‘Լիզա Ճաղարյան. Ինչը եւ սպասվում էր’

3763

Ըստ Սահմանադրական դատարանի մամուլի ծառայության այսօր տարածած հայտարարության՝ «ՀՀ Սահմանադրությամբ, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքով, «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքով եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքով սահմանված կարգով ու ժամկետներում ՀՀ սահմանադրական դատարանը 2015 թվականի դեկտեմբերի 6-ի հանրաքվեի արդյունքների հետ կապված վեճով ՀՀ Սահմադրությամբ եւ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքով նախատեսված համապատասխան իրավասու սուբյեկտների կողմից դիմում չի ստացել»։

Իսկ Հայաստանի քաղաքացիները դեկտեմբերի 18-ին ճիշտ հակառակը տեսան ու լսեցին ԶԼՄ-ների տարածած տեսանյութի մեջ։ Տեսան ու լսեցին, թե ինչպես էր մինչեւ ուղնուծուծն իրեն խայտառակած այս «կանտորայի» աշխատակազմի ղեկավարը ստում, ծռմռվում, կուչուձիգ գալիս, անհեթեթ պատճառաբանություններով «հիմնավորում», թե ինչու չի վերցնում, ի դեպ՝ ոչ թե դիմումը, այլ՝ դիմումները, Տիգրան Եգորյանից։ Տեսան ու լսեցին նաեւ, թե ինչ ողորմելի ու վախեցած էին շենքը պահպանող ոստիկանները (սրանք «առյուծ» են կտրում միմիայն խաղաղ ցուցարարների նկատմամբ՝ վաղուց գիտենք)։ Տեսան, թե ինչպես էին ՍԴ-ի աշխատակիցներն ուղղակիորեն ճողոպրում շենքից, որ հանկարծ որեւէ լրագրող նրանց «անհարմար» հարցեր չտա։ Տեսան, թե այս աշխատակիցներից ոմանք ինչպես էին պատի հետեւից ծիկրակում գող կատվի նման ու նորից թաքնվում։ Եվ տեսան, որ «խայտառակություն» ասվածը վերջ չի ունենում։ Հայաստանի սահմանադրական դատարանի եւ սրանց տերերի համար՝ հաստատ։ Ամեն անգամ թվում է՝ սրանից ավելի է՞լ ինչ կարող են անել՝ գետինը մտնելու փոխարեն, մեկ էլ պարզվում է՝ կարող են եւ դեռ էլի կկարողանան, քանի դեռ շարունակում ենք հանդուրժել սրանց։

Իսկ Սահմանադրական դատարանի ընդունարանում կատարվածը խայտառակ հանրաքվեի մանրակերտն էր ընդամենը։

Հայաստանի քաղաքացիները հանրաքվեի օրը տեսան համատարած  ընտրախախտումներ, ընտրակաշառքներ, լցոնումներ, թաղային թափթփուկների հարձակումներ լրագրողների, ազատ ու արդար ընտրության պաշտպանների նկատմամբ, այս ամենից հետո՝ ի սարսափ Բաղրամյան 26-ի զավթիչի, ընտրատեղամասերում հաշվարկների ժամանակ պարզվեց, որ «Ոչ»-ը ակնհայտորեն գերազանցում է «Այո»-ին, իսկ հետո՝ այս թվերը հասան Կենտրոնական ընտրական հանձնաժողով, ու մեկ էլ հեռուստաէկրանին հայտնվեցին մուկուչյանները, եւ այս նույն Հայաստանի քաղաքացիները լսեցին, որ իրենց թվացել է, թե «Ոչ»-ն է գերակշռում։ Հետո էշարմազանովները «պոզաներ» ընդունեցին հեռուստախցիկների առջեւ եւ մի շարք օրենքներ մատնացույց անելով՝ հայտարարեցին, որ այս երկրի քաղաքացիները գիշերները չէին քնում, հաց չէին ուտում, ջուր չէին խմում, այլ միայն երազում էին, թե երբ է վերջապես Հայաստանը խորհրդարանական պետություն դառնալու, որ երկնքից երեք խնձոր ընկնի, ու Շվեյցարիան նախանձից պայթի, որ ինքը միամիտ-միամիտ իր երկիրը դրախտավայր է դարձրել, ու հանկարծ կորած-մոլորած մի փոքրիկ երկրից ձայն հնչեց՝ դրախտն էստեղ է, ձեզ մի քիչ համեստ պահեք։

Այնպես որ՝ հիմա հայաստանցին միայն մի չնչին խնդիր ունի լուծելու. ոնց անի, որ իր անձնագիրը բարով-խերով տա Լֆիկին, որ Ամանորի սեղանն առատ լինի, դիմացն էլ՝ Արարատը լինի։

     

Նախորդ հոդվածը‘Սպասվում է առանց տեղումների եղանակ’
Հաջորդ հոդվածը‘Վթարային ջրանջատում Էրեբունիում’