‘
Եվ այսպես` անմոռուկային լաբիրինթոսում պատեպատ է զարկվում երկու ծայրահեղություն: Մեկի կողմնակիցները լալահառաչ պահանջում են, որ ազգը զօրուգիշեր ողբա, դեմքը ծվատի ու մազերին մոխիր ցանի, որովհետեւ հարյուր տարի առաջ մեզ կոտորել են, եւ եթե բոլորիս աչքերն արցունքներից ուռած չեն, դեմքներս էլ ճանկռոտված չէ, մենք էլ մոխրոտ չենք, ուրեմն` «սա ազգ չի ու շատ էլ լավ` արժանի է էն սեւ բախտին, որի ճիրաններում փոթոթվում է»:
Մյուսի «դրոշակակիրներն» էլ, առանց չափազանցության եւ առանց գունազարդման` տժժում են: Անմոռուկների «գորՁ» են կպցրել` հարստանում են, Եղեռնի հուշարձանի «մանրակերտ» տորթեր են թխում ու ուտում. «անմար կրակն»` առանձին, «կորուսյալ վիլայեթները»` հատ-հատ, «Հիշում ենք ու պահանջում» հատվածն էլ ում բաժին հասնի, ուրեմն` եթե պսակված չի, անպայման կպսակվի, իսկ եթե պսակված է ու տղա զավակ չունի, հարյուրից հարյուր` կունենա:
Փայլուն երեւակայություն ունեցող ազգ ենք, մեր ստեղծագործ միտքը սահմաններ չի ճանաչում, եւ առաջիկայում վաճառասեղաններին կհայտնվեն «Ցեղասպանություն-100» օղիները, «Հիշում ենք» երշիկեղենը, «Պահանջում ենք» ձավարեղենը, «Ով մոռանա, զույգ աչքով կուրանա» չարազ-մարազը, «Մտնենք Սասուն, հասնենք Վան» ներքնազգեստները…
Դպրոցներում էլ ձեռքները ծալած նստած չեն. քամի լինի, թե կարկուտ` երեխաներին պատվո պահակ են կանգնեցնում Եղեռնի հուշարձանի մատույցներում, հետո այդ նույն երեխաները վերադառնում են դպրոց ու «ինքնամոռաց նվիրումով» այդ նույն հուշարձանի մանրակերտն են պատրաստում (ափսոս, տորթ չի, որ պատրաստելուց հետո ուսուցիչները տանեն իրենց տները` ընտանյոք հանդերձ «հայրենասիրաբար» ուտեն), վշտակոլոլ հայրենասեր կանայք անմոռուկագույն շոր-կոշիկ են հագնում, սփյուռքի նախարարուհին էլ` խանդավառված Քիմ Քարդաշյանի այցի արձագանքներով, «մանկական հրճվանքով» բարձրաձայնում է, որ այդ տիկնոջ այցը` Ցեղասպանության մասին շատ լավ «փիառ» էր, եւ տիկին Հրանուշի հրճվանքը հուշում է, որ առաջիկայում` Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Հայաստան ժամանողները լավ «կհանգստանան», իսկ նախարարաց «տոհմն» էլ տեղը տեղին «կհարստանա»:
Եվ այս երկու ծայրահեղ կեցվածքների աղմուկի մեջ խլանում են այն ձայները, որոնք փորձում են ուշքի բերել ե՛ւ ողբասացներին, ե՛ւ նահատակների հիշատակը տոնահանդես ու չարչիական «բազառ» դարձրածներին:
Սրա վերջն ի՞նչ է լինելու: Եթե այս «համազգային շարժումն» այս թափով եւ ոգով շարունակվի, ուրեմն` շատ հիմնավոր նախադրյալներ կան, որ մինչեւ 100-ամյակի տարեվերջ` Սերժիկ Սարգսյանն ու իր «հայրենասեր» խմբակն իրենց երախտագիտությունը կհայտնեն հարեւան Թուրքիային, որ հարյուր տարի առաջ մեզ այդպես ջանադրաբար կոտորեցին: Դրանից էլ լավ «փիա՞ռ»: Թե չէ, ինչպես տիկին նախարարուհին է դիպուկ նկատել` աշխարհը որտեղի՞ց էր իմանալու, որ հողագնդի վրա Հայաստան երկիր կա:
Եվ այս պայծառ համայնապատկերին բնական չէ՞, որ Հիմնադիր խորհրդարանի տղաներին ձերբակալեցին: Բա ի՞նչ անեին: Թողնեին` Եռաբլուրում Սերժիկ Սարգսյանի տոնը փչացնող էն կնոջ նման` հանրապետականների «գորՁին» խփեի՞ն:
Եվ այս երկու ծայրահեղ կեցվածքների աղմուկի մեջ խլանում են այն ձայները, որոնք փորձում են ուշքի բերել ե՛ւ ողբասացներին, ե՛ւ նահատակների հիշատակը տոնահանդես ու չարչիական «բազառ» դարձրածներին:
…Եվ այսպես, ստիպված ենք խոստովանել, որ Ցեղասպանությունից հարյուր տարի անց` մատների վրա կարելի է հաշվել այն մարդկանց, որոնք գիտակցում են, որ անմեղ նահատակների հիշատակի խնկարկման անքննելի եւ միակ ճանապարհն այնպիսի պետություն ստեղծելն է, որտեղ ցանկանան, ձգտե՛ն, երազե՛ն ապրել այդ նույն նահատակների հետնորդները:
Ընդամենը:
‘