‘Լիզա Ճաղարյան. Ինքնախաբեություն է մտածելը, որ 37 թվականը չի վերադառնա’

15617

Ֆեյսբուքյան ընկերներիցս մեկը հրապարակել էր Ավետիք Իսահակյանի՝ «բոլոր ժողովուրդների հորը» նվիրված բանաստեղծությունը։ Ճիշտ էր արել։ Եթե գրել է, ինչու՞ թաքցնել։

Այդպես փորձում են սրբագրել, օրինակ, Նաիրի Զարյանի կենսագրությունը։ Պատճառաբանությունն էլ սա է. «Բայց ինքը լավ գրող է, «Արա Գեղեցիկ»-ն է գրել»։ Է՛, հետո՞։ Եթե «Արա Գեղեցիկ»-ն է գրել, չասե՞մ, որ իմ սեփական աչքերով եմ կարդացել Ակսել Բակունցի դեմ գրված նրա զազրելիագույն ամբաստանագիրը, ինչն ուղղակիորեն Բակունցի մահվան դատավճիռ էր նշանակում։ Այդպես էլ եղավ. քանի որ, ըստ Զարյանի, Բակունցը ժողովրդի թշնամի էր, որովհետեւ նրա «Միրհավ» պատմվածքի հերոս Դիլան դային կարոտով էր հիշում Սոնային, որը մինչխորհրդային աղջնակ էր, ինչն էլ Զարյանի եւ նրա տերերի «կուռ տրամաբանությամբ» նշանակում էր, որ Դիլան դային եթե կարոտում էր մինչհեղափոխական տարիների իր սիրեցյալին, ուրեմն դժգոհ էր ետհեղափոխական տրակտորների ու կոմբայնների արեւաշող հռնդյունից։ Պարզ էր, չէ՞, որ պետք է գնդակահարեին Բակունցին՝ անկախ այն իրողությունից, որ Զարյանի բոլոր ստեղծագործությունները միասին վերցրած, «Արա Գեղեցիկն» էլ վերադիր՝ Բակունցի մեկ պատմվածքն անգամ չարժեին։ Ցանկացա՛ծ պատմվածքը։ Զարյանի մազին այսպես թե այնպես կպչող չէր լինելու, որովհետեւ «մեծ առաջնորդին» նվիրված նրա ձոնի հետ չէր կարող մրցել ո՛չ մեկի քերթվածքը, նույնիսկ՝ Իսահակյանի։ Բայց «Արա Գեղեցիկ»-ի հեղինակի համար դա էլ քիչ էր, «լայնարձակ հայրենիքի» հանդեպ իր նվիրվածությունը չափողները նաեւ զոհեր էին պահանջում, Զարյանն էլ սիրով մատուցում էր այդ զոհերին։

Իսահակյանը ոչ մեկի չի ուղարկել մեռնելու, ավելին՝ նա միակ մարդն էր, որ Չարենցի ձերբակալությունից հետո համարձակվել էր այցելել բանաստեղծի տուն, իսկ այդ տարիներին նրա այդ քայլն ինքնասպանությանը համարժեք էր։ Եվ գուցե դրանից հետո՞ են նրա ականջին շշնջացել, որ «առաջնորդին» գովերգող բանաստեղծություն գրելը կլուծի նրա ապրել-չապրելու խնդիրը։ Դե, Իսահակյանն էլ գրել է, որովհետեւ գերադասել է ապրել։ Ու գրել են բոլորը, չնչին, շա՛տ չնչին բացառությամբ։

Մեղադրե՞նք։ Է՛, մեղադրենք, դրանից էլ հեշտ բա՞ն։ Բայց մեղադրելուց առաջ եկեք մեր շուրջը նայենք. հիմա՝ մեր ապրած ժամանակներում, երբ այլախոհության համար թթվածինդ են պակասեցնում, բայց չեն գնդակահարում, Սիբիր չեն աքսորում, ամենաշատը ստիպում են, որ արտագաղթես, երբ մահվան վտանգն ուղղակիորեն կախված չէ գլխիդ, ավելի՞ լավ, ավելի՞ ազատախոհ, ավելի՞ համարձակ հասարակություն ունենք։ Իր կյանքը փրկելու համար ընդամենը մեկ բանաստեղծություն գրած Իսահակյանին քաջաբար հայհոյողներն այսօր իրենց մի կտոր հացի, չնչին աշխատավարձի, պետական կառույցներ սողոսկելու, ԱԺ խցկվելու համար ավելի ստորաքարշորեն չե՞ն ծալծլվում Բաղրամյան 26-ը զավթողի, ՀՀԿ-ական ցանկացած ոչնչության առաջ։

Այս նույն իշխանության հրահանգով չե՞ն մշակույթի նախարարության կամակատարները փակել բոլշեւիկյան բռնատիրության զոհերի մասին պատմող «Խավարում» խորագրով ցուցահանդեսը Թումանյանի տուն-թանգարանում։ Ի՞նչ էին անելու սրանց, եթե չենթարկվեին այդ խայտառակ հրամանին։ Մի բան հաստատ է՝ չէին գնդակահարելու, Սիբիրի դժոխային հանքերում մեռնելու չէին ուղարկելու։ Ամենաշատը՝ ինչ-որ ողորմելի պաշտոնից էին զրկելու։ Բայց մենք հո արդեն համոզվե՞լ ենք, որ պաշտոնը, մանդատը կյանքի չափ թանկ բաներ են մեր ժամանակի հերոսների համար։ Պատվի, արժանապատվության մասին առհասարակ չխոսենք։

Եվ ի՞նչ զարմանալի բան կա, որ Հայաստանի իշխանություններին դուր չի եկել այս ցուցահանդեսը։ Ինչու՞պետք է դուր գար։ Ու՞մ է դուր գալիս, երբ իր հարազատի, համախոհի, ուղեցույց հերոսի, կուռքի հրեշավոր դեմքն են ի ցույց դնում։ Դեռ ինչ-որ մարդիկ կա՞ն, որ ժողովրդավարության մասին ամբիոններից արտասանված սրանց ճամարտակություններին հավատում են։ Դեռ կասկածող կա՞, որ սրանցից յուրաքանչյուրն իր ոլորտում, իր գործունեությամբ ստալինիկ է եւ երազում է միմիայն տեղը տեղին ստալին դառնալու մասին։ Է՞լ ինչ անեն, որ հասկանանք՝ այդ փակված ցուցահանդեսի «հերոս» բոլշեւիկների արժանի զավակները, թոռներն ու ծոռներն են սրանք։ Եվ որ՝ սրանց մագիլներն ավելի ու ավելի են երկարելու ու սեղմելու ազատության արժեքը դեռեւս չմոռացածների կոկորդները, որովհետեւ հասարակության մի զգալի հատված՝ սրանց հետ միասին, թառանչում է սովետական «երանելի տարիների» կարոտից։ Նույնիսկ՝ այդ տարիներին չապրած այն դեղնակտուցներն են թառանչում, որոնցից արդե՛ն իսկ Հայաստանի իշխանությունը «կոմսոմոլի հրահանգիչ»-ներ է կերտել, որ քսի տա հասարակության վրա։

Եվ ինքնախաբեություն է մտածելը, որ 37 թվականը չի վերադառնա, որովհետեւ մենք Սիբիր չունենք։ Սրանց նենգ ու ջեբկիրային երեւակայությունն ավելի «անվնաս» ճանապարհ է գտել՝ բոլորին կամ գաղթական դարձնել, կամ՝ ծախու տականք, կամ՝ համակերպված, անվնաս զանգված։

 

Նախորդ հոդվածը‘ԱԺ նիստ. Ուղիղ’
Հաջորդ հոդվածը‘Ջերարդ. Ատում էի Նևիլին ու Ֆերդինանդին, բայց հավաքականում ձևացնում էի, որ այդպես չէ’