‘Լիզա Ճաղարյան. Հիվանդասենյակ N6, կամ` դեռ երկա՞ր «պըտի» սրանց հանդուրժենք ‘

6989

Դահլիճում մեռելային լռություն էր:

Ոչ փուչիկի ֆսսոց էր լսվում, ոչ` մկան ծվծվոց, ոչ` հավի կչկչոց, ոչ` խոզի խռխռոց, ոչ`ինտելեկտուալ հոգոց, ոչ` գրագետ գվվոց, ոչ` անգրագետ գմփոց: Ոչ էլ, բնականաբար` ճանճի տզզոց:

Պոլիտբյուրոյի ողջ կազմը, հիացմունքից հալումաշ շունչը փորը գցած, հնազանղ թաթիկները ծնկներին փռած` իր կոմերիտական կայծկլտուն հայացքն ուղղել էր ամբիոնին, որտեղ նստած էր «գրագետը» ու վարժ ընթերցում էր այն պատմաբեկումնային տեքստը, ըստ որի` այդուհետ «պըտի» առաջնորդվեին «գրագետն» ու իր հավատարիմ դրուժինան:

Պահը դյութական էր եւ օրհասական:

Երբեմն-երբեմն` դյութական ու օրհասական պահը նկարահանող օպերատորի ուշադրության կենտրոնում հայտնվելու ժամանակ` կոմերիտականների արձանները կենդանության նշաններ էին ցույց տալիս: Մեկն աչքերից սիրո դեղին շիթ էր բոցարձակում դեպի «գրագետը»` մեթանով լցված փուչիկի նման, մյուսը հանգամանալից ֆենած ու լաքած գլուխն էր տմբտմբացնում` հավատարիմ հավիկի նման, երրորդը` վիզը ձգում էր այնքան, որ թվում էր` ուր որ է` ուսերից կպոկվի նրա լերկ գագաթը, կգլորվի «գրագետի» ոտքերի տակ ու կասի` տրորի՛ր ինձ, տրորի՛ր, ճխլի՛ր հայրաբար, ինչ կուզես` արա՛, միայն թե` կերս չպակասի, պահեստապե՛տ իմ գրագետ:

Իսկ գրագետն «ինքնախոստովանական ցուցմունքի» ճիրաններում խոշտանգում էր ու խոշտանգում ինքզինքը:

Ինքը տարիներ շարունակ հովանավորել է «հանցագործի»: Ու որոշել է, որ այլեւս «չպըտի» հովանավորի:

Ինքը գիտեր, որ այդ «հանցագործը» ի՛ր նման գրագետ չէ, բայց նրան քանիցս առաջարկել է բարձր պաշտոններ: Այլեւս «չպըտի» առաջարկի:

Ինքը միշտ ամոթից գետինն է մտել, երբ այդ «հանցագործը» արտերկրում ելույթներ է ունեցել: Այլեւս «չպըտի» թույլ տա, որ նա արտերկրում  խայտառակի մեր «հայրենիքը», ինչի ինքը վա՞տ է խայտառակում, սրանից հետո «պըտի» միայն ի՛նքը խայտառակի:

Ինքը կարծում է, որ «հայրենիքը» կրկես չէ, եւ ինչպես միշտ` հիմա էլ «պըտի» այնպես անի, որ «հայրենիքը» անասնաֆերմայի կերակրատաշտ մնա:

Ի՛նքը «պըտի» հրահանգի, թե ում մականունով դիմեն, ում` ոչ: Ու իր ինքնախոստովանական ցուցմունքից հետո դահլիճում նստած կոմերիտականները գիտեն, թե այսուհետ ում «պըտի» մականունով դիմեն:

Ինքը գիտի, որ «այբը» «այբ» է, բայց դեռ չգիտի, որ «բեն»-ն էլ «բեն» է, ոչ թե` «բե», բայց շուտով «պըտի» Սահմանադրությունը փոխեն` արտագաղթածների ու հանգուցյալների միասնական ջանքերով. հետագայում «բեն»-ն էլ կսովորի:

Դրուժինան հասկացա՞վ, որ ամեն ինչ «պըտի» անի` իշխանությունը պահելու համար, հասկացա՞վ, որ եթե չպահի` իրենից սկսած` ողջ դրուժինայով պրծացրած` «ցմահ մահապատժի» վտանգ է կախված իրենց գրագետ ու անգրագետ գլխներին:

Հասկացավ:

Հավսա՜ր, զգաստ: Քայլով մա՛րշ դեպի խոսափողերը:

Ու «հայրենիքի» գաղջ մթնոլորտը թնդացրեցին փուչիկների ֆսֆսոցները, մկների ծվծվոցները, հավերի կչկչոցները, խոզերի խռխռոցները, ինտելեկտուալ հոգոցները, գրագետ գվվոցները, անգրագետ գմփոցները: Ու բնականաբար` ճանճերի տզզոցները:

…«Հայրենիքը» վերջապես հասկացա՞վ, որ սրանց «պըտի» շպրտի իր ուսերից, թե՞ դեռ էլի է սպասելու «պըտի»-ների:

Նախորդ հոդվածը‘Պրեմիերա. Հանդիպումներ, որոնք չարժե բաց թողնել’
Հաջորդ հոդվածը‘Դոնբասի աշխարհազորը ներկայացրել է հրադադարի իր պայմանները’