‘
Հուլիսի 9-ին Երեւանում մեկնարկելու է «Ոսկե ծիրան» ամենամյա կինոփառատոնը։ 14-րդն է։
Շատ ուրախ եմ։
Ուրախ եմ, որ տարեկան մեկ անգամ աշխարհից ու ինքն իրենից հոգնած մեր մայրաքաղաքն աշխուժանում է, մեկ շաբաթ մարդիկ խոսում են կինոյի նման հրաշքի մասին, ոչ թե «գործ տվող-չտվող»-ների, «քցող-չքցող»-ների ու սրանցից ավելի վատ ու գորշ բաների մասին։ Ուրախ եմ, որ մեր երիտասարդներին բախտ է վիճակվում շփվելու աշխարհահռչակ որեւէ կինոգործչի հետ ու վայելելու նրա վարպետության դասերը։ Հասկանում եմ նաեւ, որ մեր հնարավորությունները չափազանց համեստ են, եւ չենք կարող ոտ մեկնել հզոր պետությունների մեզ հայտնի կինոփառատոնների հետ, բայց ինչ ու ինչքան էլ հաջողվում է՝ ծափահարում եմ այս մտահղացման հեղինակներին։
Երկար կյանք «Ոսկե ծիրան»-ին։
Իսկ հիմա նշածս համեստ հնարավորություններից բխող մտահոգությանս մասին, որը տարեցտարի բազմապատկում է խղճահարության զգացումը մեր իսկ նկատմամբ։
Այդ չարաբաստիկ կարմիր գորգը։
Մենք, բարեբախտաբար, ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ, այսպես ասած՝ դուռ-դռան գտնվող Վրաստան մեկնելու հնարավորություն չունեցողն անգամ կարող է իր տանը համակարգչի դիմաց նստած՝ ոտքի տակ տալ ողջ հողագունդը, մտնել հռչակավոր պատկերասրահներ, Հռոմի փողոցներով քայլել, վայելել ցանկացած երաժշտություն, դիտել մտքովն անցած ֆիլմը ու կարդալ, կարդալ, կարդալ։
Բնականաբար, կարող է հետեւել նաեւ հռչակավոր կինոփառատոնների անցուդարձերին ու տեսնել հեքիաթային գորգը՝ անձկալի աստղաբույլով։
Իսկ աստղերը քանի՞ տեսակ են լինում։ Ըստ իս՝ ընդամենը երկու։ Չափուսահմանն անցած գեղեցիկ եւ մեկ էլ՝ շատ տաղանդավոր։ Եվ այսպես, գորգի վրայով քայլում են գեղեցկուհիները, «ապոլոններն» ու պարզապես տաղանդավորները։
Ինչու՞ են այս մարդիկ «աստղ» կոչվում։ Երեւի թե այն պատճառով, որ սովորական մահկանացուներիս անհասանելի են երկնքի աստղերի պես, եւ նրանց այդքան մոտիկից տեսնելը երկնային պարգեւ է։
Աստղերն էլ գիտեն, որ իրենք երկնային պարգեւ են «հողեղենների» համար, եւ հենց դրա պատճառով են առանձնահատուկ պատրաստվում այդ օրվան, իսկ պատրաստվել նշանակում է՝ ապշեցնել ոչ միայն իրենց գեղեցկությամբ, այլեւ իրենց շլացուցիչ հագուկապով։
Չերկարացնեմ։
Ովքե՞ր են անցնում «Ոսկե ծիրան»-ի գորգի վրայով։ Մենք աստղեր ունե՞նք։ Հիշում եմ, տարիներ առաջ լրագրողը հարցրեց Լյուդմիլա Գուրչենկոյին. «Դժվա՞ր բան է աստղ լինելը»։ Գուրչենկոն դառը ծիծաղեց։ Բառացի չեմ հիշում, թե ինչ ասաց, բայց իմաստն այն էր, որ ծիծաղելի է նույնիսկ նախկին սովետների տարածքում «աստղ» ձեւանալը, երբ այդ «աստղը» հանրային տրանսպորտով է երթեւեկում, երբ պարտք է անում ընկերներից, որ օրվա հաց գնի, որ իր պահարանից քսան տարվա զգեստ է հանում, ձեւափոխում, կարում-կարկատում, որ «նոր» զգեստով զարմացնի իր երկրպագուներին… «Ինձանից ի՞նչ աստղ,- քմծիծաղեց եւ եզրափակեց Գուրչենկոն։ Ահա այսպիսի «աստղեր» են մեր կինոդերասան-դերասանուհիները։ Մենք նրանց տեսնում ենք քաղաքային տրանսպորտում, սրճարաններում, փողոցներում, ցածրաճաշակ սերիալներում, իշխանավորների նախընտրական տեսահոլովակներում՝ հաճոյանալիս (մեղմ ասած)։ Տեսնում ենք հոգնած, շոգից կարմրած կամ ցրտից կապտած, սուպերմարկետներում դրամարկղի մոտ հերթ կանգնած… Կարճ ասած, նրանք մեզանից մեկն են, «երկնքում» չեն, եւ նրանց երկրպագուները տարիներ շարունակ չեն տենչում նրանց «ազիզ տեսքին» արժանանալ, եւ այդպես էլ նրանց տենչը չի իրականանում։ Մտքներին դնեն՝ ամեն Աստծո օր կտեսնեն։
Եվ որքան էլ ջանք թափեն «Ոսկե ծիրան»-ի կազմակերպիչները, որքան էլ նրանց հաջողվի որեւէ ծերացած կինոաստղի քայլեցնել մեր կարմիր գորգի վրայով, միեւնույն է՝ մեր գորգը շարունակում է «խալիչա» մնալ, մանավանդ՝ երբ դրա վրայով քայլում են զանազան ցմփոր պաշտոնյաներ՝ իրենց կանանց հետ, որոնք գուցե իրական կինոաստղերից ոչ պակաս հնարավորություն ունեն թանկարժեք զգեստ հագնելու, բայց, ավաղ, սրանց ճաշակը հիմնականում ողբալի մակարդակի է՝ մեկ, եւ երկրորդ՝ դրանք կինոյի հետ առնչություն ունեն այնքան, որքան ես՝ քվանտային ֆիզիկայի։
Կարճ ասած՝ տխուր տեսարան է, խղճահարություն հարուցող։
Ուրեմն եւ՝ ամենեւին պարտադիր չէ, որ ամեն ինչ պատճենենք։ Կարելի է յոլա գնալ նաեւ առանց այդ կարմիր գորգի։
Սա չարախնդություն չէ, բարեկամի մտահոգություն է։
Ուրախ եւ արգասաբեր օրեր եմ մաղթում «Ոսկե ծիրանի» մասնակիցներին։
‘