‘
Չնայած հազարամյա նաիրցուն ձանձրալիորեն քաջածանոթ Արարատյան դաշտի երեկվա լուսապայծառ առավոտը մեծ խառնաշփոթ չէր խոստանում, բայց, փաստորեն, պատահեց: Նույնիսկ նախազգուշական ամպրոպ չեղավ, սև-սև ամպերը չդիզվեցին քաղաքամայր Երևանի գլխին: Միանգամից, առանց նախազգուշացնելու, առանց հաշվի առնելու, որ հնամյա ազգ ենք, ինչը նշանակում է` հոգնած ենք ու նյարդային, մեծադղորդ կայծակը շանթահարեց Հայոց խաղաղ երկնակամարը, և մի պահ թվաց (դա, ի դեպ, պատմական պահ էր, հանկարծ ուխտադրժորեն մտահան չանեք)` ժամանակը կանգ առավ… Ավելի ճիշտ` քարացավ հանկարծահաս հարվածից: Ու վեր հառնեց դժնատեսիլ ապառաժի նման: Հազարամյա Նաիրին էլ, բնականաբար, հառաչեց սրտակոտոր:
Ամեն դեպքում՝ կանխազգացող եղել էր, որ նման բան լինելու է: Ճիշտ է, իր կանխազգացման մասին նորօրյա Նոստրադամուսը տեղեկացրեց Արարատյան դաշտի մթնդած իրիկնահացից հետո` պատմաբեկումնային լուսանկարի կերպարանքով, ոչ թե, խնայելով հոգնածների և նյարդայինների քայքայված առողջությունը` հենց այդ նույն կայծակնահարված առավոտյան, բայց ո՞վ կհամարձակվի կասկածել, թե նրա շուրթերից, ճշմարտությունից բացի, այլ բան կարող է ժայթքել:
Եվ այսպես` ի՞նչ էր պատահել:
Ազգային ժողովում դատախազ էին ընտրում: Ընտրեցին-պրծան` ինչը կասկած չէր հարուցում, քանի որ բոլորին է հայտնի, որ Սերժիկ Սարգսյանի դակիչները մեծամասնություն են կազմում, և կանխազգացողը նետվեց համակարգչի մոտ, որ ֆեյսբուքաազգին հանելուկ առաջարկի` երկու խմբակցություն հայտարարել է, որ «դեմ» է քվեարկելու, բայց պարզվել է` ընդամենը երեք դեմ կա: Ինչո՞ւ, օրինակ, կանխազգացողը չէր նշել նաև, որ երկու «անվավեր» կա, որոնք, ըստ տեղեկությունների, նույնպես «դեմ»-երի շարքից էին, ինչո՞ւ է նրա հոգում հաղթել կանխազգացողը, ոչ թե` ԱԺ պատգամավորը, որն, օրինակ, կարող էր կասկածել, որ փակ, գաղտնի քվեարկության արդյունքներն են կեղծվել, ինչն այնքան սովորական բան է ռոբասերժիկյան ժամանակների համար, և պահանջեր` վերահաշվարկ անել: Կամ` պարզապես համեստորեն իր տարակուսանքը հայտներ լրատվամիջոցներին:
Ոչ: Կանխազգացողը նետվել էր համակարգչի գիրկն ու հանելուկ երկնել` «կանխազգալով», որ այդ հանելուկից հետո իր ֆեյսբուքյան «լեգեոնը», մոռացած զանազան «վճռականների» և «բադգամավորների», թուրկեծակիները թափահարելու է միմիայն մեկ ուժի դեմ` Հայ ազգային կոնգրեսի, ինչն էլ հենց անվեհեր կանխազգացողի գերխնդիրն էր:
Ով է դեմ քվեարկել, ով` կողմ, չվիճարկենք: Դատելով պնդողների առատությունից` «երեք+երկու» թիվն անվերջության է ձգտում: Բոլորին տրված չէ կանխազգացող ծնվել, որ նախապես կեցվածք ընդունեն ֆոտոխցիկի առջև` քվեաթերթիկի հետ գիրկընդխառն: Եղածը եղած է, և Ֆեյսբուքին ու լրատվամիջոցներին մնաց այսպիսի արտահայտություններով քարացած ժամանակին հարություն տալ` ավելի քան վստահ եմ, որ…, ես հիմք չունեմ կասկածելու, որ…, պարզ չի՞, որ…, ինքը տղայա… և սրանց նման այլևայլ դատողություններով:
Եվ մեկ էլ մնաց հերթական տհաճագույն նստվածքը, թե ինչպես կարող է մարդ արարածը, սեփական թանկագին «ես»-ի հանդեպ հիվանդագին սիրուց ու փառասիրությունից կուրացած, առաջ վազել` ճանապարհին կոխկռճելով ամեն սուրբ բան, որի մասնակիցն է եղել նաև ինքը: Ինչպես կարող է սեփական անփոխարինելիությունը վկայելու մոլուցքից սթափ գիտակցությունը մթագնած` հրճվել այն մարդկանց էժանագին բաժակաճառերից, որոնք իր դժվարին օրերին գետնի տակն էին անցել, և սմբակահարել նրանց, ովքեր իր կողքին են եղել: Ինչպես կարող է այնքան անգթորեն ինքնաոչնչանալ, որ նույնիսկ իր հակառակորդների սիրտը ցավի…
Կարող է և պատահել է: Շարունակելու է պատահել: Բոլոր նախանշանները կան, որ կանխազգացողը կանգ չի առնելու, շարունակելու է նույն կատաղի արագությամբ գահավիժել: Հենց ի՛ր «բաժակակիցների» ջերմեռանդ օգնությամբ:
Ի՞նչ ասենք… Օղորմի:
‘