‘
Ինչպե՞ս ապրեն աղքատ մարդիկ մինչ իշխանության խոստացած պայմանների ստեղծումը։ Լրագրողի «հռետորական» (բնորոշումը Վարդան Արամյանինն է) հարցը մոտավորապես սա էր։
Ֆինանսների նախարար Վարդան Արամյանն իր «թեզն» արդեն ասել է, թե՝ ինչպես։ Ասել է, բայց դե էս մեր աղքատներն էլ շատ անհամբեր են ախր, լա՛վ, ինչ եք ուզում, «թեզն» արդեն ասել է, մի քսան-երեսուն տարի էլ դիմացեք։
Չէ, չեն սպասում, ուզում են հենց այսօ՛ր ապրել, չեն ուզում կիսաքաղց մեռնել։
Ի՞նչ անի նախարարը, իր «թեզն» ասի՞, թե փող տպի աղքատների համար։
Լավ, «փող տպենք եւ գումարները բաժանենք»՝ բարձրաձայն մտատանջվում է նախարար Արամյանը։
«Բայց եթե փող տպեցինք, գումարները բաժանեցինք, մյուս օրն ի՞նչ են անելու», — «հռետորական» (այս բնորոշումն էլ իմն է) հարց է տալիս թեզիմաց նախարարը։
Վա՛հ, պարոն նախարա՞ր։
Դուք փողը տպեք ու բաժանեք, ձեր գործը չի, թե ինչ կանեն։ Մեկը պարտքերը կփակի, հետո կգնա ընտանիքի հետ ռեստորանում կնշի, որ գլուխն ազատեց պարտատերերի հետապնդումներից։ Մյուսը գրավ դրած տունը ետ կստանա «ողջ ու առողջ» ու կթռչի Դուբայում տժժալու։ Սիրուհու հետ, բնականաբար։ Երրորդն իր երեխաների համար հագուստ ու շոկոլադ կգնի, ավտոմեքենան էլ վերադիր ու Վրաստանի փոխարեն Հայաստանում կհանգստանա։ Ընտանյոք հանդերձ։ Չորրորդն էլ կազինո կգնա ու մինչեւ վերջին լուման տանուլ կտա։
Իշխանավորներդ ի՞նչ եք անում ձեզ համար «տպած» փողը։ Վայելում եք, չէ՞, ըստ ձեր ճաշակի ու ստամոքսի մեծության։ Դե, աղքատներն էլ նույնը կանեն։ Ձեզ թվում է, պարոն Վարդան Արամյան, աղքատները իշխանավորներիդ նման չեն ապրում, որովհետեւ փող ծախսելու ձեւը չգիտե՞ն, թե՞ չալաղաջից ալերգիա ունեն։
Դուք տպեք կամ ձեր արդեն տպած ու ժողովրդից գողացած փողը բաժանեք աղքատներին, ու մինչեւ իրենք կհասցնեն ծախսել, էդ ընթացքում շարունակեք «ասել ձեր թեզը»։
Ձեռի հետ էլ թեզիսներ գրեք։
Որ պետք եղած ժամանակ ասեք։
‘