‘Լիզա Ճաղարյան. Թեւանի հույսը թեւաթափ եղավ’

7786

Կուսակցական առուծախի տառապյալ (Շիրազը կասեր՝ «գինետան բաժակի նման ձեռքից ձեռք անցնող») պորտֆելներից մեկը՝ կրթության եւ գիտության նախարարի պաշտոնը, նորից-կրկին-վերստին ստանալուց հետո դաշնակցական ընկեր Լեւոն Մկրտչյանը բառացիորեն հայտարարել էր. «Պետք է կրթական համակարգն իսկապես ապակուսակցականացնել»։

Իսկապե՞ս։ Դաշնակցական նախարա՞րն է ասել սա։ Հենց ա՛յն կուսակցության կարկառուն ներկայացուցիչը, որի «թեթեւ ձեռքով» դասագրքերում վերաձեւվել ու փինաչիաբար կարկատվել է Հայաստանի նորագույն պատմությունը, առանց չափազանցության՝ լկտիաբար եւ անամոթաբար, եւ ըստ այդ կարուձեւի՝ ով ասես (բնականաբար՝ դաշնակներն ամենաշատը) մասնակցել է Հայաստանի անկախացման գործին, բացի իրական առաջնորդներից։

Թվում էր, բուհերի ապակուսակցականացման անհրաժեշտության մասին ընկեր նախարարի այս հայտարարությունը բոլորի քմծիծաղն է շարժել։ Առնվազն։ Եթե ոչ՝ հոմերական ծիծաղը։ Պարզվում է՝ ոչ։ Պարզվում է՝ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը հանկարծակիի է եկել։ Ինքը, հասկանում եք, էլի՛, բուհերի խորհուրդներն ապաքաղաքականացնելու մասին օրենսդրական նախագիծ է ներկայացրել, եւ քանի որ՝ իր իսկ խոստովանությամբ՝ «նախարարի այդ խոսքերն իր համար հուսադրող էին», ծիածանափայլ հույս է տածել, որ ընկեր նախարարը «Մահ կամ ապակուսակցականացում» բղավելով՝ կրծքով պաշտպանելու է Թեւան Պողոսյանի ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունը։

Ու մեկ էլ հանկարծ, պատկերացնու՞մ եք, պարզվել է, որ կրթական համակարգն «իսկապես» ապակուսակցականացնել պատրաստվող Մկրտչյան Լեւոնն այսօր պաշտոնապես եւ ի խորոց սրտի հավանել է կառավարության եզրակացությունը, ըստ որի՝ խանդավառված պատգամավորի նախագծին բացասական գնահատական է տրվել։ Այսինքն՝ մերժվել է։

Եվ ընդդիմադիր կուսակցության ցուցակով Ազգային ժողովում հայտնված, Սերժիկ Սարգսյանին հավատարմության երդում տված ու մի քանի պորտֆել փախցրած դաշնակցության ներկայացուցչի երկերեսանիության շա՛տ անսպասելի փաստը Թեւան Պողոսյանի յոթգույնանի հույսը դաժանորեն ոչնչացրել է։

Ճիշտն ասած, սա այն հերթական դեպքերից է, երբ մտածում ես՝ հիմա երկերեսանին, երեսպաշտը, կեղծավորը դաշնակ նախարա՞րն է, թե՞ նրան հավատ ընծայող՝ ինքն իրեն «ընդդիմադիր» հորջորջողը։

Ի դեպ, հիշեցնեմ, որ Թեւան Պողոսյանը միակ «ընդդիմադիրը» չէ Ազգային ժողովում, որ ժամանակ առ ժամանակ հուսավառ հայացքը հառում դեպի Սերժիկ Սարգսյանի ավազակախմբի այս կամ անդամի կողմը։

Իսկ թե ինչ ակնկալիքներով, հասարակությունը վաղուց գիտի։

Նախորդ հոդվածը‘Պաշտպանները պահանջում են Գասպարիի հանդեպ դատահոգեբուժական փորձաքննություն չիրականացնել ‘
Հաջորդ հոդվածը‘Վթարային ջրանջատում Նոր Նորքում ‘