‘
Հողագունդը փոթորկվել է, համայն առաջադեմ մարդկությունը` մոլորվել, գլուխը կորցրել:
Շփոթահար ու կակազելով` բոլորը միմյանց հարց են տալիս.
-Էս ո՞նց պատահեց ախը՛ր, էս ո՞նց, ո՞նց, ո՞նց… Էդ ո՞վ դառավ էդ հայ ազգը, որ մեզանից առաջ ընկավ: Ուրեմն մենք ժողովրդավարություն հաստատենք, հավեսով ապրենք էդ ժողովրդավարական երկրներում, ու մեկ էլ` էդ հանճարեղ գաղափարը ինչ-որ մի Հայաստանու՞մ ծնվի, որն էնքան փոքր է` քարտեզի վրա մանրադիտակով ենք փնտրում ու գտնում: Չըլնի՞` իրոք էդ ազգն ընտրյալ է ու համաշխարհային, մենք էլ սենց` էշի ականջում քնել-մնացել ենք:
Միջազգային լրատվամիջոցները թնդում են, գերտերությունների առաջին դեմքերի հեռախոսալարերն ամոթից կաս-կարմիր են կտրել: Օբաման ասում է` էս մեր ընդդիմադիրները թափելու բան են, Մերկելը չանչ է անում իրենց ընդդիմության վրա ու ասում` թաղեմ ձեր դմբո բոյը, Օլանդը ասել է` որ ինձ զանգող լինի, ասեք` լողանում եմ, Պուտինը խորամանկ ժպտում է…
Ի՞նչ է պատահել` կասեք: Բան էլ չէ: Էդ չտես, կյանքից բան չհասկացող պետությունները պատրաստ են ամեն ախմախ բանից աչքները կլորացնել ու զարմանալ: Իսկ հայերիս զարմացնողը դեռ չի ծնվել ու դեռ նույնիսկ չի հասցրել ծառից ծառ թռչկոտել: Ընդամենը մեր «հզորագույն» ընդդիմություններից մինը հայտարարել է, որ այսուհետ ճակատը բաց ու անձնազոհաբար պայքարելու է մի շատ թույլ, իրենից բան չներկայացնող, հայ-հայը գնացած, վայ-վայը մնացած մի թույլիիիիկ, բայց շաաաաատ վտանգավոր ընդդիմության դեմ, իսկ էն մնացած «հզորագույն» ընդդիմություններն էլ ասել են` ու՜խ, արա՛, տղա յա է՛, տղա:
Միջազգային լրատվամիջոցներն իրար հերթ չտալով հաղորդում են, որ Հայաստանում «մե խինդ, մե ուրախություն» է տիրում, ապագայի հանդեպ լավատեսությունը ծովից ծով է դարձել, ոգեւորության ալիքն էլ` իններորդից էլ դենը: «Հզորագույն» ընդդիմությունները շուտով հավաքվելու են իրար գլխի ու գահընկեց են անելու էն շատ թույլիկ, բայց շաաաատ վտանգավոր ընդդիմությանը, ու Հայաստանում սկսվելու է Ոսկե դարը` Սերժիկ Սարգսյանի գլխավորությամբ եւ «հզորագույն» ընդդիմությունների աջակցությամբ:
Նոբելյան մրցանակը շուտով «տղայա է՜, տղա»-յի դուռն էլ կբախի: Եթե չբախի, ուրեմն` էլի հայի բախտ է, ու ոչ ոք մեզ չի սիրում:
Բայց մի՞թե դա է կարեւորը: Կարեւորն այն է, որ առաջադեմ եւ բթամիտ մարդկությունը կհասկանա վերջապես, որ ինքը մինչեւ հիմա գնացել է շատ սխալ ճանապարհով, եւ որ «հզորագույն» ընդդիմությունը ոչ թե նրա համար է, որ էշ-էշ պայքարի հանցագործ իշխանությունների դեմ, այլ իր ողջ ներուժը կենտրոնացնի ընդդեմ շաաաատ վտանգավոր ընդդիմության, որը, պատկերացնու՞մ եք` ինչպիսի չլսված-չտեսնված խայտառակություն, պայքարում է էդ հանցագործ իշխանությունների դեմ:
…Էն ո՞վ ասաց ապագա Նոբելյան մրցանակակրին` и тебя вылечат (քեզ էլ կբուժեն):
Էս ինչքան նախանձ ու չկամ մարդ կա էս ազգի մեջ, չի կարելի չէ՞: Ա՛յ, դրա համար էլ մեր մեկը երկուս չի դառնում:
‘