‘Լիզա Ճաղարյան. Մա՛րդ եղեք՝ Հարութին բուժեք’

4497

Լրատվամիջոցներում լուր տարածվեց, որ ոմն Հարութ Սասունյան դիմել է Գլենդեյլի «Մեմորիալ» հիվանդանոցի բժիշկներին՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի բուժումը մերժելու պահանջով։ Այս լուրը, նախ, զարմանք հարուցեց, թե ով դարձավ այս «ոմն»-ը, որ նրա այս ճղճիմագույն արարքն ուշադրության առարկա դարձավ։ Զարմանքին ու խորշանքին հաջորդած անզուսպ ծիծաղիս մասին չեմ կարող չգրել։

Եվ ուրեմն, մի կուշտ ծիծաղեցի։ Մեկ էլ հանկարծ լրջացա՝ հոգեկան խնդիրներ ունեցող մարդու վրա ծիծաղելը լավ բան չէ, մի հատ փորփրեմ ինտերնետը, տեսնեմ՝ Սասունյան կոչեցյալն անբուժելի՞ հիվանդ է, թե՞ բժիշկները դեռ աղոտ հույս տալիս են։ Եվ ի՞նչ պարզվեց։ Պարզվեց՝ այս մարդն ավարտել է ԱՄՆ-ում հայտնի Կոլումբիայի համալսարանը եւ աշխատել ՄԱԿ համակարգում: Սրան նույնիսկ մագիստրոսի կոչում են տվել: Ու միանգամից հասկացա, որ ոչ մի դեպքում զարմանալ, խորշել ու ծիծաղել պետք չէ: Որովհետեւ, եթե մարդը կարող է գնալ Հիպոկրատին երդում տվածների մոտ ու պահանջել ՉԲՈՒԺԵԼ վատառողջ որեւէ մեկի՝ հայ լինի, թե աֆրիկացի, ամերիկացի, թե բելգիացի, սպիտակամորթ, թե սեւամորթ, քաղաքական հակառակորդ, թե երդվյալ թշնամի, իսկ տվյալ դեպքում՝ իր հայրենիք-պետության (չկասկածեք, որ Սասունյանը Հայաստանը համարում է իր սիրասուն հայրենիքը ու «պարապ վախտերը» ճռճռան բաժակաճառեր է հղում դեպի էս կողմերը) հիմնադիր Նախագահին (անկա՛խ վերաբերմունքից), ապա այդ մարդը, բացի այն անհերքելի իրողությունից, որ կատարելապես բարոյազուրկ է, եւ որին համալսարանական ու միջազգային բարձրաշխարհիկ միջավայրն անգամ ի զորու չի եղել կրթել՝ որպես մարդ, այլեւ ուղեղի բնածին արատ ունեցող մեկն է, որի տրամաբանության համար նախատեսված ու պատասխանատու հատվածները չեն գործում: Հետեւաբար, սրա նմանների վրա ծիծաղելը բարեկրթության դեմ մեղք գործելու նման բան կլինի։ Այս մարդուն ու սրա նմաններին ընդամենը պետք է խղճալ՝ գիտակցելով, որ հրատապ բուժման կարիք ունեն:

Ա՛յ, որ ԱՄՆ-ում ապրելիս լինեի, անմիջապես կսլանայի համապատասխան հիվանդանոց եւ կխնդրեի, կհորդորեի, կպահանջեի՝ անհապաղ բուժել Հարութ Սասունյանին: Ե՛վ մարդասիրական գործ արած կլինեի, ե՛ւ թերապիայի հաջող ավարտի դեպքում մեր ներազգային խայտառակություններից գեթ մեկը կպակասեր:

 

Նախորդ հոդվածը‘Մարտի 1-ին զոհված Տիգրան Խաչատրյանն այսօր կդառնար 31 տարեկան ‘
Հաջորդ հոդվածը‘Նովակ Ջոկովիչը՝ Ավստրալիայի Բաց առաջնության վեցակի չեմպիոն(տեսանյութ)’