‘Լիզա Ճաղարյան. Ճշմարիտ, ճշմարի՛տ է ասում Սեյրան Սարոյանը’

2092

Նույնիսկ հանրապետական վերնախավն է միսուարյունից բաղկացած, եւ նույնիսկ նրանց շարքերում կարող են լինել մարդիկ, որոնք «թե գըրբացի չար ջանքով, գիր ու կապով, բըժժանքով», թե` ոնց, մեկ էլ հանկարծ հիշում են, որ իրենց դղյակներից, «օբեկտներից», կազինոներից, սաունաներից անդին` ժողովուրդ կա, որի մասին նույնպես պետք է մտածել:

Իրար չխառնվեք, հանրապետականններ, պետք չէ շատ մտածել (դուք որ շատ եք մտածում` գլուխներդ ցավում է), ամեն օր` առավել եւս, հաճախ` նույնպես, նույնիսկ` երբե՛մն չարժե մտածել, այլ ընդամենը-ընդամենը` մե՜ն-մի անգամ, ինչպես այսօր օրենսդիր մարմնի ներկայացուցչին վայել մակարդակով իր կուսակիցներին հորդորեց գեներալ Սեյրան Սարոյանը:

Առանց աղի-աղի արցունք թափելու հնարավո՞ր էր ունկնդրել ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սեյրան Սարոյանի հոգու աղիողորմ ճիչը, որը նաեւ ապագայում` Սերժիկ Սարգսյանի գլխավորած կուսակցության վերնախավի դեմ հարուցված քրեական գործի բազմահատորյակի էջերում ամենապատվավոր տեղը կարող է գրավել` որպես ինքնախոստովանական ցուցմունք. «Արեք, էս մի անգամ էլ մի քննարկեք, արեք` էս մի անգամ էլ ժողովրդի սրտովն անենք: Ես տենում եմ, որ սաղիս մտքին էլ կա, որ ժողովրդի սրտով ըլնի, ի՞նչ ենք քննարկելու էդքան, բերեք ոնց կա, տենց թողնենք, մարդիկ էթան-աշխատեն, էլ ի՞նչ եք քննարկելու, ասեք` տենամ, ի՞նչ պիտի խաբեք ժողովրդին»:

Ահա այսպես. Սեյրան Սարոյանը «տղամարդավարի»` ինչը եւ պահանջում էր իր կուսակիցներից, խոստովանում է, որ իշխող կուսակցությունը երբեք չի մտածել ու չի մտածում ժողովրդի մասին, մշտապես խաբել է Հայաստանի քաղաքացիներին, ու կոչ է անում գեթ մեկ անգամ «տղամարդավարի» քվեարկել «Շրջանառության հարկի» մասին օրենքը չփոխելու օգտին: Հենց այն նույն օրենքը, որի փոփոխությանը կողմ է քվեարկել հենց այս նույն հանրապետական պատգամավոր Սեյրան Սարոյանը:

Բայց «արեք» չմանրանանք. ինչպես հանրապետական պատգամավորներից շատ-շատերը, այնպես էլ` Սեյրան Սարոյանը, հաստատ տեղյակ չի եղել, թե ինչի օգտին է քվեարկում: Բաղրամյան 26-ից ծտի թեւով նամակ է տեղ հասել, թե` «կողմ» կոճակը կսեղմես, ինքն էլ սեղմել է, ումի՞ց է պակաս:

«Արեք», առայժմ միայն աղի-աղի արցունք թափենք, որովհետեւ մեկ էլ ո՞վ գիտի, թե երբ հանրապետականներից որեւէ մեկը կամովին նման համուհոտով ցուցմունք կտա արդարադատությանը:

Շեշտենք` ապագայի՛ արդարադատությանը: Ներկայիս սերժիկասարգսյանական «արդարադատություն» կոչեցյալը, բնականաբար, ականջի հետեւը կգցի գեներալ Սարոյանի` ներկա իշխանությունների հանցագործ ռազմավարությունը բացահայտող այս ելույթը (տասնյակ սպանություններ են ականջի հետեւը գցել, էս «անմեղ» խոսքն ի՞նչ է, որ ուշադրություն դարձնեն): Առնվազն մի քանի հանրապետականներ` չալաղաջի սեղանի շուրջը հռհռալով կասեն. «Էդ էլ բան է՞ր, որ բըլթըցրիր, ա՛յ գեներալ ախպեր ջան, քու տղամարդ կենացը», գեներալ Սեյրանն էլ մեծահոգաբար կասի. «Ա՛յ, էս կտորը վեկա՛լ, էս մինը լավ յուղոտ ա», ու օրենսդրական բարձրամակարդակ այս քննարկումը կավարտվի առանց զոհերի ու վիրավորների:

Պնդողներ կան, որ հանրապետականներին` իրենց ղեկավարի գլխավորությամբ, սարսափեցնում է հոկտեմբերի 10-ի հանրահավաքը, դրա համար են հանկարծ սկսել հիշել, որ կարելի է է՛ս մի անգամն էլ չխաբել ժողովրդին ու ժողովրդի արդար պահանջը կատարել:

Չար, շա՜տ չար մարդիկ են ասողները, մի հավատացեք: 

Նախորդ հոդվածը‘Հովիկ Աբրահամյան. Նոր մարտի 1 եք ուզո՞ւմ (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Բրիտանացի զինվորականները Իրաքից, որպես հուշանվեր՝ բերել են խորհրդային տանկեր’