‘Լիզա Ճաղարյան. Ձեզ հարց տվեք` ովքե՞ր սրեցին Սերժիկ Սարգսյանի գերանդին’

3144

Առավոտից ձերբակալվել են ու շարունակում են ձերբակալվել Հիմնադիր խորհրդարանի աչքի ընկնող անդամները:

Չեմ զարմացել ու չեմ ցնցվել:

2008-ի արյունոտ մարտի 1-ից, առնվազն տասը ՀՀ քաղաքացիների գնդակահարությունից, գազանային հարձակումներով խաղաղ ցուցարարներին ոստիկանության բաժանմունքներ քարշ տալուց եւ երկու հարյուրից քիչ պակաս քաղբանտարկյալներ ունենալուց հետո` կզարմանան ու կցնցվեն միայն այն մարդիկ, որոնց մեծ հաճույք է պատճառել իրենց «չսիրած» Շարժման կոտորածը, իսկ ահա՛ այսօրվա ձերբակալություններն իրենց սրտով չեն: Եվ կամ` նրանք, ովքեր այդ օրերին շատ «զբաղված են» եղել ու «չեն նկատել», թե ինչ է կատարվում մայրաքաղաքի կենտրոնում, իսկ այսօր` հանկարծ սկսել են նկատել:

Հատկապես այս պահին գուցե շատ դառը թվա ասածս, բայց ի՞նչ արած` չասել չեմ կարող, որ հենց ձերբակալվողներն ու «ջոկովի» արդարություն փնտրողներն են օգնել Սերժիկ Սարգսյանին ու իր ավազակախմբին` ծովը ծնկներից զգալ:

Այլ ընդդիմադիր ուժերի հետ համախմբվելու եւ միակամ բազմագլուխ դեւի դեմ պայքարելու փոխարեն` ինչո՞վ էին զբաղված մանր-մունր ընդդիմադիր խմբակները (խոսքս այն «ընդդիմադիրների» մասին չէ, որոնք այժմ հերթ են կանգնած սերժիկյան կանտորայի առջեւ` պաշտոնների ակնկալիքով): Բոլորս էլ գիտենք, թե ինչով էին զբաղված. զբաղված էին իրենց «չսիրած» ընդդիմադիր ուժերի պառակտմամբ եւ ջլատմամբ:

Սրանից ավելի` է՞լ ինչ կարող էր երազել Սերժիկ Սարգսյանը:

Մեկ էլ` կարող էր երազել, որ որեւէ ընդդիմադիր ուժ դատավորի պատմուճան հագներ ու գրեթե կիսաստվածի կեցվածքով որոշեր, թե ով իրավունք ունի պայքարելու հանցագործ իշխանության դեմ, ցուցակ կազմեր, թե ովքեր իրավունք ունեն Ազատության հրապարակի հարթակ բարձրանալ, եւ ովքեր` ոչ, ովքեր բարոյական իրավունք ունեն ազատության ձգտելու եւ իրենց ակցիաներին մասնակցելու, եւ ովքեր պետք է սսկվեն ու ազատության համար պայքարին հետեւեն վարագույրի հետեւից, որովհետեւ ահա՛ այս «դատավորները» նրանց համար ազատություն չեն նախատեսել:

Երազեց ու հեշտորեն ստացավ Սերժիկ Սարգսյանը: Դատավորներ` ինչքան ուզենք:

Հիմա էլ գերանդին առել ու հունձ է անում: Հնձվողները հենց այս նույն «դատավորներն» են, որոնք, միայն իրենց է հայտնի, թե ինչ չափանիշներով` չափում-չափչփում էին, թե ով իրավունք ունի մոտենալու «հայրենիքի ազատագրման զոհասեղանին», ով` ոչ: Չլինի՞ այդ զոհասեղանին փլավ էր դրված, ու «զոհվողների» յուղոտ պատառն էինք փախցնելու: Գուցե միակամ ազատվեի՞նք այս վայրագ ռեժիմից, հետո՞ «դատավորները» պատի տակ շարեին մեղավորներիս…

Իսկ ամենադառնաղին այս պատմության մեջ այն է, որ նույնիսկ այսքանից հետո ոչինչ չի փոխվելու, եւ մանր-մունր ընդդիմադիր խմբակները շարունակելու են իրականացնել Սերժիկ Սարգսյանի «լուսավոր» երազները: Կամա թե ակամա` ամենեւին էական չէ: Էականն այն է, որ այդ «կամա-ակամա» անհեթեթ ու կարճատես սեթեւեթանքներն ավելի ու ավելի ինքնավստահ ու լկտի են դարձնում Սերժիկ Սարգսյանին: Եվ այսօրվա ձերբակալությունները նորանոր ահաբեկությունների սկիզբն են ընդամենը:

«Կայուն» դաշնակ Արմեն Ռուստամյանը` վկա:

Հ.Գ. Ոտքերն ամպոտ դատավորներ, հանկարծ չտարածեք այս ցավով ասված խոսքս. ես ախր էն անարժան ու մեղքերի մեջ թաղված Կոնգրեսի համակիր եմ:

Նախորդ հոդվածը‘Փաստաբանին թույլ չեն տվել մասնակցել Թորոս Սևիլյանի հարցաքննությանը’
Հաջորդ հոդվածը‘Գրանորություն. Հերման Հեսսեի «Տափաստանի գայլը»’