‘Լիզա Ճաղարյան. Մեկ դրվագ «մարդասեր» եւ «արդարադատ» ամբաստանյալի «ժողովրդավար» կյանքից’

9079

‘

«Արդի աշխարհում, երբ մարդկությունը վկան է դառնում ատելության հրեշավոր դրսեւորումների, առավել քան թանկ են մեզ համար բարու, գեղեցիկի, եղբայրական սիրո համամարդկային արժեքները»:

Ի՞նչ եք կարծում, ո՞ր մեծ մարդասերն է այս հոգենվաղ խոսքի հեղինակը։ Մայր Թերեզա՞ն։ Չէ։ Մարտին Լյութեր Քի՞նգը։ Չէ։ Մահաթմա Գանդի՞ն։ Չէ։

Խոր շունչ քաշեք, ասում եմ։

Քոչարյան Ռոբերտն է։

Ավելի՛ խոր շունչ քաշեք, որովհետեւ այս խոսքը նա արտաբերել է Հռոմի պապ Հովհաննես Պողոս 2-րդի ներկայությամբ։

2001 թվականի սեպտեմբերի 25-ին։

Հռոմի պապը գուցե չցնցվեց դիմացինի անամոթ փարիսեցիությունից, որովհետեւ անտեղյակ էր, թե իր եւ «մեծ մարդասերի» հանդիպումից 12 ժամ առաջ ինչ էր կատարվել Երեւանի ամենամարդաշատ սրճարաններից մեկում, իսկ ահա քաջատեղյակ հայաստանցիները փշաքաղվեցին։ Անսպասելի չէր՝ արդեն բազմաթիվ աղմկոտ սպանություններ եւ երկու կրակոցով «ինքնասպանություն» էին «ըմբոշխնել» սրա օրոք, զարհուրելի Հոկտեմբերի 27 էին «վայելել», բայց միեւնույն է՝ փշաքաղվեցին, որովհետեւ ընդամենը կես օր էր անցել Վրաստանի Նինոծմինդայի շրջանից իր հայրենիք ժամանած Պողոս Պողոսյանի գազանաբար սպանությունից հետո։

Թարմացնեմ Քոչարյանի տնտեսական «հաջողությունները» թմբկահարող ստամոքսի կծկումներով առաջնորդվողների բթացած հիշողությունը։

2001 թվականի սեպտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը Երեւանի «Առագաստ» (Պապլավոկ) սրճարանի զուգարանում հայտնաբերվել է 1958 թ. ծնված, Վրաստանի Նինոծմինդայի շրջանի բնակիչ Պողոս Պողոսյանի դիակը:

Այդ օրը «մարդասեր» Քոչարյանը, որն այս օրերին ժողովրդավարության ու արդարադատության մասին էժանագին բաժակաճառեր է դատարկաբանում, իր շքախմբով՝ Ազնավուրի ընկերակցությամբ, զվարճանում էր Պապլավոկում։ Դաշնակցական Պողոս Պողոսյանն էլ էր զվարճանում իր հայրենիքում՝ իր ընկերների հետ։ Այդ երեկոն նրա վերջին հաճելի ժամանցն էր այս աշխարհում։ Խեղճ մարդուն երեւի իր երեւանաբնակ դաշնակցական ընկերները նենգորեն խաբել էին, որ իրենց թանկագին Քոչարյանը շատ ժողովրդավար է, դե մարդն էլ որոշել էր նրա հետ հավասարը հավասարի պես շփվել ու ասել էր՝ պրիվետռոբ։

«Մեծ մարդասերը» սրճարանը լքելուց առաջ իր թիկնապահներին հրահանգել էր դաս տալ «ամբարտավանին»։ Սրանք էլ դե քանի գլխանի էին, որ չկատարեին շեֆի հրամանը։ Վերադառնում են սրճարան, Պողոս Պողոսյանին ծեծելով քարշ են տալիս զուգարան եւ… հենց այստեղ էլ վրաստանցի մեր հայրենակիցն ընդմիշտ փակում է աչքերը։

Պապլավոկը մարդաշատ էր, եւ շատ-շատերը տեսան խեղճ Պողոս Պողոսյանի մահը։ Հրեշավոր եղելությունը մարդիկ իրար շշուկով էին պատմում, բայց գտնվեց մեկ ականատես՝ Հանրային ռադիոյի այժմյան տնօրեն Մարկ Գրիգորյանը, որն Ա1+-ի եթերով (կարճ ժամանակ անց փակվեց այս հեռուստաալիքը, իսկ Գրիգորյանը լքեց Հայաստանը) բարձրաձայնեց Քոչարյանի թիկնապահների հաշվեհարդարի մասին։ Մնացած ականատեսները լռեցին, «չէին տեսել»։ «Չտեսնողներից» էին, ի դեպ, այն ժամանակվա ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, կոմպոզիտորներ Ռոբերտ Ամիրխանյանն ու Կոնստանտին Օրբելյանը, բազմաթիվ սփյուռքահայեր եւ ներկայիս մի շարք կարկառուն լրագրողներ։

Այսքանը Քոչարյանի մարդասիրության մասին, հասանք արդարադատությանը։ Ա1+-ով Պողոս Պողոսյանի սպանության մասին հայտարարությունից հետո որեւէ մեկը պետք է դատապարտվեր, այլեւս հնարավոր չէր ծածկադմբոց անել։ Ու «դատապարտվեց»։ Թիկնապահական ժողովը համոզեց իրենցից մեկին, եւ այս մեկը խոստովանեց, որ ինքն է «անզգուշորեն» սպանել։ Սա «պատմական» դատավարություն էր։ Թիկնապահ Կուկուն (Աղամալ Հարությունյան) ներկայանում էր իր շքախմբով, քաղբանտարկյալներին ազատազրկելու գործում հմտացած ոչ անհայտ դատավոր Մացոն չէր համարձակվում նրան «խնդրել», որ նստի ամբաստանյալին հատկացված աթոռին։ Կուկուն նստում էր որտեղ ինքն էր ցանկանում, հարցերին պատասխանում էր այնպես, կարծես ինքը մեղադրողն էր, ոչ թե մեղադրյալը։ Վերջում էլ, դե, դատավոր Մնացական Մնացականյանը «անզգույշ քաշքշելու» համար Կուկուին դատապարտում է… մեկ տարի պայմանական ազատազրկման։ Ահա այսպիսի «դաժան» պատժի ազդարարումից հետո Կուկուն գնում է իր «ինքնազոհաբերման» համար Մերսեդես ավտոմեքենա է նվեր ստանում, որն, ավաղ, չի հասցնում երկար վայելել՝ ինչ-որ մարդիկ պայթեցնում են «ընծան»։

Ի դեպ։ Պողոս Պողոսյանի սպանությունից հետո «մարդասեր» եւ «արդարադատ» Քոչարյանը բառացիորեն ասել է ի լուր աշխարհի. «Եթե այդ մարդը մահացած չլիներ, ես նաեւ այդ առումով շատ բան կունենայի ասելու, ուղղակի հիմա չեմ կարում ասեմ»։

Մեղք է, չէ՞։ «Մարդասերը» երեւի ուզում էր մի քանի հատու աքացի էլ ինքը հասցներ իրեն «պրիվետռոբ» ասող ամբարտավան Պողոսին, էն էլ՝ հավատարիմ թիկնապահները զրկեցին նրան այդ «մարդասիրական» հաճույքից։

Ինչու՞ հիշեցի ու հիշեցրի այս տխուր պատմությունը։

«Շնորհավորանքս» է Քոչարյանին՝  իր տարելի… տարեդարձի կապակցությամբ։

 

 

‘

Նախորդ հոդվածը‘Թրամփը հայտարարել է, որ «հիասթափված է Էրդողանից»’
Հաջորդ հոդվածը‘Արսեն Գրիգորյան. Նյուրնբերգից անտեղյակ «վոյինը»’