‘Լիզա Ճաղարյան. Ինչքա՞ն կարելի է ասել` կողմնորոշվե՛ք’

1691

Ուկրաինայում ընթացող ողբերգական զարգացումներն  օրեր շարունակ էլեկտրականացրել էին աշխարհը, հայաստանցիներիս էլ`հետը: Թե ինչպես հաղթեցին Մայդանում պայքարողները, քանի մարդ սպանվեց, ու դեռ, Աստված չանի, քանիսը կսպանվեն, եւ դրանից հետո ժողովրդավարության, արդարության ու անկախության համար խաղաղ պայքարողներն իշխանության կհասնեն, թե ծայրահեղ ազգայնականները, որ ապագայի նույն բռնակալներն են` այլ կաղապարի մեջ` անորոշ է: Նաեւ անորոշ է, թե ինչ տհաճ անակնկալներ կմատուցի իր զայրույթը չթաքցնող Ռուսաստանը: Ամեն դեպքում դժվար է չգոհանալ, երբ տեսնում ես, որ իր երկրի քաղաքացիների դեմ զենք հանող հղփացած բռնակալը պատժվում է:

Գոհացանք: Մաղթենք, որ Ուկրաինայում իշխանության հասնեն այն ցուցարարների թեկնածուները, որոնք հակառակորդներին «մորթելու» կոչեր չեն անում, այդ հակառակորդներին սյուներին չեն կապում ու նվաստացնում, այլ նրանք, ովքեր մարդասպաններին ու իրենց` հարուստ ու բարգավաճ լինելու բոլոր հնարավորություններն ունեցող երկիրը թշվառության դուռը հասցրած թալանչիներին կդատեն քաղաքակիրթ աշխարհի օրենքներով, եւ դառնանք մեզ:

 Բնականաբար, Հայաստանում ակտիվորեն համեմատում էին մեր եւ ուկրաինացիների պայքարը: Ոմանք` ովքեր, վստահ եմ, մեր երկրում ընթացող հանրահավաքներին, բողոքի ակցիաներին հետեւել են միայն վարագույրի հետեւից կամ հեռուներից, անմիջապես հիշեցին, որ «մենք ազգ չենք»` ճորտերի հավաքածու ենք: Սրանց ընդհանրապես չարժե անդրադառնալ. Ընդամենն ասեմ, որ սեփական արշինով են չափում ուրիշներին: Ոմանք էլ, ինչպես միշտ, լարեցին իրենց սազերն ընդդեմ Կոնգրեսի առաջնորդի` մենք էլ էինք ուզում ա՛յ էս տեսակ` ուկրաինացիների նման հեղափոխություն անել, բայց Լեւոն Տեր-Պետրոսյանը չթողեց: Բողոքելու ընթացքում, իհարկե, չեն մոռանում շեշտել, որ Ուկրաինայում ոչ մի առաջնորդի չէին լսում, ժողովուրդն էր որոշում` պայքարը շարունակել, թե դադարեցնել, եւ ընդհանրապես` առաջնորդ պետք չէ, առաջնորդների ժամանակներն անցել են:

Անցել են, թե չեն անցել` չեմ վիճարկում. ում խելքը ոնց կտրում է, թող այնպես էլ մտածի (անտեսենք, որ հենց այդ նույն հակաառաջնորդական ուղղության ջատագովներից ոմանք առաջնորդացավի ակնհայտ «ախտանշաններ» ունեն):

Ի՞նչ է ստացվում: Ստացվում է էն նույն անհեթեթությունը, ինչ որ` ղարաբաղյան պատերազմից հետո որոշ ստահակների հայտարարություններն էին այն մասին, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը չէր ուզում Շուշին գրավեինք, ու ընդհանրապես մեր հաղթանակի հետ Հայաստանի առաջին նախագահը կապ չուներ, եւ սրան զուգահեռ` նվնվոցները, թե` ուզում էինք Բաքուն էլ գրավել, բայց Լեւոն Տեր-Պետրոսյանը չթողեց:

Կողմնորոշվեք, «հեղափոխականներ»: Եթե կարծում եք, որ Ուկրաինայում առանց առաջնորդի արեցին հեղափոխությունը, ուրեմն` դուք էլ Հայաստանում նույնն անեիք` առանց ուշադրություն դարձնելու Լեւոն Տեր-Պետրոսյանի հորդորներին: Եթե այդքան քաջություն չեք ունեցել ընդդիմանալու նրան եւ ականջներդ կախ ենթարկվել եք, ուրեմն` սսկվեք ու իլիկ պտտեք: Եթե Լեւոն Տեր-Պետրոսյանի մոգական խոսքի ազդեցությունից հիպնոսացել էիք, 2008-ից հետո վեց տարի է անցել, վեց տարվա ընթացքում հեղափոխություն անեիք, ոչ թե անհետանայիք ասպարեզից ու ձեր «անհողդողդ հեղափոխական» գոյության մասին հիշեցնեիք միայն այն ժամանակ, երբ լրագրողները ձայնագրիչները մոտեցնեին ձեր քթերին: Իսկ եթե վեց տարի շարունակ հիպնոսացած եք, ուրեմն` դիմեք հոգեբույժի: Կամ էլ` եթե վեց երկարուձիգ տարիներ զբաղված եք հաշվարկելով, թե երբ է հարմար հեղափոխություն անել, ուրեմն` մեծամոլության հիվանդությամբ եք տառապում, եթե կարծում եք` միայն դուք հաշվարկել գիտեք, իսկ Կոնգրեսի առաջնորդն ու կոնգրեսականները` ոչ:

Կարճ ասած` դատարկաբանությունը շփոթել եք հեղափոխության հետ: Լավ չի, լավ չի: 

Նախորդ հոդվածը‘Եգիպտոսի կառավարությունը հրաժարական է տվել’
Հաջորդ հոդվածը‘Թովմասյանին չաթլախ ասած Ռուստամյանը բացատրել է այդ բառի իմաստը’