‘Լիզա Ճաղարյան. Իմ ճանաչած Կարեն Ջանիբեկյանը’

4190

Հեռուստառադիոպետկոմի ռեժիսորները վախենում էին աշխատել նրա հետ, բայց եւ` ձեռ չէին քաշում նրանից: Վախենում էին, որովհետեւ Կարենն անկանխատեսելի էր. եթե ինչ-որ բան իր սրտով չէր, նկարահանման ամենաթեժ պահին թեժից ավելի թեժ ժայթքում էր նրա զայրույթը, ու Կարենը թողնում գնում էր` շվարած թողնելով ողջ ստեղծագործական կազմին:

Հեռուստաթատրոնում մեկուկես-երկու եւ ավելի ժամ տեւողությամբ ներկայացման նկարահանման համար մի խղճուկ շաբաթ էր տրվում` սահմանափակ ժամերով, եւ այստեղ յուրաքանչյուր րոպեն ոսկու գին ուներ, եւ այսպիսի սուղ պայմաններում ստեղծագործող ռեժիսորների համար խաղաղությունն անփոխարինելի գանձ էր:

Բայց Կարենն էլ էր գանձ, ու ռեժիսորները` Կարենի անկանխատեսելիությունն աչքի առաջ ունենալով, միեւնույնն է` ձեռ չէին քաշում նրանից: Որովհետեւ իրենց ստեղծագործության հաջողության առանցքային գրավականներից էին համարում նրա ներկայությունը:

Այդպես էր, չափազանցություն չկա ասածիս մեջ:

Չափազանցություն չէ նաեւ, որ յուրաքանչյուր բեմադրությունից առաջ` Կարեն Ջանիբեկյանին հրավիրելու քաջարի որոշումից հետո ողջ ստեղծագործական կազմը մտքում կամ բարձրաձայն «աղոթում էր», որ մինչեւ նկարահանման ավարտը Կարենը չբարկանա ու դուռը չշրխկացնի իր հետեւից:

Նման բան քիչ էր պատահում, որքան էլ Կարենին սիրաշահեին ու գուրգուրեին: Զայրանալու պատճառ գրեթե միշտ գտնում էր:

Հետո, իհարկե, խնդրում էին, համոզում էին` վերադառնում էր: Հետո, իհարկե, նկարահանումներն ավարտվում էին, եւ ներկայացման ամենահաջողված դերակատարումը կամ դերակատարումներից մեկն անպայման Կարենինն էր լինում:

Այսպես:

…Կարեն Ջանիբեկյանի մարմնավորած իմ ամենասիրելի կերպարը` Կառլեն Վարժապետյանի բեմադրությամբ` Հրանտ Մաթեւոսյանի «Չեզոք գոտի» պիեսի Տեր Հայրն էր: Կառլենը շատ ջանք թափեց Կարենի համաձայնությունը կորզելու համար: Այս անգամ Կարենն էր վախենում: Վախենում էր Հրանտի տեքստից: Ռուսական կրթություն ուներ, տեքստ սովորել էլ չէր սիրում ու ասում էր` չէ՛, չեմ կարող սովորել էդ տեքստը, շատ դժվար է: Ասում էր` էդ բառերի կեսը չեմ հասկանում: Կառլենը համոզեց: Եթե չհամոզեր, որքան էլ սիրում էր «Չեզոք գոտին» եւ բազմաթիվ արգելքներ էր հաղթահարել` բեմադրելու թույլտվությունն ստանալու համար, առանց Կարենի չէր բեմադրի, որովհետեւ իր տեսած ու պատկերացրած Տեր Հայրը Կարենն էր, ուրիշ ոչ մեկի չէր տեսնում էդ «ցնդած տերտերի» դերում:

Գուցե իր մարմնավորած կերպարներից էլի են եղել, որոնց Կարեն Ջանիբեկյանը սիրել է նույնքան կամ ավելի, բայց ինքս ինչ տեսել եմ, դրա մասին եմ պատմում: Կարենը երեխայի նման սիրեց Հրանտի այս կերպարին, սիրեց Հրանտի Բառը, Կառլենի պաշտամունքը Հրանտի Բառի նկատմամբ, միշտ ասում էր` շնորհակալ է Կառլենին, որ համոզեց…

Ու մեր թատերարվեստը Տեր Հայր ունեցավ, որին այնքան սիրեցի, որ նույնացրի Կարենի հետ ու մինչեւ հիմա նույնացնում եմ:

Եվ ինչու՞ եմ հավատում, որ Կարենը գնաց Հրանտին ու Կառլենին միանալու:

Չգիտեմ:

Բարի ճանապարհ, խենթուխելառ սիրելի Կարեն…

  

Նախորդ հոդվածը‘ԶԼՄ-ներ. Վիկտոր Յանուկովիչի որդին խեղդվել է Բայկալ լճում’
Հաջորդ հոդվածը‘ԼՂՀ ՊԲ. Հակառակորդի կողմն է անցել ՊԲ զինծառայող ‘