‘Լիզա Ճաղարյան. «Էսքան ուրախ կյանքը մեզ արդյոք ո՞վ է նվիրել»’

4020

Երեկվանից Ֆեյսբուքում մի լուսանկար է շրջում։ «Շատ տխուր լուսանկար» շարքից է։ Եթե նման խորագրով մրցույթի մասնակցի այդ լուսանկարը, անկասկած՝ առաջին տեղն ապահովված է։

Բաղրամյան 26-ում կազմակերպված հերթական էժանագին թամաշայի՝ սահմանամերձ գյուղերի երեխաներին Սերժիկ Սարգսյանի «ազիզ տեսքին» արժանացնելու «կանգ առ, ակնթարթ»-ն, իրոք, շատ խոսուն էր, եւ այդ լուսանկարը մի պատմություն հիշեցրեց ինձ։

Ազատամարտիկ ընկերներիցս մեկին, որն իրո՛ք հերոս էր եւ կիսաքաղց էր ապրում՝ անսպասելի հիշել էին Բաղրամյան 26-ում ու որոշել էին ինչ-որ մեդալ տալ։ Այն ժամանակ Սերժիկ Սարգսյանի նախորդն էր։ Մեդալն ստանալուց հետո հանդիպեցինք, դե՝ շնորհավորեցի, չնայած այս «երկվորյակի» շնորհած մեդալներն ու շքանշաններն այնքան են արժեզրկված, որ ցավակցելն ավելի տեղին է։ Պարզվեց՝ իրոք, պետք է ցավակցեի։ Ընկերս անտրամադիր էր, հեչ նման չէր մեդալակրի։ Պատմեց, որ այդ մեդալն ստանալու համար ստիպված է եղել իր անծայրածիր պարտքերի ցուցակը «հարստացնել», որ իր ամենօրյա հնամաշ հագուստով չներկայանա «փադիշահին»։ Ինչ-որ մեկից պատկառելի գումար էր պարտք վերցրել ու համապատասխան պիջակ, տաբատ ու փողկապ էր գնել, լողացել էր, սափրվել էր, գնացել էր Բաղրամյան 26, մեդալը կախել էին նոփ-նոր պիջակին, ասել էր՝ շնորհակալություն, պատասխանել էին՝ խնդրե՜մ, խնդրե՜մ, հետո դուրս էր եկել «փադիշահի պալատից» եւ հայտնվել իրականությանը դեմ-հանդիման. «Մեդալը ստացա, բա էդ պարտքը… պարտքերս ո՞նց եմ փակելու»։

…Չգիտեմ, պարտքերը փակե՞ց ընկերս, թե՝ գլուխը կախ հեռացավ Հայաստանից (եթե կարողանար պարտքերը վերադարձնել, երբեք գաղթի ճամփան չէր բռնի), ամեն դեպքում վաղուց այստեղ չէ, ռուսաստաններում է, եւ վստահ եմ՝ մեդալը հետը չի տարել։ Էժան աշխատուժ փնտրողներին ո՛չ քո մեդալն է հետաքրքրում, ո՛չ քո կարմիր դիպլոմը, ո՛չ էլ՝ քո արժանապատվությունը, որի փշուրները տանում ես օտար ափեր՝ վերջնականապես փոշիացնելու համար։

Ահա այս պատմությունը հիշեցի անհեթեթ ու կեղծ ժպիտը դեմքներին դաջած, կուշտուկուռ Սերժիկ Սարգսյանին ու իր շքախմբին, մեկ էլ՝ մտահոգ, շփոթված ու տխուր երեխաների լուսանկարին նայելիս։

Ավելացնելու բան չունեմ։

 

Նախորդ հոդվածը‘Արման Մուսինյան. Ցանկացած պահի Կոնգրեսը պատրաստ է կրկին դուրս գալ փողոց’
Հաջորդ հոդվածը‘Մհեր Արշակյան. Եթերի մսացուն. Սիվիլնեթ’