‘
Ժողովրդական լեզվով ասած՝ Աստված խղճաց մեզ, եւ զինվորական մեքենայի հերթական վթարից «ընդամենը» մի տասնյակից ավելի զինվոր տուժեց, եւ միայն «ընդամենը» կեսն են ծանր վիճակում։ Փառք Հայաստանի իշխանությանը, որ ծայրահե՛ղ ծանր վիճակում չեն։
Եվ վերջ։
Հասարակությունն իր աչքով տեսավ, թե ինչ անմխիթար վիճակում գտնվող, վաղուց իր դարն ապրած բեռնատարով են տեղափոխում օրուգիշեր «ազգ-բանակի» մասին փանջունիական ճառեր ասողները։ Հասարակությունը լսեց, որ առավելագույնը 18 հոգանոց այդ մեքենայի մեջ խցկել են երեսուն զինվորի։ Հասարակությունը նաեւ արձանագրեց, որ այս ամենից հետո ո՛չ ոք չպատժվեց՝ հրապարակա՛վ, շքեղ ավտոմեքենաներով երթեւեկող զինվորական վերնախավից ո՛չ ոք չփորձեց նույնիսկ արդարանալ, թե ինչու են մեր երեխաների կյանքը «փորձարկում» հոգեվարքից խռխռացնող փոխադրամիջոցներում, եւ ո՛ւմ հայտնենք մեր «երախտագիտությունը», որ առանց զոհերի ավարտվեց հերթական վթարը։
Մեր աչքն այնքան է վախեցած, որ երբ կարդում ենք՝ վիճակը ծանր է, միեւնույն է՝ ուրախանում ենք, թեթեւացած շունչ ենք քաշում. «Փառք Աստծո, կարեւորը՝ ողջ է»։
Մեր աչքն այնքան վախեցած է, այնպես ենք օրուգիշեր դողում բանակում ծառայող մեր պատանիների կյանքի համար, որ երկրորդական-երրորդական հարց է թվում երեսնականների «չոռնի վոռոն» հիշեցնող կիսամեռ մեքենայով զինվորների տեղափոխումը։ Հայաստանի սահմանները պահպանող զինվորների՞ են տեղափոխում, թե՞ վտանգավոր կրկնահանցագործների։ Թե՝ կարտոֆիլով լցված պարկեր։ Աղաղակող տպավորությունը երկրորդի եւ երրորդի օգտին է։
Իսկ հիմա պատկերացնենք սահմանը «հերոսաբար» ու «արժանապատվորեն» պահող-պահպանող այն պատանիների հոգեվիճակը, որոնց խցկում են հնամաշությունից գարշահոտ արձակող մի փակ բեռնատար։ Պատկերացնենք, որ այդ մեքենան նախատեսված է 18 հոգու համար, բայց այնտեղ երեսուն հպարտ ու արժանապատիվ երիտասարդ իրար սեղմված, միմյանց հրհրելով, շնչահեղձ լինելով, սեփական եւ մնացածների մարմինների քրտնքի ծանր հոտը շնչելով, մեքենայի կտրուկ արգելակումներից հետո միմյանց գիրկն ընկնելով, ինչը նշանակում է՝ նվաստացված, ստորացված, արհամարհված… գնում են պաշտպանելու իրենց եւ մեր պաշտելի հայրենիքը։
Պատկերացրի՞ք։ Ես էլ պատկերացրի։ Եվ արյունը սառավ երակներիս մեջ։
Գիտե՞ք, թե ինչ պատկերացրի։ Մտածեցի, որ այդ բոլոր պատանիները սիրած աղջիկ ունեն, եւ զորացրվելուց հետո երկար ժամանակ խուսափելու են ուղիղ նայել իրենց սիրելիների աչքերին։ Մտածեցի, որ խուսափելու են պատասխանել բանակին վերաբերող նրանց հարցերին։ Մտածեցի, որ այդ պատանիները երկար ժամանակ վախվորած են գրկելու կամ չեն գրկելու իրենց անուշաբույր ընտրյալներին, որովհետեւ նվաստացածության, ստորացվածության, արհամարհվածության հոտը դժվարությամբ է անցնում։ Կամ՝ առհասարակ չի անցնում։
‘