‘Լիզա Ճաղարյան. Մեր տունը պախանի որջ է դարձել’

9896

Ֆեյսբուքում մի տեսանյութ է ձեռքից ձեռք անցնում։ Եվ իրոք՝ ձեռքից ձեռք անցնելու նյութ է։ 1992 թվականին ընդդիմությունը պահանջում էր Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականը։ Եվ տեսանյութը հրաժարական պահանջողների ու Հայաստանի Հանրապետության նախագահի հանդիպումն է, որն, ի դեպ, ընթանում էր ուղիղ եթերի պայմաններում։

Ուշադրություն դարձրեք նշված թվականին՝ շատ կարեւոր է։ Լեւոն Տեր-Պետրոսյանը ՀՀ նախագահ ընտրվեց 1991 թվականի հոկտեմբերի 16-ին ձայների գերակշիռ մեծամասնությամբ (83,4%), եւ մինչ օրս ոչ ոք չի վիճարկել Նախագահի ընտրության արդար-ազատ-թափանցիկության փաստը։

Ցավոք, օրը չեմ հիշում, տեսանյութում էլ նշված չէ, բայց ընդդիմադիրների հագուստ-կապուստից դժվար չէ գլխի ընկնել, որ հոկտեմբերը դեռ հեռու է, այսինքն՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախագահության նույնիսկ մեկ տարին չի լրացել։ Ավելին, մեր նորաստեղծ պետությունն այդ ժամանակ երկրաշարժի բաց վերքի եւ պատերազմի պայմաններում էր գտնվում։ Եվ ահա այս կտրիճ տղերքը, որոնց մի մասն այսօր «անթերի եւ անսխալական» Սերժիկ Սարգսյանի հանցախմբի մանկլավիկն է դարձել, որոշել էին, որ իսկ եւ իսկ լավագույն ժամանակն է իշխանափոխության, եւ եկել էին նախագահական նստավայր՝ գրեթե նորընտիր նախագահի հրաժարականը պահանջելու։

Մնացածը, ինչպես ասում են՝ տեսանյութում։ Ամեն ինչ այնքան խոսուն է, որ մեկնաբանություններն ավելորդ են։

Սակայն, այս տեսանյութում Նախագահ-ընդդիմություն բանակցությունների հետ ոչ մի կապ չունեցող մի «մանրուք» գրավեց ուշադրությունս՝ կահույքը, պատերը։ Իսկ քանի որ լիովին համաձայն եմ, որ «սատանան մանրուքների մեջ է», տեսանյութի համեստ ու նրբաճաշակ կահավորանքը մի անգամ էլ հիշեցրեց ինձ, թե ուր էինք եւ ուր հասանք։

Դժվար թե որեւէ մեկի աչքից վրիպած լինի, թե մտավորականի նիստուկացով Լեւոն Տեր-Պետրոսյանին հաջորդած կոմսոմոլներն ինչպիսի ճչացող շքեղությամբ շրջապատեցին իրենց, ինչ պլպլան-ճռճռան-դեղին (իրենց պաշտամունքի՝ ոսկու գույնն է) «աշխարհ» ստեղծեցին իրենց շուրջը, եւ որքան թշվառանում է հասարակությունը, նույնքան եւ ավելի շողարձակում են սրանց նստուկների հարմարանքները, եւ փադիշահական կամ գողական (որը կուզեք) նկրտումներն ուղղակի աչք են կուրացնում։ Բնականաբար՝ առանց ճաշակի նշույլի։ Նշանաբանը՝ որքան շքեղ, որքան թանկ, որքան պեծին-պեծին տվող, այնքան՝ լավ։

Եվ չտեսության ու անճաշակության այս վարակը նախագահական նստավայրից սելավի պես հոսեց, հոսեց, տարածվեց, ու մի օր էլ տեսանք՝ Հայաստանի բոլոր ոլորտներում մտավոր ու մշակութային քաղցն է իշխում։

Կարեւոր չէ՝ ստեղծագործական միտք կամ թռիչք կա՞ քանդակի մեջ, կարեւորը՝ պլպլա արեւի տակ, կարեւորը՝ խոշոր ու անճոռնի լինի իրենց «թագավորական գահերի» նման։

Հերն անիծած, որ նորակառույց շենքը զարհուրելի անճաշակ է եւ իր տեղում չէ, կարեւորը՝ բազմահարկ լինի եւ անպայման մայրաքաղաքի Կենտրոնում։

Հետո՞ ինչ, որ Մաշտոցի շքանշանակիրն ընդամենն անեկդոտ պատմող «լավ տղա» է, կարեւորը՝ լավ է քծնում Բաղրամյան 26-ը զավթողին։

Պա՛հ, մեծ բան է, որ Մարտի 1-ի մարդասպան ոստիկանները չեն պատժվել մինչ օրս, իսկ բանտախցերում միջնադար է, կարեւորն այն է, որ ոստիկանապետն իր եւ իր ենթակաների համազգեստների «բարեփոխման» գործն առաջնային է դարձրել եւ ինքն իրեն Վյաչեսլավ Զայցեւ է երեւակայում։

Հետո՞ ինչ, որ երգչուհին ձայն չունի, երգածն էլ՝ ծաղր է առհասարակ երգարվեստի նկատմամբ. բա որ այնպիսի թանկ ու պլպլան զգեստ է հագնում՝ Զեյնաբ Խանլարովան նախանձից կպայթեր։   

Ի՞նչ կարեւոր է, որ հեռուստահաղորդավար տիկինը կիսագրագետ է, բայց չէ՞ որ շրթունքները վարպետորեն է խաղացնում։

Թքա՛ծ, որ Ազգային ժողովի պատգամավորը տառաճանաչ չէ, խուլիգան է եւ հանցագործ. իսկ որ արձանախեղդ (սահմռկեցնող) դղյակների հավաքածու ունի եւ մի քանի տասնյակ ավտոմեքենա՞։

…Մեր կյանքն սկսվում է մեր տնից։ Երբ առավոտյան աչք ենք բացում, ի՞նչ բաժակով ենք սուրճ կամ թեյ խմում, կամ՝ սուրճից ու թեյի՞ց ենք սկսում, թե՞ միանգամից տասը մատը մտցնում ենք լավաշախառն խաշի մեջ։ Ի՞նչ նկար է կախված մեր պատին եւ ինչպիսի՞ շրջանակով, ո՞ր գիրքն է ամենաշատը թերթվելուց մաշվել կամ առհասարակ գիրք կա՞ մեր տանը։ Ի՞նչ միտք է առաջինը ծագում մեր գլխում՝ ի՛նչ ուտե՞մ, թե՞ էս ինչ սիրուն է էն ամպի ծվենը։

Ահա թե ինչ հիշեցրեց ինձ վերոնշյալ տեսանյութը։ 15-ից ավելի տարիներ Բաղրամյանի վրա գտնվող մեր Գլխավոր Տունը մտավորականի տուն չէ։

Պախանի որջ է։ Համապատասխան հետեւանքներով, որոնք ամեն օր «վայելում ենք»։

Գրեթե անմռունչ։

Նախորդ հոդվածը‘Վովա Գասպարյանի նախկին «ադյուտանտը» արդեն ՀՅԴ-ի համակիր է և պաշտոն է ստացել’
Հաջորդ հոդվածը‘ԶԼՄ-ները հաղորդել են ԻՊ-ի 22 հազար գրոհայինների վերաբերյալ տեղեկություններ ստանալու մասին’