‘
Հայաստանի հիմնադիր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթն արթնացրեց նույնիսկ իրենց կյանքի մեծագույն մասը Մորփեոսի ծոցում անցկացնողներին: Երեւի բնական է. իշխանական, այսպես կոչված՝ քաղաքական գործիչների կիսագրագետ-անգրագետ, կիսագողական-գողական, կիսախելագար-խելագար ելույթներից մինչեւ կոկորդը կուշտ հասարակությունը կարոտ է պրոֆեսիոնալ, բարձր մակարդակի խոսքի:
Ով կարոտն առավ` առավ, ով` ելույթի մակարդակին համարժեք մակարդակով արձագանքեց` իր համաձայնությունը կամ անհամաձայնությունը հայտնելով, ով էլ` կրկին «ընկավ իր մոր փորը»` ազրեիլի թուրն առավ ու սկսեց «մին զարկել` ջարդել հազար»:
Այս վերջին խմբի դրությունն, իրոք, ծանր է. խոսքս նրանց մասին չէ, ովքեր պարզունակ պատվեր են կատարում, իսկ ժամանակակից լեզվով ասած` ընտանիք են պահում (ինչքան շատ բարբաջանք Լեւոն Տեր-Պետրոսյանի հասցեին, այնքան կուշտ` իրենց մերձավորները): Իհարկե` դժվար է սահմանազատել «ընտանիք պահողներին» ու անկեղծորեն հայրենիքի սիրուց փոթոթվողներին, բայց այս դժվարին գործը հենց իրենց էլ թողնենք. փոթոթվողներն իրար ավելի լավ գիտեն ու ավելի հեշտությամբ կսահմանազատեն թացը չորից, եթե, իհարկե, մտքներին դնեն: Իմ դեպքում այդ բաժանումը պայմանական է: Ենթադրում եմ, որ Հայաստանի հիմնադիր նախագահի ելույթից հետո` Սերժիկ Սարգսյանին հաճույքով մոռացած ու իրենց նետերը Լեւոն Տեր-Պետրոսյանին ուղղածների շարքերում, իրոք, կան հայրենիքի սիրուց փոթոթվողներ:
Հենց այս փոթոթվողներին էլ ուղղված է խոսքս: Նախ` մի «մանրուք» հիշեցնեմ. Լեւոն Տեր-Պետրոսյանը ՀՀ նախագահի պարտականություններից հրաժարվել է 1998 թվականի փետրվարի 3-ին: Մանրամասներին չանդրադառնամ: Այժմ ՀՀ առաջին նախագահն ընդդիմադիր քաղաքական ուժի առաջնորդ է: Այդ քաղաքական ուժի` կուսակցության անունը Հայ ազգային կոնգրես է: Ոնց որ թե պարզ բացատրեցի:
Լավ, ավելի պարզեցնեմ: Այս ուժը պայքարում է ներկա իշխանությունների դեմ եւ արտաքին ու ներքին քաղաքական հարցերում կարող է անել միայն մի բան` բողոքներով, ցույցերով, ելույթներով, ասուլիսներով, հարցազրույցներով եւ ԲԱԶՄԱԹԻՎ ԶՐԿԱՆՔՆԵՐՈՎ իր անհամաձայնությունը հայտնել ներկա իշխանության կատարած քայլերին: Հուսով եմ, սա էլ հասկացաք:
Լավ, ավելի պարզեցնեմ: Դուք` փոթոթվողներդ, կարող եք չհամաձայնել Հայ ազգային կոնգրեսի եւ նրա ղեկավարի ձեռնարկած քայլերին կամ արտահայտած մտքերին: Ձեր իրավունքն է: Հայաստանում ինչն է շատ` կուսակցությունները. դուք` փոթոթվողներդ, կարող եք ընտրել որեւէ կուսակցություն, որն իր ընտրած պայքարի ուղիով հոգեհարազատ է ձեզ, եւ ծվարել նրա ջերմ գրկում: Ձեզանից շատերը հենց այդպես էլ արել են, բայց մի «անբացատրելի» ուժ ստիպում է ձեզ, որ ձեր սեփական աչքը շինելու փոխարեն` խճճվեք ուրիշների հոնքերի մեջ:
Ավելի պարզեցնեմ. Սերժիկ Սարգսյանի հերթական ստրկահաճության ցուցքից հետո դուք` փոթոթվողներդ, այլ քաղաքական ուժերի կեցվածքով չհետաքրքրվեցիք, նույնիսկ` ձեր համակրած ուժերի: Համբերությամբ սպասեցիք, թե ինչ է ասելու Լեւոն Տեր-Պետրոսյանը, լսեցիք` ինչ ասաց, ու վրա տվեցիք: Վրա տալը` մեղմ ասած: Հասկանում եմ` փոթոթվում եք հայրենիքի հանդեպ սիրուց: Մնաց` նաեւ հասկանաք ու վերջապես խոստովանեք, որ այս երկրի փրկության գործում ձեր հոգու տաք անկյունում ընդամենը մի հույս է առկայծում, եւ այդ Հույսի անունը Լեւոն Տեր-Պետրոսյան է:
Խոստովանեք, ամոթ բան չկա: Բարձրաձայն ասեք` չնայած չենք սիրում Լեւոն Տեր-Պետրոսյանին, հե՛չ չենք սիրում, բայց գիտակցում ենք, որ ՀՀ հիմնադիր նախագահը եւ նրա ղեկավարած կուսակցությունը միակ ուժն են, որ կարող են մեր պետությունը փրկել Սերժիկ Սարգսյանի եւ նրա ավազակախմբի ճիրաններից: Ասեք` հենց դրա համար էլ շատ ծանր ենք տանում, եթե մեր սպասածը չի ասում կամ մեր սպասածի կեսն է ասում, կամ էլ` մեր սպասածը չի անում կամ մեր սպասածի կեսն է անում:
Հենց խոստովանեք, մի հատ էլ խորը շնչեք եւ արտաշնչեք` կտեսնեք, թե ինչ ծանր քար ընկավ ձեր` հայրենիքի սիրուց փոթոթվող ջերմ սրտիկներից:
Սկսեք: Երբեք ուշ չէ: Մեկ-երկու, մեկ-երկու…
‘