‘Լիզա Ճաղարյան. Հղփացածությունից «հարբած փղերի» ժամանակը ‘

2474

Մի կուշտ ծիծաղեցինք, մի կուշտ ծաղրեցինք, մի կուշտ ամաչեցինք Երկրապահ կամավորականների միության համագումարում գեներալ Մանվելի` իր շեֆին «վերջի(ն) բոլշեւիկ»-ով «պատվելու» եւ դահլիճում հավաքվածների «ադաբրյամս» քրքջոցի համար, ու սա էլ անցավ գնաց:

Ժողովրդի լեզվով ասած` իշխանավորները մաջալ չեն տալիս` սկսած Սերժիկ Սարգսյանով ու վերջացրած կարենավագյան-արմենաշոԾյաններով, եւ օր չկա, որ նրանց խայտաբղետ ներկայացուցիչներից մեկնումեկը մի արտառոց բլթոց չարձակի` ստիպելով, որ հասարակությունը երբեք չմոռանա` Հայաստանի ղեկը հղփացածությունից մթագնած ուղեղներով «հարբած փղերի» ձեռքին է, եւ այդ ղեկն անպայման պետք է խլել դրանց ձեռքից`հենց հանուն Հայաստանի Հանրապետության:

Բայց ծիծաղը` ծիծաղ, ծաղրը` ծաղր, ամոթն էլ`ամոթ` իրենց փոխարեն, ամեն դեպքում արդար լինենք. գեներալն ակնհայտորեն ինքն էլ չհասկացավ, թե ինչ է ասում` դատելով հետագայում իր «լաբիրինթոսային» պարզաբանմամբ, թե ինչու է նման բան ասել: Շատերս դեռ հիշում ենք, որ տարիներ առաջ մեր այս նույն պարոն գեներալը մի լրագրողի ասաց` էդ տելեվիզորը դենը տար, ու «տելեվիզոր» ասելով` նկատի ուներ ձայնագրիչը: Գուցե այս դեպքում էլ պարոն գեներալը «բոլշեւիկ» ասելով նկատի է ունեցել չեկի՞ստ: Ո՞վ իմանա:

Դե, գաղտնիք չէ, որ գեներալ Մանվելը, մեղմ ասած, գրագիտությամբ չի փայլում, եւ ոչ ոք այդ փաստին բուռն հեգնանքով չէր արձագանքի, եթե գրագիտության այդ պաշարով նա Ազգային ժողովի պատգամավոր չդառնար եւ արդեն որերորդ անգամ միաձայն ԵԿՄ նախագահ չընտրվեր` սպառնալով Հայաստանի քաղաքացիներին, որ եւս երեսուն տարի շարունակելու է ղեկավարել այդ կառույցը, այլ լիներ հազարումի այն երկրապահներից մեկը, որոնցից ոմանք նույնպես չեն փայլում գրագիտությամբ, բայց ոչ ոք նրանց վրա չի ծիծաղում, չի ծաղրում ու չի ամաչում, որովհետեւ այդ մարդիկ ոչ իրենց հերոսական կենսագրությունը հասարակության քթի առաջ թափ տալով միլիոններ են կուտակել, ոչ «գյուղի քյոխվայի» պես են պահել իրենց, ոչ Ազգային ժողով են խցկվել, ոչ էլ Երկրապահների համագումարում հերթ են կանգնում, որ Սերժիկ Սարգսյանն անցնելիս իրենց ոտքը «ախպերաբար» տրորի` իրենք էլ հաճույքից տնքան, այլ ապրում են դառնաղի կյանքով` ինչպես ՀՀ քաղաքացիների մեծամասնությունը: Ու չենք հեգնում` հասկանալով, որ պատերազմի դաշտում քաջաբար կռվելու կամ զենքի հմտություններին տիրապետելու համար գուցե ցանկալի է, բայց պարտադիր չէ իմանալ, թե հայերենը քանի հոլով ունի, Վան Գոգն ինչու է ականջը կտրել կամ «Հարյուր տարվա մենությունը» կարդալու, թե ուտելու բան է:

Թե ինչու են երկրապահները լուռումունջ հանդուրժում, որ իրենց միության գործունեությունը խեղկատակության վերածվի` հազարումի տխուր ենթադրություն կարող ենք անել, բայց քանի դեռ իրենք չեն ընդվզում` մեր ենթադրություններն արտահայտելու շեմը չենք կարող խախտել, որքան էլ որ հոգիներս մղկտա:

Ամեն դեպքում` ով կհամաձայնի — ով կհակադրվի, իմ խորին համոզմունքն է`Երկրապահների միության այլակերպումն սկսվեց Հոկտեմբերի 27-ի հրեշավոր կոտորածից հետո, երբ շատուշատ երկրապահներ շարվեշարան սկսեցին «մոռանալ», թե ոնց ստացվեց, որ օրը ցերեկով խորհրդարան ներխուժեցին վարձու մարդասպանները եւ սպանեցին իրենց սիրելի Սպարապետին, եւ որ այդ ժամանակ մեր երկրի առաջին դեմքերի անվտանգության պատասխանատուն այդ նույն Սերժիկ Սարգսյանն էր, որի «իմաստուն» ճառն այդքան «հիացմունքով» կլանում էին Համալիրի լուսավոր դահլիճում:

Եվ զարմանալի չէ ու սպասելի էր, որ Վազգեն Սարգսյանին ուրանալուց հետո պետք է ուրանային նաեւ պատերազմի ու հաղթանակի տարիների իրենց Գերագույն հրամանատար Լեւոն Տեր-Պետրոսյանին:

 

Նախորդ հոդվածը‘Ջրծաղիկից մահացած զինծառայող Հայկ Խաչատրյանի գործով դատական նիստը հետաձգվեց’
Հաջորդ հոդվածը‘Ուզբեկստանում ձերբակալել են նախագահի դստեր մտերիմներին, այդ թվում՝ նրա «աջ ձեռք» Գայանե Ավակյանին ‘