‘Լիզա Ճաղարյան. Թե ինչ է պատահում, երբ հասարակությունը հանդուրժում է «նախիր» իշխանությանը’

7163

«Է՞ս ինչ նախիր ա»,- այսօր Ազգային ժողովում ասել է Թոխմախի Մհերը։ «Նախիր» ասելով՝ այս քրեական տարրը նկատի չի ունեցել իր կուսակից հանրապետականներին։ Եթե սրանց նկատի ունենար, անկասկած՝ իր գորշ ու գաղջ կյանքում առաջին անգամ օվացիաների կարժանանար։ Օվացիաների հեղինակն էլ ողջ հայ ժողովուրդը կլիներ, բացի «նախրից»։

Բայց՝ չէ։ Թոխմախի Մհերի աչքին «նախրի» կերպարանքով լրագրողների խումբն է երեւութացել, ա՛յն լրագրողների խումբը, որը հավատարմագրված է Ազգային ժողովում՝ Հայաստանի խորհրդարանի աշխատանքը լուսաբանելու համար։

Ա՛յն խորհրդարանի, որն ապագայում, ըստ նոր Սահմանադրության, վճռելու է Հայաստանի ճակատագիրը։ Իշխող կուսակցության առաջնորդությամբ։ Հենց այն կուսակցության, որի անդամն է ԱԺ պատգամավոր Թոխմախի Մհերը, մնացած անդամներն են նաեւ Սեյրան Օհանյանին «բան ասողներին» բռնաբարելու պատրաստակամություն հայտնած Շմայսը, ոչ անհայտ գեներալները եւ բազմաթիվ այլեւայլ լուսապայծառ դեմքեր ու ինտելեկտուալներ։ Սա հենց ա՛յն Մհերն է, որի արժանահիշատակ զրույցը լրագրողների հետ՝ նրա արցունքախառն «ասք»-ն էր իր ազիզ ու հալալ ընկերներ «զակոննի գողերի» մասին։

Ու զարմանալի բան չկա, որ Թոխմախի Մհերը լրագրողներին «նախիր» է ասել։ Ավելի լավ է զարմանանք, որ չի հարձակվել «նախրի» վրա, չի քացահարել, ատրճանակ չի հանել ու կրակել, Շմայսին էլ օգնության չի կանչել, որ կողքից «մանԴրից» բռնաբարի։

Լրագրողները գուցեեւ դիմեն ԱԺ էթիկայի հանձնաժողովին, էս հանձնաժողովի անդամներն էլ գուցե նստոտեն իրար կողքի ու լուրջ, մտախոհ դեմքերով քԸնԸնեն Թոխմախի Մհերի վարքը։ Հետո՞։ Հետո Թոխմախի Մհերն էլ, ինչպես Շմայսն այսօր՝ ուրիշի փոխարեն քվեարկելու համար իր հարցը էթիկայի հանձնաժողովում լսելուց հետո լրագրողներին ասել է. «Ոնց ուզում եմ, ըտենց եմ անում», կասի՝ ոնց ուզում եմ, ըտենց եմ անում. Շմայսից պակա՞ս «լյավ» տղա է։

Եվ որ, այսպես կոչված՝ նոր ու «փրկարար» սահմանադրության սերժիկյան հովանու ներքո այս նույն քրեական տարրերը, որոնք մաշտոցյան այբուբենով միայն խորհրդարանի իրենց հատկացված կոճակի վրայի «այո»-ն ու «ոչ»-ը կակազելով կարդալ գիտեն, ամեն գնով նորից խցկվելու են Ազգային ժողով, եւ որ Սերժիկ Սարգսյանը չի համարձակվելու սրանց առաջ դուռ փակել, որովհետեւ առանց սրանց ինքը ոչինչ է՝ զրո՛, վաղուց հայտնի է բոլորին։

Էս է, ժողովուրդ։ Սա մեր ունեցած իշխող կուսակցությունն է, ժողովուրդ։ Չեմ ասի, որ մենք վաստակել ենք սա, բայց որ հանդուրժում ենք՝ դառնալեղի փաստ է։

Դե, իրենք էլ «ոնց ուզում են, ըտենց էլ անում են»։ 

  

Նախորդ հոդվածը‘Խաղամոլի նոթեր. Ռեգբին՝ ծայրահեղությունների խաղ’
Հաջորդ հոդվածը‘Գորբաչովը Միխալկովին խորհուրդ է տվել չխցկվել քաղաքականության մեջ’