‘Լիզա Ճաղարյան. Ձեզ մայր չի ծնել, համազգեստավոր կամակատարներ’

2211

Այսօր նորից խաղաղ պայմաններում բանակում սպանված զինվորների մայրերը Բաղրամյան 26-ի դարպասի մոտ էին: Իրենց զավակների լուսանկարները գրկած:

Ինչեր կտային, վստահ եմ` նաեւ իրենց կյանքը, գեթ մեկ անգամ իրենց որդիներին նորից գրկելու համար: Չեն կարող: Այս սեւազգեստ կանանց որդիները մեկնել են բանակ եւ խաղաղ պայմաններում սպանվել կամ «ինքնասպանվել», եւ նրանք հիմա կարող են միայն իրենց երեխաների լուսանկարները գրկել:

Աշխարհիս երեսին կա՞ առավել ահավոր ցավ, քան որդեկորույս մոր կսկիծն է: Նման մարդկանց տեսնելիս` բացի անզորությունից լալկվելուց, մխիթարանքի բառ փնտրելուց եւ չգտնելուց, այլ զգացում հնարավո՞ր է ապրել:

Ինչ ծամծմված-մաշված մտքեր եմ ասում, չէ՞: Ինչ կարիք կա, չէ՞, ասելու բաներ, որոնք այնքան հայտնի ու հին են, որքան մարդկությունը:

Հայաստանում, որքան էլ զարհուրելի է, կարիքը կա՛ հիշեցնելու, թե ինչ ասել է` երեխա կորցրած մայր: Ավելին` բանակում խաղա՛ղ պայմաններում սպանված զինվորի մայր: Իր զավակին սպանողների արդար պատիժը տեսնելու մեջ մխիթարանքի փշուրներ զուր փնտրող մայր:

Հայաստանում կարիքը կա՛ հիշեցնելու, որովհետեւ այդպիսի մայրերին մեր երկրում, այսպես կոչված, «օրենքի պաշտպանները» կարող են քաշքշել, խփել, վիրավորել, ծաղրել, սպառնալ, կարող են դարձնել վիրավոր գազան եւ հուսահատության, անսահման վիրավորվածության ու անզորության զգացումից նյարդային ցնցումների մեջ ընկած կանանց գլխին լկտիաբար ու սադիստաբար մատ թափ տալ. «Ոստիկանին չի կարելի խփել»:

Եվ ինչի՞ համար, ի՞նչ աններելի, սահմռկեցնող հանցանք կարող են գործած լինել այդ սգավոր կանայք, որպեսզի ոստիկան կոչեցյալի բանականությունը մթագնի այն աստիճան, ոստիկան կոչեցյալն այնքան կորցնի մարդկային դեմքը (եթե, իհարկե, ունի դրանից), որ մոռանա, թե ովքեր են իր դիմաց կանգնածները, եւ ազատություն տա իր ձեռքերին:  

«Աններելի, չլսված-չտեսնված ոճիր» են գործել այդ կանայք: Նրանք, պատկերացնու՞մ եք,  համարձակվել են իրենց սպանված երեխաների լուսանկարները կրծքներին սեղմած` կանգնել «սրբավայր» Բաղրամյան 26-ի դարպասի մոտ ու արդարություն պահանջել այդ դարպասի մյուս կողմում զավթված բազկաթոռին լխկածից: Այսինքն, իր որդու լուսանկարը (հիշեցնեմ` լուսանկարը սովորական, անվնաս թուղթ է, ռումբ չէ ու պայթելու հատկություն չունի) ձեռքին դարպասի մոտ խաղաղ կանգնած սգավոր մորը կարելի է քարշ տալ Բաղրամյան փողոցի ողջ լայնքով` առանց բացատրություն տալու, թե ինչ ահասարսուռ վտանգ են ներկայացնում այդ անպաշտպան կանայք «նախագանոցում» մարաղ մտած «մեծարգո» լխկածի համար, եւ թե ինչ պետականակործան ու ազգասպան արհավիրքներ կարող են պատահել, եթե չորս կամ հինգ սեւազգեստ կին մի քանի ժամ կանգնեն այդ նզովյալ դարպասի մոտ:

Ոստիկանին չի՞ կարելի խփել, պարոնայք համազգեստավոր կամակատարներ: Սխալվում եք, այն էլ ո՜նց է կարելի: Ինքնապաշտպանությունը քրեորեն պատժելի արարք չէ, եթե նույնիսկ քեզ վրա հարձակվողը ոստիկանի համազգեստով է: Եթե ոստիկանը ապօրինաբար հարձակվում է անմեղ, հանցանք չգործած մարդու վրա, այդ մարդն ուղղակի պարտավոր է պաշտպանվել` ինչպես կարող է եւ ինչքան կարող է: Որովհետեւ, պարոնայք համազգեստավոր կամակատարներ, Հայաստանի խաղաղ քաղաքացիները ձեր ճորտերը չեն, իսկ դուք էլ` ձեր աննման ու վսեմաշուք հատկությունների համար չեք համազգեստի մեջ խցկվել, այլ ընդամենը խնամի-ծանոթ-բարեկամ-կաշառքի միջոցով եք հայտնվել ոստիկանական համակարգում: Եվ եթե Հայաստանում օրենքները գործեին, ոչ թե ամեն օր ու ամեն ժամ ոտնահարվեին, ձեզանից շատերը բազմահատոր օրինազանցությունների համար հիմա նստած կլինեին այն բանտախցերում, որտեղ հիմա ազատություն են երազում տասնյակ քաղբանտարկյալներ եւ բազմաթիվ անմեղ կամ չնչին զանցանքներ կատարած մարդիկ:

Պնդում եմ. խաղաղ եւ անզեն քաղաքացու վրա հարձակվող ոստիկաններին կարելի է եւ պետք է հակահարված տալ, քանի որ սրանց «ոստիկան» լինելու մասին միայն համապատասխան համազգեստն է հիշեցնում: Այդ համազգեստների պարունակությունը վաղուց ի վեր ընդամենը շատ տխուր ու եղկելի հիշողություն է ոստիկանի մասին: Այդ պարունակության ծնկները սարսափից ծալվում են իրական հանցագործների, մարդասպանների առջեւ, այդ պարունակությունը չորեքթաթ սողում է Սերժիկ Սարգսյանի ավազակախմբի առջեւ ու նվաստանում սրտխառնուք առաջացնելու աստիճան: Այդ պարունակությունը` ներքինու հոգեբանությամբ, ազրեիլ է կտրում միմիայն Սերժիկ Սարգսյանի հանցագործ ու չնչին գոյության մասին հիշեցնողների առաջ, խաղաղ ցույցերի ու ակցիաների մասնակիցների առաջ,  սգավոր ու անպաշտպան մայրերի առաջ:

Եվ վերջապես` այդ պարունակության ձեռքերն արյունոտ են, եւ քանի դեռ հայտնաբերված ու պատժված չեն Մարտի 1-ի առնվազն տասը զոհերի դահիճները, ոստիկանության ողջ կազմը կասկածյալ է` սկսած Օսիպյան-բազազով, վերջացրած «չսատկած» Երանոսյանով եւ «աղոթած» Գասպարյանով:

Լիզա Ճաղարյան

 

Նախորդ հոդվածը‘Գնացքի աղետ ԱՄՆ-ում. հինգ զոհ’
Հաջորդ հոդվածը‘Թուրքիան ոչ օրինաչափ է համարում Ռուսաստանի գործողությունները Ուկրաինայի և Վրաստանի հանդեպ’