‘Լիզա Ճաղարյան. Մարդամեկը ճիշտ է ասել՝ պետք է գլխից բռնել’

2935

Ժամանակ առ ժամանակ Ֆեյսբուքում հերթական էջն է բացվում որեւէ լկտի չինովնիկի հրաժարականի պահանջով: Մի´շտ եմ տարակուսել նման դեպքերում, մի´շտ էլ չեմ հասկացել դրա իմաստը: Մի´շտ եմ ցանկացել հարց տալ նման նախաձեռնությունների հեղինակներին՝ պահանջում եք, որ ի՞նչ անեք, պահանջում եք, որ ի՞նչ լինի:

Այսինքն՝ եթե պահանջում եք, ուրեմն հույս ունեք, որ այդ լկտի չինովնիկների հովանավոր Սերժիկ Սարգսյանը, օրինակ, փողոցային բառապաշարով Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության թալանչի պետին, ում ուղեղը մթագնել է այն հեռանկարից, որ ըմբոստացած հասարակության պատճառով իր կերը պակասելու է,  փոխարինելու է բարեկիրթ եւ աշխատավարձով գոյություն քարշ տվող մեկո՞վ: Այսինքն՝ հավատում եք, որ Հայաստանը զոհասեղանին դրած եւ բորենիների նման բոլոր կողմերից լափող այս ոհմակը երկնքից է ընկել, ոչ թե Սերժիկ Սարգսյա՞նն է բուծել ու բտել տարիների ընթացքում: Այսինքն՝ մոռացե՞լ եք, որ այնպիսի հանցագործներ են բազմած Սերժիկ Սարգսյանի աջ ու ձախ թեւերի տակ, որ տրանսպորտի վարչության այս հղփացած պետ(իկ)ը, դրանց համեմատ՝ կարող է եւ հրեշտակ թվալ: Այսինքն՝ կարծում եք, որ մարդասպանների հետ վաղուց ի վեր եղբայրացած, նրանց միջոցով արդեն երկրորդ անգամ Հայաստանի նախագահի աթոռը զավթած Սերժիկ Սարգսյանը հենց իմանա՝ տրանսպորտի վարչության պետը լրագրողին հայհոյել է, գլուխը բռնելու է ու ամոթից գետի՞նը մտնի կարմրաթշիկ միլիոնատեր Տարոն Մարգարյանի հետ միասին:

«Գլուխ» ասացի՝ հիշեցի: Սերժիկ Սարգսյանին զանազան մանրապճեղ կամ խոշոր եղջերավոր չինովնիկների հրաժարականների պահանջ ներկայացնելու փոխարեն՝ ավելի լավ է հետեւենք հենց այս պարոնի երբեւէ արտաբերած միակ ճշմարիտ խորհրդին՝ պետք է գլխից բռնել:

Չգիտեմ՝ Հայաստանը կործանող հանցագործների վերջը տալու համար (իբր) գլխից բռնելու պահանջ դնող Սերժիկ Սարգսյանն ում է «գլուխ» համարում, եւ տվյալ դեպքում անձամբ իրեն այդ հրեշավոր մարմնի ի´նչ մաս է համարում, բայց հո ողջ հասարակությունը գիտի՞, որ էդ գլուխը հենց ինքն է՝ տվյալ «պահանջի» հեղինակը:

Ու՞մ ենք խաբում: Ինքներս մե՞զ: Շատ նեղն ընկնի՝ գուցեեւ մեկնումեկին զոհ տա Սերժիկ Սարգսյանը, դրանից հետո ոմն չինովնիկի հրաժարականը պահանջողները պետք է հավատա՞ն, որ ողջ երկիրը հոշոտած եւ արդեն ժանիքները ոսկորին հասցրած ոհմակն ու ոհմակի «գլուխը» հրաժարվելու են ժողովրդից թալանած միլիարդներից, հրաժարվելու են փադիշահի հղփացած կենսաձեւից ու սկսելու են պետությու՞ն կառուցել:

Չգիտեմ՝ ում է հաճելի խաբված ապրել, չգիտեմ՝ ինչու է հաճելի խաբված ապրել, ինքս նման կարգի պահանջներին դեմ եմ, համարում եմ թանկագին ժամանակի կորուստ, կուտակված էներգիայի անիմաստ վատնում, եւ վստահ եմ, որ մեր երկրի փրկության միակ ճանապարհը Սերժիկ Սարգսյանի հրաժարականն է: 

Նախորդ հոդվածը‘Չինաստանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով կան զոհեր’
Հաջորդ հոդվածը‘Կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտե կստեղծվի’