‘Լիզա Ճաղարյան. Կկծի՞, թե չի կծի Սուարեսը Սերժիկ Սարգսյանին` սա՛ է խնդիրը’

2950

Այսօր մեր Սահմանադրության օրն է: Տո՜ն է Հայաստանում: Արեւը դեռ չծագած, Հայաստանի երջանիկ քաղաքացիները շնորհավորում են միմյանց, իրար հերթ չտալով պատմում են, թե ինչ փորձանքներից են մազապուրծ եղել շնորհիվ աչքի լույսի պես փայփայվող ու մեծարվող մեր թանկագին Սահմանադրության, եւ թե ինչքա՜ն երախտապարտ են Հայաստանի իշխանություններին, որոնք` քարն էլ տրաքի, երբեք չեն շեղվում մեր երկրի Հիմնական օրենքի նախանշած ուղուց:

Թողնենք` Հայաստանի քաղաքացիներն այսպես տապակվեն երջանկության ճիրաններում, իսկ մենք տեսնենք, թե այս ՏՈՆ օրով ինչ բանի է Սերժիկ Սարգսյանը: Տարօրինակ հարց եմ տալիս, չէ՞: Պա՞րզ չէ միթե` ինչ բանի է: Մենք մեզ համար, ոնց որ միշտ, էլի՛, էստեղ քեֆ ենք քաշու՜մ, քեֆ ենք քաշու՜մ, իսկ ինքը, ոնց որ միշտ` տքնում ու ճգնում է հանուն մեզ, աշխարհի ճամփեքն է մաշում Իսրայել Օրիից էլ դենը քափուքրտնքի մեջ ճղփճղփացնելով:

Բոլորս էլ գիտենք (ով ձեւացնում է, թե չգիտի` պարզապես կույր է, չարակամ ու թշնամու ջրաղացին ջուր լցնող), որ Էս մեր կիսագունդը, որի վրա անհոգությունից հորանջում է ծաղկող Հայաստանը, Սերժիկ Սարգսյանը լրիվ իրենով է արել: Բոլորս էլ գիտենք, որ Հայաստան ասելիս` էս կիսագնդի բոլոր երկրների ղեկավարների ծնկներն ակնածանքից ծալվում են էս նույն Սերժիկ Սարգսյանի իմաստուն եւ անձնազոհ քաղաքականության շնորհիվ: Դե՛, էս կիսագունդը նվաճելուց հետո` շատ բնական է, որ հիմա էլ որոշել է մյուս կիսագունդը նվաճել: Ու մինչ մենք հիմա ապահով ցամաքի վրա «ջան» ենք ասում ու «ջան» լսում, մեր էս բազմաչարչարյալը նենգ օդում տարուբերվում ու տվայտում է, թե ոնց անի, որ հենց ոտքը դնի էն կիսագնդի վրա` Արգենտինային, Ուրուգվային ու Չիլիին էլ մեզանով անի:

Կան, իհարկե, կույր, չարակամ ու թշնամու ջրաղացին ջուր լցնողներ, որոնք քմծիծաղում են, թե` էս գնում ես Հարավային Ամերիկա, որ ի՞նչ անես: Բայց` ոչինչ: Լատինոսներին բուռը հավաքելուց հետո կգա՛ Սերժիկ Սարգսյանը, կբարեփոխի Սահմանադրությունը, ու խիարն այլեւս թարս չի բուսնի:

Ուրուգվայի «մոմենտով» եմ մի քիչ անհանգիստ: Ուրուգվայցի ֆուտբոլիստ Սուարեսին ով մոռանա, Սերժիկ Սարգսյանի թանկագին կյանքի վրա դողացող հայաստանցիներս հաստատ չենք մոռացել, որ էս մեր Սուարեսը բռնեց ու կծեց հակառակորդի ուսը: Բա որ մեկ էլ` բռնի ու կծի մեր հույսուապավենի ուսը: Կամ` քիթը: Կամ էլ` ուռած թշիկները:

Ի՞նչ իմանաս` Ուրուգվայ հասե՞լ են Սերժիկ Սարգսյանի փառապանծ ուղու մասին լուրերը, թե՞ էդ կողմերում դեռ խարխափում են խավարի մեջ, ու չգիտեն, թե ինչ թանկարժեք «ցողուն» է պատիվ արել իրենց` իր այցելությամբ:

Օ՛ֆ, Աստված բարին կատարի: Յուրաքանչյուր երջանիկ հայաստանցու սրտի չափով:

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ դեսպան. Ողջունում ենք Տիգրան Սարգսյանի նշանակումը’
Հաջորդ հոդվածը‘ՖԻՖԱ-ն չի պատժի Ռոբենին կեղծ արարքների համար’