‘
Հաց Բերողի գովերգումներին չեմ մասնակցել։
Քաղաքական գործիչներն ու կուսակցությունները խլխլում էին իրար ձեռքից մի բարի, շատ բարի մարդու, ու այդ համատարած ներբողների, բաժակաճառերի, ժխորի մեջ ասելիքս կոկորդումս էր մնում։
Որովհետեւ իմ տեսածով ու իմ զգացածով՝ աղմկողների մեծամասնությունը բարձրաձայնում էին, որ Հաց Բերողին են անմահացնում, բայց նրա անունը շահարկելով՝ իրենց էին արժեւորում։ Իրենց արժեւորելով՝ արժեզրկում էին Հաց Բերողին։ Իսկ արժեզրկում էին այսպես՝ մեր ընտյալներն արժանի էին Հաց Բերողի անձնազոհությանը, դե՝ նա էլ իր կյանքը վտանգեց հանուն մեր ընտրյալների։
Գուցե այդպես էլ եղե՞լ է, ես չգիտեմ։
Բայց մի բան հաստատ գիտեմ. մարդուն «լեգենդ» հռչակելու, նրան անմահացնելու ավելի ազնիվ ու կարճ ճանապարհ կա՝ չկարեւորել, չընդգծել, չթմբկահարել, թե ինչ քաղաքական ուժի ներկայացուցիչների է հաց հասցրել Արթուր Սարգսյանը։ Այդ բարի, շատ բարի մարդու մեջ տեսնել բոլոր քաղցածներին, ցանկացա՛ծ քաղցածի օգնության հասնողի։ Եթե նույնիսկ քաղցից հյուծվող այդ մարդիկ «ազգի փրկիչներ» չեն, ցուցարարներին ծեծող ոստիկաններ են, կրկնահանցագործներ են, եթե նույնիսկ հակառակորդ բանակի զինաթափված զինվորներ են։ Եթե նույնիսկ այդ սովահարները ՀՀԿ ղեկավարն ու իր մանկլավիկներն են։
Իմ պատկերացրած Հաց Բերողը, իմ լեգենդի հերոսը նրա՛նց էլ հաց կհասցներ։
Իմ պատկերացրած Հաց Բերողը, իմ լեգենդի հերոսը չէր երազել կռվածաղիկ դառնալ քաղաքական շահարկումների զոհասեղանին։
Ես թույլ չէի տա, որ իմ պատկերացրած Հաց Բերողի, իմ լեգենդի հերոսի մահը ճղճիմ հաշվեհարդարի առիթ դարձնեին զանազան «պալատ»-ների ու «պալատ»-ներին կցված մանկլավիկներ, իրենց «ընդդիմություն» հռչակած հոգեգարներ, եւ մարդասպան իշխանությունը հաճույքից հալվեր, որ ոչ միայն սպանեց Հաց Բերողին ու անպատիժ մնաց, այլեւ շարունակում է քաղել սպանության «պտուղները»։
Իսկ քանի որ թույլ տալու կամ թույլ չտալու զորություն չունեմ, լուռ նայում եմ, թե ոնց են բզկտում Հաց Բերողի հյուծված մարմինն ու հոգին։
Ու սպասում եմ այն օրվան, երբ կմոռանան, թե հատկապես ու՛մ հաց հասցրեց Հաց Բերողը։
Հենց դադարեն թմբկահարել, թե Արթուր Սարգսյանի հացին սպասողներն ովքեր էին՝ հերոս, փրկիչ, թե պարզապես լավ մարդ կամ շատ վատ մարդ, դրանից հետո լեգենդը կսկսի հյուսվել։
Լեգենդը կընձյուղվի, երբ սկսեն Հաց Բերող մարդու տեսակով հիանալ, ոչ թե այդ տեսակի մեջ իրենց արտացոլանքով։
Արթուր Սարգսյանը լեգենդ կդառնա, երբ սկսենք գիտակցել, որ այդ հացը բերել էր բոլորի՛ս համար։
‘