‘Լիզա Ճաղարյան. Ինչի՞ սիմվոլ է «նախագա» Վազգեն Մանուկյանը’

5051

«-Իսկ ինչու՞ եք բացառում, որ ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը ու «Ժառանգությունը» կարող են այդ լճացումից երկիրը դուրս բերել:

-Ես չեմ ուզում մարդկանց մասին անձնական գնահատականներ տալ: Բայց դուք ինքներդ մի օր սուրճը վերցրեք, խմեք ու նայելով առաստաղին` մտածեք, թե երեքով ի՞նչ փոփոխություն պետք է անեն, ընտրությունները պետք է դառնան արդա՞ր, թե՞ կոռուպցիան պետք է չլինի, ի՞նչը պետք է փոխվի այս պետության ներսում: Այդ ինչի՞ սիմվոլներ են, այ, դրանք»:

Ի՞նչ եք կարծում, ո՞վ է լրագրողի զրուցակիցը: Երևի կասեք` որևէ «ընդդիմության ընդդիմադիր», որը երբևէ իշխանության ղեկին կամ նույնիսկ ստորին օղակներում չի եղել և անկեղծորեն հավատում է, որ եթե ինքը ղեկավարի Հայաստանը, ապա անպայման արդարությունը կհաղթի, և կոռուպցիան կվերանա: Կամ կմտածեք` լրագրողի զրուցակիցը որևէ սրտնեղած Հայաստանի քաղաքացի է, որն այլևս ոչ մեկի չի հավատում, մինչև կոկորդը զզված է մեր իրականությունից ու պատրաստվում է քոչը կապել ու հեռանալ Հայաստանից: Կամ էլ` իշխանավոր է, օրինակ` Էդիկ Շարմազանովը կամ Գալուստ Սահակյանը:

Կամաց-կամաց մոտենում ենք:

Կամ էլ` հանցագործ իշխանությունների գրպանից սնվող մակաբույծ է:

Տեղ հասանք:

Սերժիկ Սարգսյանին կից Հանրային խորհրդի «նախագա» Վազգեն Մանուկյանն է «Ժողովուրդ» թերթի լրագրողի հետ զրույցում վերոգրյալ դատողություններն արտանետել գաղջ մթնոլորտ:

Ո՞վ է այս մարդը: Հիմա հիշեցնեմ: Սա հենց այն մարդն է, որը նորանկախ Հայաստանում հիմնաքարը դրեց այն գարշելի վարակի, որն այժմ պատել է Հայաստանի ողջ երկնակամարը: Վազգեն Մանուկյանն էր առաջինը, որ թշնամացավ իր պայքարի ընկերների հետ միայն այն պատճառով, որ նրանք նախընտրեցին նախագահի, այն ժամանակ դեռ` Գերագույն խորհրդի նախագահի թեկնածու տեսնել Լևոն Տեր-Պետրոսյանին: Գուցե այս պարոնն իրո՛ք անկեղծորեն հավատում էր, թե ի՛նքն է հենց այն միակը, որը Հայաստանն առած իր հզոր ուսերին` տանելու էր դեպի լուսապայծառ ապագա: Դատապարտելի չէ. թող որքան սիրտն ուզում է` հավատար: Բայց արդար ընտրությունների ջատագով այս պարոնը, կարծես, հանուն առաջին դողդոջ քայլերն անող անկախ Հայաստանի` պետք է իր վառված սրտի վրա մոխիր ցաներ ու կանգներ Լևոն Տեր-Պետրոսյանի կողքին, ինչպես տարիներ շարունակ կանգնած էր Ազատության հրապարակի հարթակում` 88-ից ի վեր, քանի որ իր զինակիցներն արդա՛ր ընտրությամբ որոշել էին, որ մեր նորագույն պատմության այդ հանգրվանում Լևոն Տեր-Պետրոսյանն ամենաարժանի թեկնածուն է:

Այսօրվա պես հիշում եմ և երբեք չեմ մոռանա Գերագույն խորհրդի դահլիճում Վազգեն Մանուկյանի և նրա կողմնակիցների ջղակծկումները, ընդդեմ Լևոն Տեր-Պետրոսյանի թեկնածության` ինչ-որ տարօրինակ, չհիմնավորված ու չպատճառաբանված թեկնածուների առաջադրումը, կուլիսային հիստերիկ բացականչությունները: Իսկ այդ ժամանակ խնդիրը մեկն էր. կար կոմունիստական կուսակցություն, և կար Հայոց համազգային շարժում: Եթե պարտվեր Լևոն Տեր-Պետրոսյանը, ուրեմն` պարտվում էր նաև այն Շարժումը, որի առաջամարտիկներից էր այս նույն Վազգեն Մանուկյանը, ավելին` հաղթում էր այն թևը, որը դեմ էր Հայաստանի անկախությանը: Ահա՛ այս ճակատագրական ճամփաբաժանին էր, որ Մանուկյան Վազգենի «նախագա» դառնալու ցանկությունը հաղթեց անկախության առաջամարտիկի «դարավոր երազանքին»` տեսնել Հայաստանի անկախությունն ու նոր մեռնել:

Այստեղից էլ սկսվեց «Ղարաբաղ» կոմիտեի «կոորդինատորի» (հենց իր` Վազգեն Մանուկյանի չարչրկած բառն է սա) ամոթալի գահավիժումը: Շատերն են հաճույքով մոռացել, իսկ ես երբեք չեմ մոռանա, թե որքան ջանք թափեց հե՛նց այս նույն Վազգեն Մանուկյանի ու իր, այսպես կոչված, կողմնակիցների ջանքերով (կոմունիստների հետ ուս ուսի)` մեծ դժվարությամբ Գերագույն խորհրդի նախագահ, հետագայում` հասարակության շռնդալից կամքով ՀՀ նախագահ ընտրված Լևոն Տեր-Պետրոսյանը` հե՛նց այս նույն Վազգեն Մանուկյանի «խոր վերքը» սպիացնելու համար: Վարչապետ նշանակեց, տվեց առավե՛լ մեծ արտոնություններ, քան ինքն ուներ: Վազգեն Մանուկյանն էլ «շանտղություն» չարեց. լիուլի օգտվեց իր արտոնություններից և ինչքան թղթախաղի ընկեր ուներ` խցկեց կառավարություն: Դրանցից մեկն էլ նամարդություն չարեց. որպես նախարար մեկնեց արտասահման ու այլևս չվերադարձավ:

Երևի չարժե հիշեցնել, որ այս նույն Վազգեն Մանուկյանն էր, որ իր խմբակով Հայոց համազգային շարժման պառակտման հիմքը դրեց, ստեղծեց ԱԺՄ կուսակցություն, որի վերջն է՛լ հիշողներ կլինեն. իրար երես ճանկռտելով` կուսակիցներն սկսեցին խլխլել ԱԺՄ-ի կնիքը, հետո այս կուսակցությունն էլ բաժանվեց մի քանի կուսակցության, հետո այս կուսակցությունների ղեկավարներն արդարության, ազատության ու սրանց նման լավ-լավ բաների մասին ճամարտակեցին-ճամարտակեցին, և հենց Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց, դրանից հետո արդարության մասին էլ մոռացան, ազատության մասին էլ, սրանց նման լավ-լավ բաների մասին էլ, ու հիմա նրանք որտե՞ղ են… Շատ ճիշտ եք. հանցագործ Սերժիկ Սարգսյանի «բարձր հովանու ներքո» քուջուջ են անում, գլուխները պահում:

Մինչ քուջուջի երանելի ժամանակները, սակայն, Վազգեն Մանուկյանն, այնուամենայնիվ, փորձեց «նախագա» դառնալ: Իրո՛ք, ծանրագույն շրջան էր, իրո՛ք, ետպատերազմյան Հայաստանում դժգոհները շատ էին, իրո՛ք Վազգեն Մանուկյանին հաջողվեց այդ դժգոհության ալիքի վրա բազմամարդ հանրահավաքի «կոորդինատոր» դառնալ: Ու «կոորդինացրեց»: Բորբոքված հասարակությանն առաջնորդեց դեպի Ազգային ժողով, կասկածելի դյուրությամբ ԱԺ դարպասը բացվեց նրանց առաջ, ԱԺ շենքի դիմաց մի քանի տասնյակ երիտասարդ ոստիկաններ էին կանգնած, որոնց ձեռքին նույնիսկ մահակներ չկային, և ազատության ու արդարության համար պայքարող Վազգեն Մանուկյանի կողմնակիցները մտան ԱԺ, ջարդեցին-փշրեցին Հայաստանի Ազգային ժողովի`մեծ դժվարությամբ ձեռք բերված համակարգիչներն ու գույքը, «չորրորդ խոսափող» Արշակ Սադոյանի ուղղորդմամբ ծեծեցին ԱԺ նախագահին ու փոխնախագահին, ու մինչ օրս վայնասուն են բարձրացնում` հենց առիթ է լինում, թե՝ ոնց համարձակվեցին իշխանություններն այդ իրավիճակում օդ կրակել:

Ճիշտ արեցին իշխանությունները, որ օդ կրակեցին, թե ոչ, ավելի լավ կլինե՞ր, որ Վազգեն Մանուկյանին իրենց ուսերին առած` «օվսաննաների» ուղեկցությամբ տանեին ու բազմեցնեին «նախագա»-ի գահին, չգիտեմ:

Միայն մի բան գիտեմ: Այս նույն Վազգեն Մանուկյանը և նրա կոկորդ ճղող «ազրեիլները» խոնարհ հարսներ են այսօր և ո՛չ ցնցվում են, ո՛չ կապտում-կանաչում ու դեղնում այն ակնհայտ փաստից, որ իրենց կերակրող Սերժիկ Սարգսյանին ՀՀ նախագահի աթոռին հասցնելու համար օ՛դ չեն կրակել, կրակել են ուղիղ անզեն մարդկանց վրա ու սպանել: Մնացած այլանդակությունների մասին չհիշեցնեմ: Վազգեն Մանուկյանը բոլորիցս լավ գիտի, թե ինչ այլանդակություններ են կատարվում իր թանկագին Բաղրամյան 26-ում և դրա մատույցներում, որովհետև ինքն այդ այլանդակությունների կիզակետում է գտնվում:

… Ու հիմա այս նույն` արդարության պակասի ու կոռուպցիայի առկայության մասին ճամարտակող Վազգեն Մանուկյանի խորհրդով` սուրճը վերցրել եմ, խմում եմ, նայում առաստաղին ու մտածում` ինչի՞ սիմվոլ է, այ, սա` «նախագա» Վազգեն Մանուկյանը:

…Ներեցեք, դաստիարակությունս թույլ չի տալիս բարձրաձայնել, թե ինչի սիմվոլ է:   

Նախորդ հոդվածը‘«Բավարիա»-«Ռոմա». խաղից առաջ’
Հաջորդ հոդվածը‘ՈՒԵՖԱ-ն կարող է պատժել Թուրքիայի «Գալաթասարային»(տեսանյութ)’