‘Լիզա Ճաղարյան. Խաչիկի ձեռքինը զենք չէր. Hambardzum.am’

8246

(Նյութը արտատպվում է Ղարաբաղ կոմիտեի եւ Ղարաբաղյան շարժմանը նվիրված փաստագրական` Hambardzum.am կայքից):

Նախորդ պատմությունս 1988-ի աննախադեպ (այս դեպքում չարչրկված «աննախադեպ»-ը ճիշտեւճիշտ իր տեղում է) երթի մասին էր։ Այս պատմությունը նույնպես աննախադեպ էր։

Աննախադեպ թաղում էր...

Համազգային Շարժումից ի վեր՝ Հայաստանն այնքան մահեր է տեսել՝ Սումգայիթի զոհեր, երկրաշարժի զոհեր, պատերազմի զոհեր, Հոկտեմբերի 27-ի զոհեր, Մարտի 1-ի զոհեր, որ մեկ զոհի մասին պատմելը, առավել եւս՝ տարակուսելը, որ մոռացել ենք նրան, շատերին կարող է տարօրինակ թվալ։ Եվ երեւի թե պետք չէ զարմանալ ու անմիջապես մաշված ու քաջածանոթ հետեւությունն անել. «Դե, ժողովուրդ չենք, էլի»։

Ժողովուրդ ենք, կարիք չկա ինքնադատափետումների գիրկն ընկնելու, բայց տարակուսելը տեղին է։ Այո, 22-ամյա Խաչիկ Զաքարյանը մեր Շարժման առաջին զոհն էր։ Առաջին անմե՛ղ զոհն էր։ Խաչիկի ձեռքինը զենք չէր, լուսանկարչական ապարատ էր։ Խաչիկը լուսանկարում էր, թե ինչպես են ցուցարարները երթով գնում դեպի «Զվարթնոց» օդանավակայան, որ թույլ չտան սովետական բանակին՝ օկուպացնել Հայաստանն աշխարհին կապող մեր օդային ճանապարհը։ Խաչիկը լուսանկարում էր, թե ինչպես էր այդ բանակը փակել ցուցարարների ճանապարհը։ Դե, սովետական սպան էլ կրակեց ու սպանեց Խաչիկին՝ մնացածներիս փորձելով հասկացնել, որ սովետական բանակը Հարավսլավիայի, Չեխոսլովակիայի, Լեհաստանի նման պետությունների ազատության ցանկությունն է օրորոցում խեղդել, փոքրիկ Հայաստանն ի՞նչ դարձավ, որ մտքով անցկացնում է մատ թափ տալ աշխարհին սարսափի մեջ պահող, մինչեւ ատամները զինված զորքին։

Իսկ նման դեպքերում ովքե՞ր են զավթիչների կամ պարզապես բռնակալների աչքի գրողները։ Բնականաբար նրանք, ովքեր փաստեր են հավաքում նմանների դեմ։

Դրա մասին ցուցարարներս էլ դեռ կարգին չգիտեինք (հիմա հիանալի գիտենք), Խաչիկ Զաքարյանն էլ չգիտեր։ Նա պարզապես լուսանկարում էր։ Լուսանկարում էր, հավանաբար, տնեցիների համար, հարեւանների ու ընկերների համար։ Լուսանկարում էր՝ գուցե իր  ապագա երեխաների ու թոռների համար, որ մի օր ցույց տա նրանց այդ լուսանկարներն ու պատմի՝ այսպես ու այսպես, 1988 թվականի հուլիսի 5-ին Կարմիր բանակը մտել էր Երեւան, հայ ժողովուրդը ոտքի էր ելել ընդդեմ բիրտ ուժի, իսկ ինքն ահա լուսանկարում էր...

1988-ի հուլիսի 5-ին սովետական սպան սպանեց Խաչիկ Զաքարյանին, սովետական սպան հերթական դասը տվեց «դարավոր բարեկամի» հանդեպ անհասկանալի ու անբացատրելի սիրուց տապակվող հայերիս, ու իմ տպավորությամբ՝ երբեւէ՝ ոչ անցյալում, ոչ էլ ներկայում, հայերս այդպես մինչեւ հոգու խորքը վիրավորված ու ցնցված չենք եղել, ինչպես՝ Խաչիկի սպանությունից հետո։

Ի դեպ, մինչեւ հիմա էլ շատերս չգիտենք՝ ո՞վ էր Խաչիկը, ինչո՞վ էր զբաղվում, որտե՞ղ էր աշխատում կամ սովորում, ովքե՞ր էին նրա ծնողները, ունե՞ր ծնողներ, քույր ու եղբայր ունե՞ր, սիրած աղջիկ ունե՞ր... Մենք Խաչիկին ճանաչեցինք նրա սպանությունից հետո եւ նրա մասին գիտեինք այդքանը՝ 22-ամյա մի երիտասարդ լուսանկարում էր հուլիսի 5-ի իրադարձությունները, եւ նրան սպանեց սառնասիրտ մի զավթիչ։

Ինքնաբուխ համազգային սու՞գ. դա հենց Խաչիկին վերջին հրաժեշտն էր։ Ողջ մայրաքաղաքը փողոց էր դուրս եկել։ Ազատության հրապարակից մինչեւ քաղաքի ծայրամասերից մեկի գերեզմանատունը՝ մայթերին ոտք դնելու տեղ չկար։ Արտասվում էին բոլոր արտասվել կարողացողները, լուռ մղկտում էին բոլոր լուռ մղկտալ կարողացողները, ցավեցնելու աստիճան ատամները սեղմում էին բոլոր ատամ ունեցողները։

Շարունակությունն` այստեղ

Նախորդ հոդվածը‘Կոնգրեսի ցավակցականը Սարգիս Աթաբեկյանի մահվան կապակցությամբ’
Հաջորդ հոդվածը‘Հավակնորդների մրցաշար. Արոնյանը ոչ-ոքի խաղաց Կարյակինի հետ’