումը կորզելու համար պետք է սրանց առատորեն կերակրել` ամենաուղղակի իմաստով, ինչն էլ արեց երեկ` Ծաղկաձորում: Բայց մի բան էլ լավ գիտի Սերժիկ Սարգսյանը: Գիտի, որ հենց խորտակվող նավի երերումն ուժգնանա, իրա՛ր եւ հենց իրե՛ն կոխկռճելով` այսօր ամբիոններից հոխորտացող գալուստներն ու շարմազանովները, շմայսներն ու լիսկաները այնպես են ծլկելու պարոն ինքնահռչակի «վրայից», որ վերջինս նույնիսկ չի հասցնելու հիշել ու հիշեցնել իր շատ սիրած «թարս աճած խիարի» թերությունների ու առավելությունների մասին:
Այդ օրն էլ, «հակառակի պես», հեռու չէ:
‘