‘Լիզա Ճաղարյան. Մերօրյա «վարժապետները», կամ` ճառ ասե՞ն, թե զանգ կախեն’

1684

Իրոք ասել է, թե պարզապես վերագրել են Նոբելյան մրցանակի դափնեկիր, բրիտանացի գրող Բեռնարդ Շոուին` չգիտեմ. ամեն դեպքում հիշեցնեմ այդ երկխոսությունը:

Ինչ-որ մեկը — Երեկ Ա-ն չարախոսում էր ձեր հասցեին:

Բեռնարդ Շոու — Տարօրինակ է… որքան հիշում եմ` ոչ մի լավություն չեմ արել նրան:

Երեւի թե շատերին է ստիպում մեր տարօրինակ-տարօրինակ կյանքը` հաճախ հիշել այս ե՛ւ զվարճալի, ե՛ւ տխուր ճշմարտությունը: Թե ինչու են մարդիկ հիմնականում ցավ պատճառում հենց նրանց, ովքեր բարեհաճ են եղել իրենց նկատմամբ՝ Աստված գիտե, մեկ էլ` հենց այդ մարդիկ, բայց Շոուի այս դառը սրամտությունը հիշեցի ու մեջբերեցի ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի կապակցությամբ:

16 տարի առաջ` այս օրն էր:

Դրանից հետո Հայաստանի նախագահի աթոռին բազմել են եւս երկուսը, եւ թե ինչպիսի «երկուսը»` Հայաստանի հասարակությունն ամեն օր զգում է իր զգայուն մաշկի վրա, բայց ե՛ւ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախագահության տարիներին (արդարացի, թե անարդարացի` այլ հարց է, բայց ամեն դեպքում` բնական էր), ե՛ւ տասնամյա լռության տարիներին, ե՛ւ կրկին քաղաքական ասպարեզ վերադարձից հետո (ոչ միայն արդարացի չէ, նաեւ անտրամաբանական է), մեր երկրում կատարվող բոլոր բացասական երեւույթների պարագայում շատերի քննադատության թիրախը եղել եւ մնում է Հայաստանի առաջին նախագահը:

Ինչո՞ւ. շատ է ասվել ու գրվել, եւ դեռ շատ կասվի ու կգրվի: Տվյալ դեպքում իմ ասելիքը վերաբերում է նրանց, ում կյանքում արձանագրված հաջողությունների գործում, շատ մեղմ ասած, անմասն չի եղել ՀՀ առաջին նախագահը, իսկ սրանք իրենց երախտագիտությունն արտահայտել են, կրկին` շատ մեղմ ասած, «անաչառ» քննադատությամբ: Առավե՛լ մասնավորեցնեմ: Խոսքը հատկապես նրանց մասին է, ովքեր Լեւոն Տեր-Պետրոսյանի նախագահության շրջանում հաճույքով պաշտոնավարել են, իսկ հիմա առանց կակազելու քննադատում են նրա ո՛չ միայն ներկայիս գործունեությունը, այլեւ` հենց իրենց պաշտոնավարման շրջանի գործունեությունը, որի ընթացքում, ի դեպ, հասարակությունը սրանց «անաչառ» խոսքը չի լսել: Կամ էլ եթե լսել է, ապա միմիայն` պաշտոնազրկումից հետո:

Եթե չհաշվենք ներկա հանցագործ իշխանություններին եւ նրանց պնակալեզ սազանդարներին, ապա այսօր քաղաքական դաշտում ամենաակտիվ «հակալեւոնականները» հենց վերոգրյալ նախկին պաշտոնյաներն են` իրենց արբանյակներով, եւ սրանք առավել վտանգավոր են,  քան սերժիկսարգսյանական ավազակախումբը, քանի որ մինչեւ կոկորդն իշխանություններից զզված հասարակությանը փորձում են հավատացնել, որ իրենք էլ են ընդդիմադիր: Ահա՛ այս «ընդդիմադիրները», որոնց ակնհայտորեն անչափ սիրում են ավազակախմբի կամակատար լրագրողները, ազատորեն ելումուտ են անում սերժիկական հեռուստաընկերություններում եւ «անաչառորեն» քննադատում… Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ նրա առաջնորդությամբ երկիրը կործանման եզրին հասցրած իշխանությունների դեմ պայքարող քաղաքական ուժին:

Ինչո՞ւ են քննադատում: Ասում են` ճիշտ պայքարի ձեւ չի ընտրել Լեւոն Տեր-Պետրոսյանը, պե՛տք է պայքարել այսպե՛ս, այդպե՛ս ու այնպե՛ս:

Ասելը` ասում են: Հետո՞: Մանկապարտեզի սանն էլ է հասկանում ու ակնկալում, որ դրանից հետո այս մարդիկ պետք է պայքարեն հենց իրենց նախանշած մեթոդներով: Չէ՛,օրերը, ամիսներն ու տարիներն անցնում են, բայց սրանք միայն ասում են ու հետո ցրվում «տներով»: Մեկն իր բիզնեսն է ընդլայնում, մյուսն իր դավանած գաղափարներից յոթ սարուձոր հեռու կուսակցության թեւի տակ սողոսկում է խորհրդարան, երրորդն իր ընտանեկան կյանքն է կարգավորում, չորրորդը երկիրն է լքում, հինգերորդը «վեծերոկ»-ներում է օրերը մաշում…

Բեռնարդ Շոուն այս առիթով նույնպես իր խոսքն ասել է. «Ով ունակ է` նա գործ է անում, իսկ ով ունակ չէ` ուրիշներին է սովորեցնում»:

Իսկ ի՞նչ է անում հիմա ընդդեմ օրվա իշխանությունների պայքարի առաջամարտիկ Հայ ազգային կոնգրեսը` Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ: Ամեն ջանք թափում է, որ գործ անողները բազմանան, իսկ օդում կրակող «վարժապետները» գործ անողների ոտքի տակ չընկնեն:

Նախորդ հոդվածը‘Գալուստ Սահակյանը փորձում է կարծել. Ըստ նրա` ընդդիմությունը պոպուլիզմով է զբաղվում’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանի դրամական զանգվածը 2013 թվականին աճել է 14.8%-ով’