Լիզա Ճաղարյան. Իսկ դուք որտե՞ղ եք պահում աղամանը

9200

Մինչ ՔՊ–ականներն, իրար հերթ չտալով, շնորհակալություն են հայտնում ոստիկաններին` «օրենքի սահմաններում» ցուցարարներին լավ ծեծելու եւ ոստիկանական բաժանմունքներ քարշ տալու համար, այսինքն` անթաքույց քծնում են «օրինապահներին»` իշխանության անվտանգությունն ամեն գնով ապահովելու անթույլատրելի ջանքերի համար, ինչի դեմ, ի դեպ, մինչ իշխանության հասնելը` կոկորդ (եւ ոչ միայն` կոկորդ) էին ճղում (շատ արդարացիորեն), պարզվում է` Հայաստանի ԱԽՔ Արմեն Գրիգորյանը մեր երկրի անվտանգության հարցը «մեծահոգաբար» թողել է Ադրբեջանի քմահաճույքի հույսին։

Բայց դե` խառն ենք. իշխանության դռանն աթոռները պահպանելու վախն է չոքել, իրենց «ընդդիմություն» հռչակածներին էլ իշխանությունը վերազավթելու մոլուցքն է կուրացրել, սրանց ի՞նչ ցավն է` ուշադրություն դարձնեն, թե ինչ «հիմնական ակնկալիք» ունի Ադրբեջանը, եւ ինչպես է այդ ակնկալիքին արձագանքում Արմեն Գրիգորյանը, որի վտիտ ուսերին է մնացել մեր երկրի` ոչ ավել–ոչ պակաս, անվտանգության խնդիրը։

Դե` մնացել է, ինքն էլ էդքանն է կարողանում. որեւէ մեկը կարո՞ղ է գեթ մեկ օրինակ բերել, ըստ որի` ահա այս Արմեն Գրիգորյանն ավելիին ընդունակ է եղել։ Ես չեմ հիշում, ու ոչ ոք թող ջանք չթափի` անհույս գործ է։

Եվ ուրեմն, Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւն ասել է, որ իր երկրի հիմնական ակնկալիքը Հայաստանից` Ադրբեջանի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության ճանաչումն է։

Եվ ի՞նչ է պատասխանել մեր ԱԽՔ–ը (ըստ «Արմենպրես»–ի) Ալիեւի օգնականի այս «հիմնական ակնկալիքին», որն, ի դեպ, ոչ զարմանալի է, ոչ անսպասելի, ոչ էլ` դատապարտելի. գտեք մի երկիր, որի հիմնական ակնկալիքն այլ երկրներից այս նույն բանը չի։  

Հայաստանի ԱԽՔ–ի պատասխանը սա է. «…Ադրբեջանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների որոշ հայտարարություններ հստակ պարզաբանման անհրաժեշտություն են առաջացնում: Այդ հայտարարությունների համատեքստում՝ կարծում ենք, Ադրբեջանի պաշտոնյաները պետք է կոնկրետացնեն, թե ո՞ր տարածքներն են տեսնում Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ, որպեսզի Հայաստանն իր դիրքորոշումը հստակեցնի»։

«Վերծանենք»։

Մարդն ազնվորեն, բացճակատ խոստովանում է, որ Հայաստանի իշխանությունները, առավել եւս ինքը` Արմեն Գրիգորյանը, ոչինչ չեն որոշում, բացի, անշուշտ, աղամանների տեղը, դերն ու նշանակությունը ճշգրտելուց Հայաստանի հպարտ քաղաքացու դառնաղի կյանքում։

Իրենք ընդամենը կարող են սպասել, որ Ադրբեջանը «կոնկրետացնի», թե «տարածքային ամբողջականություն» ասելով` ինչ ու ինչքան տարածք նկատի ունի, ա՛յ դրանից հետո «Հայաստանն իր դիրքորոշումը կհստակեցնի» (Նատալյա Սերգեեւնայի ականջը կանչի)։

Այսինքն, ըստ ԱԽՔ Արմեն Գրիգորյանի` Հայաստանի իշխանությունները կա՛մ պատկերացում չունեն մեր երկրի տարածքային ամբողջականության մասին, կա՛մ պատկերացում ունեն` ռիսկ չունեն դրա մասին բարձրաձայնելու, եւ վիզը ծուռ սպասում են, որ Ադրբեջանն ասի` Սեւանի ափի՞ն է ուզում «չայ» խմել, թե՞ Խուստուփի փեշերին… Թե՞ Արարատյան դաշտի ծիրանենիների շուքին տակ։

Իսկ ավելի պարզ` Արմեն Գրիգորյանը խոստովանում է, որ Հայաստանի ու Արցախի ճակատագիրը կախված է միմիայն Ադրբեջանի ախորժակից։

Հայաստանի իշխանությունները` անվտանգության խորհրդի քարտուղարի հետ միասին, պարզապես «հստակեցնելու են», թե այդ «չայը» շաքարո՞վ մատուցեն, թե՞ լիմոնով։

Աղով` չէ. աղն առողջությանը վնաս է։

Նախորդ հոդվածըԲըլթ-25. «ՉԻ»
Հաջորդ հոդվածըԹաթուլ Հակոբյան․ ԹՈՒՐՔԻ ցավ