‘Լիզա Ճաղարյան. Ինչո՞ւ է հոգուս վիզը ծուռ’

1811

Այսօր Հայոց բանակը 22 տարեկան դարձավ: Սոցցանցերը ողողված են մեր բանակը փառաբանող տեքստեր, նաեւ շնորհավորանքներ` ուղղված ե՛ւ ողջերին, ե՛ւ մեռյալներին:

Հեռուստացույց չեմ միացնում. վստահ եմ, նույն բոցաշունչ տրամադրությունն այնտեղ է իշխում:

Շատ եմ ուզում, որ հպարտությունից հոգիս ուռչի. վերջիվերջո` հանաք բան չէ, ես տարածաշրջանի ամենամարտունակ բանակ ունեցող երկրի քաղաքացի եմ:

Հապա ինչու՞ է հոգուս վիզը ծուռ…

Ո՞ր պահից հպարտությունս գլխիկոր դարձավ:

Այն պահի՞ց, երբ մի քանի «ռոմանտիկ նարկոմաններ», ավտոմատներով զինված, մտան Ազգային ժողով եւ ութ հոգու գնդակահարեցին, որոնցից մեկը հենց այս նույն բանակի Հրամանատարն ու ստեղծողներից էր: Թե՞ այն պահից, երբ հասկացանք, որ «ուչաստկովին» ամեն ինչ անելու է, որ չհայտնաբերվեն այդ նախճիրի պատվիրատուները: Եվ արեց` չհայտնաբերվեցին:

Թե՞ այն պահից, երբ մժեղների պարսն սկսեց պետական մակարդակով` ծախու լրատվամիջոցների միջոցով լկտիաբար աղավաղել պատմությունը եւ վարկաբեկել հաղթանակած բանակի Գերագույն հրամանատարին:

Թե՞ 2008-ի մարտի 1-ից գլխիկոր դարձա… Հենց այն պահից, երբ տարածաշրջանի ամենամարտունակ բանակը, մեր սահմանները հակառակորդի քմահաճույքին թողած, ներխուժեց Հայաստանի մայրաքաղաք` հաշվեհարդար տեսնելու արդարության եւ ազատության համար պայքարող Հայաստանի քաղաքացու հետ:

Իսկ գուցե իմ գլխիկորության պատճառը բանակում` խաղաղ պայմաններում սպանված ու «ինքնասպանված» զինվորների սեւազգեստ մայրերն են, որոնք հավաքվում են Բաղրամյան 26-ի կամ կառավարության շենքի առջեւ, եւ համազգեստավոր «վովիկները» նրանց ծաղրում ու քաշքշում են` իրենց հղփացած շեֆերի յուղոտ անդորրը խախտելու համար:

Գուցե ինձ համակած վա՞խն է պատճառը, որ ահա՛ կարթնանամ առավոտյան, կմիացնեմ համակարգիչն ու կրկին կլսեմ, որ ոմն նեմեցի մարդակերներ կրկին գազանաբար սպանել են մի ռազմաբժշկի կամ մի քանի ռազմաբժիշկներ, բուժելու փոխարեն, խոշտանգել են հիվանդ զինվորի…

Գուցե գլխիկոր եմ, որովհետեւ այս պահին քաղբանտարկյալներ կան Հայաստանում, որոնցից մի քանիսը արցախյան պատերազմի մասնակիցնե՞ր են, իսկ լկտի հանցագործների մի ոհմակ սմբակներով կոխկռճում է երկիրս ու որոշում բանակում ծառայող մեր երեխաների ապրել-չապրելու խնդիրը:

Իսկ գուցե գլխիկոր եմ, որովհետեւ վստահ եմ, որ այս տողերս կարդալուց հետո` մարտնչող տգետների մի խմբակ հարձակվելու՞ է ինձ վրա, թե ոնց եմ համարձակվում այս նվիրական օրով ստվեր գցել մեր բանակի վրա եւ ջուր լցնել թշնամու ջրաղացը:

Չգիտեմ:

Միայն մի բան գիտեմ. տոնական չէ տրամադրությունս, եւ միակ բանը, որ տենդագին պտտվում է ծուռվիզ գլխումս` սա է. «Աստված պահապան քեզ, հայ զինվոր, անփորձանք ծառայիր ու վերադարձիր մորդ գիրկը, տղաս…»:  

Նախորդ հոդվածը‘Կոնգրեսի շնորհավորանքը` Բանակի օրվա կապակցությամբ ‘
Հաջորդ հոդվածը‘Ինչ են գրում արևմտյան լրատվամիջոցները Սոչիի օլիմպիական խաղերից առաջ’