‘
«Ժողովուրդը միայն ասում է, որ ամեն ինչ վատ է, սակայն` կոնկրետ ինչ է ուզում, անհասկանալի է». ԱԺ նախագահ Գալուստ Սահակյան (21.10. 2014)
Էս որտե՞ղ եմ: Եթե մեր տանն եմ, բա էս ի՞նչ բարձր առաստաղ է, էսքան աթոռներն առել-շարել ենք, որ ի՞նչ անենք: Եթե մեր տանն եմ, էսքան մարդու ինչի՞ եմ հավաքել գլխիս: Չլինի՞ բան է պատահել ինձ: Սպասիր` մի հատ կմճտեմ էն փափուկ տեղերս: Չէ, լավ էլ ցավեց, բան չի պատահել, փառքդ շատ, աստված ջան:
Բա էս որտե՞ղ եմ: Ինչի՞ եմ ես վերևը, մնացածները` ներքևը: Չլինի՞ Նար-դոսի «Ես և նա» պատմվածքն են բեմադրել, ես էլ… Չէ, էնտեղ վերևն աղջիկն էր, ներքևը` տղան: Ես տղա եմ… Հա՛, ես տղա եմ, էդ հաստատ է, «էս հրապարակում կասկածող կա՞»: Էս ի՞նչ ասացի: Չլինի՞ ընդդիմադիր եմ: Ու՞մ եմ ընդդիմադիր, ինչի՞ եմ ընդդիմադիր, ինչս է պակա՞ս որ…
Բա էս ինչ հաշիվ է: Ասում են` ա՛ ժը՛, ա՛ ժը՛, ա՛ ժը՛… Էդ ի՞նչ է: Էն ո՞վ ասաց` Ազգային ժողով: Ով էլ որ ասաց` շատ ապրի: Ուրեմն, սա Ազգային ժողով է, ես էլ նստած եմ վերևում: Ուրեմն, ես վերևն եմ (էս Շարմազանովն ու Հերմինե՞ն ինչի են կողքս նստած), մնացածները` ներքևը: Ըհը, կամաց-կամաց տեղն եմ բերում` ով եմ, ինչ եմ, ինչի եմ… Ով եմ, ինչ եմ` հիշում եմ` նախկին դասատու եմ, ներկա հանրապետական եմ, տարոնական եմ, նժդեհական եմ, այսինքն թե` սերժական եմ, բայց ե՛ս ինչի եմ վերևը (էս Շարմազանովն ու Հերմինեն արդեն ներվերիս վրա ազդում են), իսկ մնացածները` ներքևը, սպանեք, բան չեմ հասկանում:
Էն ո՞վ ասաց` պարոն ԱԺ նախագահ: Ի՞նձ ասաց: Հա՛ էլի, ինձ է նայում: Վայ մե դեդա, էս ու՜ր եմ հասել, էս ո՜նց եմ հասել, էս ի՜նչ եմ անում, էս ո՜նց եմ անում: Սպասեք` մեջքս դզեմ (Սերժն էստեղ չի, չէ՞): Ըհը, դզեցի: Մի հատ էլ վերևից չափեմ էն ներքևիններին (էս Շարմազանովն ու Հերմինեն արդեն համը հանում են, էս ի՞նչ են հուշում ինձ), որ իմանան` ում հետ գործ ունեն:
Հա՛, վարման կարգն են հուշում: Հազար եմ ասել` գրեք, տվեք ինձ: Հազար եմ ասել` կարդալ գիտեմ, դասատու մարդ եմ: Սերբերի հետ հանդիպմանը վա՞տ կարդացի` ուրախ եմ, շնորհակալություն, խնդրեմ:
«Հարգելի պատգամավորներ, չի կարելի բանավիճել»: Ըհը, ասացի ու կարծես` սխալ չարեցի (էս Շարմազանովը ոնց որ թե աչքը գցել է աթոռիս վրա):
Էս ի՞նչ են ասում: Ասում են` ժողովուրդը դժգոհ է, ժողովուրդը պահանջում է… Ինչի՞ց է դժգոհում, ի՞նչ է պահանջում: Տեսնես` էս աշխարհում մեր ժողովրդից աչքածակ ժողովուրդ կա՞: Երկնքից աստղե՞ր են ուզում, տավարի ցա՞վ են ուզում, է՞լ ինչ անենք, որ սրանց աչքը կշտանա: Լույսը բացվում է` ժողովրդի դռան շեմին կանգնում է թանկարժեք արտասահմանյան մեքենան, թիկնապահները դուռը բացում են, որ ժողովուրդը նստի, հետո ժողովուրդն ուր ուզում է` էդ ավտոմեքենան տանում է, հետո ժողովուրդն ինչ ուզում է` էդ ավտոմեքենան բերում է, հետո էդ ժողովրդին տանում են չալաղաջ ուտելու, հետո տանում են հարսանիք, հետո «մարշրուտնու գիծ» են տալիս, ասում են` վայելիր, հետո իրենց երեխաներին յուղոտ պաշտոններ են տալիս, հետո թիկնապահները էն թանկարժեք ավտոմեքենայի դուռը բացում են, հետո ժողովուրդը նստում է, հետո տանում-հասցնում են իրենց տան դռան շեմը, հետո ժողովուրդը մտնում է տուն, հետո սառնարանը բացում է` ինչ մտքովդ անցնում է` կա, կեր, խմիր, քեֆ արա, Նազար ջան, աշխարհը խալի է ոտիդ տակ:
Անհասկանալի է, շատ անհասկանալի է, թե ինչ է ուզում էս ժողովուրդը: Նժդեհն ասել է` ագահությունը կապում է մարդու աչքերը և բացում բերանը: …Չէ, Նժդեհը չի ասել: Բա ո՞վ է ասել (Էս Շարմազանովն աչքն ինձանից չի կտրում, ոնց որ դասատուն ինքը լինի, աշակերտը` ես):
Հիշեցի` ժողովուրդն է ասել: Էլի՛ էս ժողովուրդը… Էս ԱԺ նիստերն ինչի՞ են էսքան երկար տևում:
«Շնորհակալություն: Ժամանակը սպառված է, ցտեսություն»:
Ինչ էլ վարժ արտասանեցի: Նժդեհը կասեր` շատ «ունթյունակ» ես: Չէ, էս էլ չի Նժդեհն ասել: Բա ո՞վ է ասել…
…Բա Նժդեհն ի՞նչ է ասել…
‘