‘
Եվ այսպես, որոշ լրատվամիջոցներ կանխատեսում ու չարախնդում են՝ Մարտի 1-ի երթը սակավաթիվ է լինելու (1in.am)։
Իբր չարախնդությունը Հայ ազգային կոնգրեսին է ուղղված, բայց քաղաքական մեծամեծ վերլուծություններ կատարող, սեփական չեղած բարոյականության չափանիշներով անցյալը չափող-ձեւող, ապագան Վանգայի հանգույն «տեսանող» այս մարդիկ կամ չեն գիտակցում, որ իրենց չարախնդությամբ եւս մեկ անգամ «սպանում են» Մարտի 1-ի անմեղ զոհերին, կամ շատ էլ լավ գիտակցում են, եւ իրենց համար միեւնույնն է, որովհետեւ… այդ զոհերն իրենցը չեն, Հայ ազգային կոնգրեսինն են։
Նորություն չեմ ասում։ Ոմանց համար, եւ դրանք, ցավոք, հատուկենտ չեն՝ Մարտի 1-ի ոճրագործությունն իրենց հետ կապ չունի, իրե՛նց չի հարվածել, Հայաստանի քաղաքացու իրե՛նց արժանապատվությունը չի խոցել։ Սրանց գնահատմամբ՝ դա հանցագործություն չէ պետության դեմ, որովհետեւ իրենք չեն համակրում Կոնգրեսին, ուրախ են, որ Կոնգրեսն այս պահին նախկին ազդեցությունը չունի հայաստանյան քաղաքական գործընթացների վրա։ Իրենք նույնպես քիչ դեր չեն կատարել, որ այդ ազդեցությունը նվազի, չեն խորշել ոչ մի ստոր միջոցից, որ վարկաբեկեն Կոնգրեսին, եւ հիմա տոնում են իրենց «հաղթանակը», իսկ որ այդ «վարկաբեկված» Կոնգրեսի պայքարի փոխարեն ոչինչ չեն առաջարկում եւ կամ՝ ինչ էլ առաջարկում են, մի քանի օրվա ֆեյսբուքյան քննարկումներից այն կողմ չի անցնում՝ կարեւոր չէ, կարեւորը հորթային հրճվանքի պատճառն է՝ Կոնգրեսն այլեւս է՛ն չի, եւ ա՛յ կտեսնեք, Կոնգրեսի կազմակերպած մարտիմեկյան երթը բազմամարդ չի լինելու։
Այսպես տարիներ առաջ չարախնդացողներ, նույնիսկ միմյանց շնորհավորողներ կային 1999-ի Հոկտեմբերի 27-ին եւ հետագա օրերին։ Հայաստանն այդ չլսված-չտեսնված ոճրագործությունից հետո միմիայն հետընթաց է ապրել, բայց մինչեւ օրս դեռ մոզու նման տրտինգ տվողներ ու «նարկոման-ռոմանտիկներին» հերոսացնողներ կան։ Ի՞նչ կարեւոր է, որ պետությունը ոչինչ չշահեց, իսկ կորուստներն անհաշիվ են։ Կարեւորն այն է, որ Ազգային ժողովում գնդակահարվածներից մեկին կամ երկուսին իրենք բոլորովին չէին սիրում։
Ուրեմն ինչու՞ զարմանանք, որ այսօր էլ չարախնդացողներ կան, Մարտի 1-ի երթի սակավաթիվությանն անհամբեր սպասողներ կան, որպեսզի հետո մի անգամ էլ հաստատեն «խոր եւ համապարփակ» վերլուծություններով, որ Կոնգրեսի համակիրները նվազել են։
Նվազել են, թե չեն նվազել, շատ են նվազել, թե՝ քիչ, այս անդրադարձիս նպատակը չէ։ Նպատակը մեկ անգամ էլ հիշեցնելն է, որ 2008 թվականի մարտի 1-ին Հայաստան պետության դեմ աններելի հանցագործություն է կատարվել։ Անզեն ժողովրդի դեմ զինված զորք է հանվել, վարձու մարդասպանների են քսի տվել ցուցարարների վրա, եւ Հայաստանի տասը (առնվազն) անզեն քաղաքացի է սպանվել մայրաքաղաքի կենտրոնում։ Եվ մինչ օրս ոչ ոք չի պատժվել այս ոճրագործության համար։ Եվ դիտորդի նման կողքից նայող եւ Կոնգրեսի կազմակերպելիք երթի մասնակիցներին հաշվողներն ինչո՞վ են տարբերվում նրանցից, ովքեր հաշվում են Եղեռնի զոհերի հիշատակի օրը Ծիծեռնակաբերդ այցելողներին ու չարախնդում՝ այս տարի անցած տարվա համեմատ քիչ էին։ Միայն մեկ բանով՝ առաջին դեպքում ուրախացողները կարող են միայն այդ Եղեռնն իրականացնողների ցեղակիցներից լինել, իսկ Մարտի 1-ի դեպքում չարախնդացողները մե՛ր ցեղակիցներից են։ Հայաստանում ոչ ոք Եղեռնի անմեղ զոհերի հանդեպ ցավն ուրիշինը չի համարում, համարում է իրենը, բոլորինը։ Եվ այդ օրը մարդիկ ինքնակազմակերպվում են. դեպի Ծիծեռնակաբերդ են ճանապարհվում կուսակցական խմբերով, աշխատակիցներով, ընտանիքներով, միայնակ…
Եթե այս չարախնդացողները կամ առանց չարախնդության պարզապես Կոնգրեսին չհամակրողները պետության քաղաքացիներ են, ոչ ոք չի պարտադրում իրենց, որ անպայման միանան Կոնգրեսի երթին, ոչ ոք չի արգելում իրենց՝ անմեղ զոհերի հիշատակը հարգել «սեփակա՛ն» երթով։
Թե՞ «գետի այս ափից» դեպի այն ափը բռունցք թափահարելը հեշտ է, որովհետեւ թշնամին հեռու է, իսկ Մարտի 1-ի դեպքում այդ թշնամին մեր կողքին է, իսկ մենք էլ դե «ընտանիք ենք պահում»։ Սին պատրանք է, որ պահում եք։
Հիշատակի երթը քաղաքականացնելով ու հեգնելով՝ դուք դառնում եք անմեղ զոհերի սպանության մասնակիցը, ահաբեկչության ու բիրտ ուժի հովանավորը, օրեցօր լկտիացող իշխանության զոհասեղանը հենց ձե՛ր ընտանիքների անդամներով հարստացնողը։ Անթաքույց բարձրաձայնելով, որ ձեզ հրճվանք է պատճառում Կոնգրեսի սակավաթիվությունը, նույնքան անթաքույց խոստովանում եք, որ նույնկերպ հրճվել եք նաեւ 2008-ի արյունոտ մարտի 1-ին, եւ որ անզեն ցուցարարների դեմ գազանություններն ու սպանությունները մինչ օրս ձեր կյանքը «զարդարող» քաղցր հուշերից են։
‘