‘
Սա հենց այն իրավիճակն է, երբ իրոք չգիտես՝ խնդաս, թե լաս։
Էս ո՞նց պատահեց, Հայաստանի հարգարժան քաղաքացիներ, որ Հանրապետական հանցագործ կուսակցության շռնդալից պարտությունից հետո մեկ էլ քնեցինք ու արթնացանք եւ տեսանք, որ այս նույն կուսակցության անդամները մեր դատավորներն են։ Այդ ի՞նչ կախարդական փայտիկով սրանց իրավունք տրվեց լկտիաբար դատելու Հայաստանի հասարակությանը, կրկնում եմ եւ ընդգծում՝ հասարակությա՛նը։ Որովհետեւ, հիշեցնեմ, հենց այդ հասարակության միակամության շնորհիվ է, որ Հայաստանն ազատվեց հանրապետականների լկտի բեսպրեդելից։
Ուշադրություն դարձնու՞մ եք, թե ինչ է կատարվում լրատվական դաշտում՝ սկսած մեր հարկերով ապրող Հանրային կոչեցյալ հեռուստաընկերությունից, ավարտած ամենաանգրագետ ու ամենաանհեթեթ սոցիալական կայքից (բացառությունները չնչին են), թե՞ ինչ-որ անտեսանելի ուժ հիպնոսացրել է գրեթե բոլորին։
Իսկ կատարվում է ահա թե ինչ. Հայաստանի հասարակությունը ոտքի ելավ, պատմության աղբանոց ուղարկեց տարիներ շարունակ այդ նույն հասարակությանը նվաստացրած ու կեղեքած հանցագործ ավազակախմբին՝ վստահ, որ բոլոր հանցագործները կստանան իրենց արժանի պատիժն օրենքի ողջ խստությամբ, բայց մի օր էլ տեսավ՝ այս նույն ավազակախմբի անդամները՝ տաքուկ-փափուկ տեղավորված դատավորի հագուկապի մեջ, խրոխտ, լկտի ու նույնքան լպիրշորեն, ինչպես որ՝ իշխանական աթոռներին բազմած տարիներին էին, պոռոտախոսում են արդարության, ազատության, թափանցիկ ընտրությունների, դատարանների անկախության, ՀՀԿ-ի անփոխարինելիության, իրենց անքննելի փորձառության եւ պատմական հաղթանակների մասին։ Մի օր էլ տեսան, որ իրենք՝ հեղափոխությունն իրականացնողները, դավաճան են, հայրենիք ծախող են, իսկ ահա՛ սրանք՝ այս սերմացու գողացող մկները, տարիներ շարունակ ամեն սուրբ բան պղծած այս մանկուրտները ոչ ավել-ոչ պակաս՝ Հայկ Նահապետի ժառանգներն են ու ոտքի են ելել պայքարելու ոսոխ Բելի ու նրա խաժամուժի դեմ։
Մի անգամ էլ եմ հարցնում՝ էս ո՞նց պատահեց։ Ո՞նց պատահեց, որ լրագրողների մի մեծ խառնակույտի համար սրանք դարձան ճշմարտության ու արդարության մունետիկներ։ Ո՞նց պատահեց, որ այս նույն լրագրողները ՀՀԿ-ական ավազակախմբի անդամներին խլխլում են միմյանց ձեռքերից, եւ սրանց հարցերի ցանկից իսպառ բացակայում են այս «մունետիկների» գործած հանցագործությունների մասին ակնարկներն անգամ։
Եթե այս միտումը միայն նկատվեր այն լրատվամիջոցների էջերում, որոնց ծախու կեցվածքն ուղղակիորեն աչք է ծակում, կարելի էր քմծիծաղել ու վերջ։ Բայց սա արդեն համատարած վարակ է։
Հայաստանի քաղաքացիները հեղափոխություն արեցին եւ հիմա հայտնվել են արդարացողի կարգավիճակում։
Եվ արդարանում են ո՛ր ուժի առաջ։ Հենց այն հանցագործ խառնակույտի, որը հիմա պետք է կամ ձայնը կտրած սպասեր իր արդար դատավճռին, կամ ինքնակամ ներկայանար համապատասխան ատյան եւ խոստովանական ցուցմունք տար իր կատարած հանցանքի չափով։
Բայց չէ՝ հանգիստ մարսում են։ Անասելի հեշտությամբ, առանց ճիգ ու ջանքի, առանց ծնկների դողի, առանց կակազելու հայրենասիրության դասեր են տալիս, ճամարտակում են վեհ գաղափարների մասին, մեր քթի տակ թափահարում են մարդկանց անուններ, որոնց հիշատակը հենց իրենք են կոխկռճել սմբակներով ու կճղակներով, որոնց սպանել են կամ առնվազն հովանավորել են այս մարդկանց դահիճներին։
Նորից եմ հարցնում՝ էս ո՞նց պատահեց, որ հանցագործները դարձան հասարակության դատավորները։
Ու՞մ կամ ինչի՞ թողտվությամբ։
‘