‘
Իրո՞ք այդքան աղմկահարույց ու ծանր հետեւանքներով հղի միտք է արտահայտել Հայկ Մարությանը, որ այսպես իրար է խառնվել «ողջ առաջադեմ մարդկությունը»։
Կարդացի մի քանի անգամ։ Ուզում էի ես էլ ցնցվել, զայրանալ, ահաբեկվել, տագնապի կոչնակը զլել։
Չստացվեց։
Գուցե անփորձության պատճառով իր միտքն այնքան էլ հաջող չի ձեւակերպել Երեւանի քաղաքապետի թեկնածուն, բայց ի՜նչ մի զարմանալի ու տարօրինակ բան է ասել։
Իշխանափոխությունը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությու՞նը չարեց։ Ի դեպ, առանց իր դաշնակից երկու կուսակցությունների աջակցության։ Երկուսն էլ այդ ընթացքում կա՛մ խորհրդավոր լռում էին, կա՛մ մատ էին թափ տալիս ժողովրդին հերթական անգամ պարտության տանող ՔՊ-ի վրա։ Հետո միացան։ Միացան այն ժամանակ, երբ ՀՀԿ-ն էլ սիրով կմիանար, եթե «միացնող» լիներ։
Հետագայում արդեն գրեթե նույն իրավիճակը ստեղծվեց, ինչին ականատես ենք զինադադարի կնքումից ի վեր։ Գրեթե բոլոր կուսակցությունները սկսեցին բռունցք թափահարել, որ պատերազմում Արցախն ու Հայաստանը հաղթել են հենց իրե՛նց կուսակցության շնորհիվ։ Մինչեւ հիմա էլ ասում են։
Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող ուժերը նույնպես առիթը բաց չեն թողնում, որ պատմեն, թե ինչ շռնդալից եւ պատմաբեկումնային դերակատարում են ունեցել իրենք իշխանափոխության գործում, Հանրապետության հրապարակում իրենք որ շարքում էին կանգնած, եւ եթե իրենք չլինեին…
Դե, ձայն փախցնոցիի ժամանակներ են, «սելֆի» ստեղծողի ձեռն էլ դալար մնա, պետք լինի՝ ապացույցներ էլ կբերեն, որ իրենք էլ էին Հանրապետության հրապարակում։
Իսկ Հանրապետության հրապարակում Հայաստանի ժողովուրդն էր, իրենք էլ՝ այդ ժողովրդի մի մասնիկը, եւ պայքարի այդ օրերին ժողովուրդը չէր էլ հիշում, թե իրենցից ով՝ որ կուսակցությունից է։ Ժողովուրդը հանցագործ իշխանությունից ազատվելու հնարավորություն էր տեսել, հնարավորության նախաձեռնողն էլ, հաղթանակ արձանագրողն էլ «Քաղաքացիական պայմանագիրն» էր։ Ուրախ ենք մենք դրա համար, թե էնքան էլ ուրախ չենք՝ էական չէ։ Փաստ է։
Եվ հիմա Հայաստանում, այո՛, սպիտակների ու սեւերի պայքար է։ Սեւերը, այո՛, նախկիններն են՝ սկսած արյունոտ ձեռքերով Քոչարյանից, ավարտած Սերժիկ Սարգսյանի թալանչիներով։
Եթե պարտվի նոր կառավարությունը, իշխանության ղեկին, ավաղ-ավաղ, չեն հայտնվելու այն ուժերը, որոնք հիմա թմբկահարում են իշխանափոխության օրերին իրենց պատմական դերն ու նշանակությունը։ Վերադառնալու են նախկինները, Մարտի 1-ի դահիճն էլ՝ վերադիր։ Վերադառնալու են առավե՛լ մաղձոտած, առավե՛լ ատելությամբ լցված իրենց մերժող ժողովրդի նկատմամբ։ «Վենդետա»-ն դուք այդ ժամանակ կտեսնեք իր ողջ պերճանքով, հիշողության անբուժելի խնդիր ունեցող հայրենակիցներ։ Կտեսնեք նաեւ, թե ինչպես են պատմական դեր ու նշանակություն «կերտածներից» շատերը նորից իծաշարուկ հայտնվում ռոբասերժականների աշխատասենյակներում՝ ծալծլված ողնաշարով ու քծնանքից յուղոտած դեմքերով։ Կամ՝ ինչպես են ճամփա ընկնում սրանց հետ աղոթելու։ Կամ՝ սրանց ոտքերի՛ տակ աղոթելու։
Եվ հաճելի է մեզ այս իրավիճակը, թե՝ ոչ, մեր նախընտրած ուժն է Նիկոլ Փաշինյանի ստեղծած կուսակցությունը, թե էնքան էլ մեր նախընտրածը չի, միեւնույն է՝ արդար եւ ազատ Հայաստան երազողներն այս հանգրվանում պետք է կանգնեն նոր կառավարության թիկունքին։
Որովհետեւ, այո, նրանց պարտությունը միմիա՛յն սեւերի հաղթանակն է լինելու։
Եվ ով սա չի հասկանում, նախկին թալանչիների, մարդասպանների, քրեական տարրերի ու ողորմելի խամաճիկների ճանապարհն է հարթում։
Կամա թե ակամա՝ դրանից բան չի փոխվում։
‘