‘Լիզա Ճաղարյան. Իջեւանն էլ է «հայրենասերների» ճիրաններում’

4742

‘

Արդեն քանի-քանի տարի է իմ ծննդավայր Իջեւան եմ մեկնում միայն հարազատներիս շիրիմներին այցելելու համար։

Կյանք է, այդպես ստացվեց։ Ոչ մեկիդ նման ծանր բեռ չեմ ցանկանում։

Շաբաթ օրը կրկին դեպի Իջեւան ճանապարհին էի։ Անտանելի ծանր բեռն ուսերիս։

Արդեն քանի-քանի տարի է լավ թե վատ, բայց ամեն դեպքում՝ ասֆալտապատ ճանապարհով հասնում ենք Դիլիջան։ Հետո Դիլիջանից դուրս ենք գալիս եւ որքան մոտենում ենք Իջեւանին, այնքան ավելի «սահուն» անցում ենք կատարում դեպի իջեւանյան հանրահայտ քարուղռերը։ Ոչինչ չի փոխվում, ամեն ինչ նույնն է։ Նույն խայտառակ դարուփոսերը, նույն ավերակաց ավերակը։

Մի կերպ, առանց փորձանքի հաղթահարեցինք մերձիջեւանյան այդ «մայրուղի» կոչեցյալը, թեքվեցինք դեպի գերեզմանատուն։ Ըստ մեզ՝ քիչ թե շատ տանելի ճանապարհով էինք գնում, եւ երբ ճանապարհի կեսին հասկացանք, որ շփոթվել ենք եւ թյուրիմացաբար այդ քիչ թե շատ տանելի ճանապարհին զուգահեռ փողոցով ենք գնում, արդեն միջնադարում էինք հայտնվել, եւ ետդարձն այլեւս փրկություն չէր, ստիպված էինք առաջ շարժվել։

Երբեւէ ասֆալտի երես չտեսած, փոշոտ ու կեղտոտ, անթիվ-անհամար փոսերով «պարարտացված» նեղլիկ ճամփով, անցած դարից այս կողմ չվերանորոգված, խեղճացած, Աստծուց մոռացված տների արանքներով, հարցուփորձ անելով հերոսաբար հաղթահարեցինք 17-ր դարի գյուղակ հիշեցնող այդ «տեսարժան վայրը» եւ մի կերպ գտանք մեր փնտրած ճանապարհը…

Դա էլ էր Իջեւանը։

Այդ պահերին սիրտ չկար հիշելու Իջեւանի քաղաքապետարանի այն «ազրեիլ» կանանց, որ հարձակվել էին «Ասպարեզ»-ի կայքում չափից ավելի անշառ մի հոդվածի հեղինակի վրա, ինչ է թե՝ իջեւանցի լինելով համարձակվել է գրել, որ իր թանկագին եւ անզուգական ծննդավայրում աղբը ժամանակին չեն մաքրում, քանդակներն էլ ջարդոտված են։ Երեւի թե հարձակումը «ցանկալի արդյունք» է տվել, նորից մտա այդ աղջնակի ֆեյսբուքյան էջը, եւ որքան հասկացա՝ համապատասխան վտանգավոր «փաստաթուղթը» ջնջված էր ահեղադղորդ հայրենասիրական ճռճռոցների հետ միասին։

Իջեւանը նաեւ իմ ծննդավայրն է։

Եվ քանի որ իմ ծննդավայրն է, ուրեմն, ըստ այդ «ազրեիլների», պարտավոր եմ գրել, թե ինչպես էին մեղմանուշ սվսվում բնից սղոցված սոճիներն ու եղեւնիները, իսկ եթե նույնիսկ դեռ սղոցված չեն, ապա որքան մեծ երջանկություն է, երբ այդ ծառերը «հպարտորեն» ճզմված են զանազան խանութների արանքներում եւ հերոսաբար կամ աներեսաբար մինչ օրս դիմանում ու չեն չորանում։

Եվ քանի որ իմ ծննդավայրն է, ուրեմն պարտավոր եմ աչքերս ամուր փակել քանդակների կողքով անցնելիս ու երանելի ժպիտը դեմքիս հիշել այն օրերը, երբ Երեւանից երիտասարդ քանդակագործներ եկան Իջեւան, եւ երբ գնացին՝ Իջեւանում քանդակների հրավառություն թողեցին ի հիշատակ, եւ թե ինչ է մնացել նրանց ստեղծածից, պետք չէ աչքերը չռած նայել ու մղկտալ։ Ամու՛ր փակիր աչքերդ, որովհետեւ դու իջեւանցի ես, եւ եթե ասես՝ էս ինչ մղձավանջ է, քաղաքապետարանի ու մարզպետարանի հայրենասերները քո անունը կգրեն դավաճանների ցուցակում, ու ամեն մեկը չէ, որ կդիմանա այդ «անագորույն հարվածին»։

Եվ քանի որ իջեւանցի ես, Իջեւան մտնելիս եւ իջեւանյան աչքից հեռու ճամփեքին պատահաբար հայտնվելիս հպարտացիր անթիվ-անհամար դարուփոսերով, ուրախացիր, որ այսքան «ավանդապահ» ղեկավարություն ունի սիրելի ծննդավայրդ։ Նրանք ընդամենը չեն ուզում Իջեւանի «պատմական» դեմքը խաթարել ժամանակակից «անհոգի» տեխնիկայի «անհայրենիք» միջամտություններով, իսկ չարակամները դրա անունն անտերունչություն են դնում։

Ես էլ եմ իջեւանցի ու մաղթում եմ, որ ծննդավայրս ազատագրվի ձեզ նման «հայրենասեր» պաշտոնյաներից ու նրանց մանկլավիկներից։

Նույնը ցանկանում եմ ողջ Հայաստանին։

Ամեն։

 

 

‘

Նախորդ հոդվածը‘Քրիստինե Խանումյան. Արմեն Սարգսյան՝ «Պախոդ նա Մասկվու»’
Հաջորդ հոդվածը‘Փետրվարի 8-ից կկիրառվի շարժական լուսանկարահանող-արագաչափ սարք’