‘Լիզա Ճաղարյան. Մեր «ցիվիլն» ուրիշ ցիվիլեն է’

7757

Օրերս խորհրդարանում դեղատոմսերի փոփոխված կարգի վերաբերյալ քննարկում էր։ Առողջական լիքը խնդիրներ ունես, ու ականջի պոչով լսում ես, թե ինչ են ասում «ժողովրդի ընտրյալները»։ Իսկ ականջի պոչով ես լսում, որովհետեւ այս կարգի «բարեմասնությունների» մասին զեկուցողն ամեն անգամ հենց այլ «ցիվիլ» երկրներից օրինակներ է բերում, առանց դրա էլ քայքայված նյարդերդ անմիջապես գերպրկվում են, եւ դու հիշում ես, թե ինչպես մի անգամ որոշեցիր առողջական խնդիրներդ լուծել ոչ թե «խնամի-ծանոթ» բժիշկների միջոցով, այլ ճամփա ընկնել դեպի թաղամասիդ պոլիկլինիկա։

Տեղը տեղին թույլ ես, ծնկներդ ծալվում են այդ տեղը տեղին թուլությունից, գլուխդ պտտվում է, սիրտդ էլ ուր որ է բերանովդ դուրս կգա։ Բայց դե՝ այս անգամ որոշել ես դիմել ոչ թե շատ պատրաստակամ ընկերներիդ օգնությանը, այլ ինքդ տեսնել գլխիդ ճարը։ Ի վերջո, այդ պոլիկլինիկա կոչվածը քեզ նման ՀՀ քաղաքացու համար է ստեղծված։

Եվ այսպես, «ցիվիլ» (ասել է թե՝ քաղաքակիրթ) երկրների հետ ոտ մեկնող համերկրացիներիս ասեմ, ահա այս վատառողջ մարդը, որ, մեր մեջ ասած՝ ես եմ, մի կերպ՝ պատերից բռնելով հասնում է երկրորդ հարկ, որտեղ նրան պետք է լսի եւ համապատասխան ցավին համապատասխան ուղեգիր տա տեղամասի բժիշկը։

Հերթ է։ Ահա այս հազիվ ոտքի վրա կանգնող մարդը, որ տվյալ պահին ես եմ, սպասում է երկու ժամից ավելի։ Մի խեղճուկրակ նստարան կա, բայց վաղուց գրավված է, գումարած՝ եթե նույնիսկ ընթացքում տեղ է ազատվում, շուրջդ ես նայում՝ հյուծված, շատ հյուծված, ծեր, շատ ծեր մարդիկ կան շուրջդ, եւ դու հո հերթով չես բացատրի այդ մարդկանց, որ քո հեչ չհյուծված տեսքը խաբուսիկ է։ Ու քանի որ հերթով չես բացատրի, ազատված տեղում նստելու նույնիսկ թույլ փորձ չես անում։ Պատին հենված սպասում ես հերոսաբար։ Միջանցքում անտանելի ժխոր է։ Յուրաքանչյուր դռան մոտ տասնյակներով մարդիկ են կանգնած, իսկ միջանցքի ամենածայրին հավաքվածներն անհամեմատ շատ են մնացած դռների մոտ խմբվածներից։

Այդ անհամեմատ շատերի մասին՝ մի քիչ ուշ։

Բնականաբար՝ անհերթ մտնողներ կային։ Բնականաբար՝ ժխորի պատճառներից մեկն էլ սա է։ Հա դե՛, մարդ եղեք, մեծ բան չէ, ինքը ձեզանից վատ է, մի տասնհինգ րոպե էս կողմ-էն կողմ՝ չեք սատկի։

Չէ, չէին «սատկում», սպասում էին։ Ով ուժ ուներ բողոքելու, ձենը գլուխն էր գցում, որ ինքն էլ է վատ, իսկ քեզ նման հազիվ ոտքի վրա կանգնողներին որտեղի՞ց էդքան ձեն։ Եթե ձենդ դուրս գար, ի՞նչ ես կորցրել էս հերթերում, տանը կնստեիր ու Ֆեյսբուքում ամենաանհոգ օգտատիրոջ նման հանրապետականներին ձեռ կառնեիր, ու սիրտդ մի քիչ կհովանար։

Երկու ժամ եւ էլի չգիտեմ ինչքան սպասելուց հետո հերթդ հասնում է։ Մտնում ես։ Սիրալիր, ժպտերեսիկ բժշկուհի է։ Արդեն համապատասխան անալիզներիդ պատասխանները ստացել է, հարցնում է՝ ինչ-ոնց-ինչու, կատակում է՝ ի՞նչ եք հարյուր տարեկան տատիկի պես կուչ եկել, ձեզ չի սազում։ Իրոք որ՝ չի սազում, բա դու նմա՞ն ես կուչ եկողի. ուսերդ ուղղում ես «Զգուշացիր ավտոմեքենայից» ֆիլմի Դետոչկինի նման։ Ուղեգրերը մեկնում է քեզ եւ զգուշացնում, որ հետազոտություններից հետո վերադառնաս ու արդյունքները ներկայացնես իրեն։ Այս հեռանկարն, իհարկե, չի ոգեւորում քեզ, որովհետեւ դեռ չես հասցրել մոռանալ, թե ինչքան սպասեցիր դռան մոտ՝ սիրալիր բժշկուհու ժպիտին արժանանալու համար։ Բայց ճա՞րդ ինչ։ Ուղեգրերը վերցնում ես ու ասում՝ շնորհակալություն։ Ասում է՝ խնդրեմ։

Հասնում ես միջանցքի ծայրը։ Հենց այնտեղ, որտեղ շատ-շատ մարդ կա։ Բարեբախտաբար նրանք այն դռան մոտ չեն խմբված, որտեղ պետք է մտնես, որ սիրտդ տնտղեն։ Այստեղ մեկ ժամ ես սպասում։ Մի հատ էլ՝ բարեբախտաբար։ Մտնում ես, պարզում ես, որ սրտային խնդիր կա, գրում է, թե ինչ խնդիր կա, համապատասխան թուղթը մեկնում է քեզ։ Վերցնում ես ու ասում՝ շնորհակալություն։ Չի ասում՝ խնդրեմ։ Դեմքին պարզ գրված է, որ ինքն էլ խնդիրների պակասություն չի քաշում ու քո սիրտը չունի, ճամփադ գնա, հա՞։

Գնում ես։ Անցնում ես այդ շատ-շատ մարդկանց կողքով ու կանգնում հաջորդ դռան մոտ։ Մեկ ժամ էլ այստեղ ես կանգնում, եթե պատին «պառկելը» կարելի է կանգնել համարել։ «Էխո» են անելու զանազան-զարմանազան մարմնամասերդ։ «Մուննաթ» դեմքով ջահել աղջիկ է, ստուգում է, «խնդիրները» գրի է առնում, թուղթը մեկնում քեզ՝ առանց դեմքիդ նայելու։ Բերանդ չի բացվում, որ ասես՝ շնորհակալություն։ Ասում ես՝ ցտեսություն։ Չի պատասխանում։ Սրտային գործերիդ հաջողություն, աղջիկ ջան։

Չերկարացնեմ. առավոտյան մտել ես պոլիկլինիկա, արդեն երեկոյանում է, եւ դու արդեն ուզում ես պառկել պոլիկլինիկայի միջանցքի հատակին ու դանդաղ մեռնել, որովհետեւ չես հասցրել բոլոր անհրաժեշտ դռներով մտնել-դուրս գալ…

Իսկ հիմա ձեր պայծառ երեւակայությունը լարեք ու պատկերացրեք, թե ինչ է կատարվելու այս նույն ու սրա նման մնացած պոլիկլինիկաներում՝ դեղատոմսերի փոփոխված կարգից հետո։ Կրկնեմ, այս մեկօրյա «էքսկուրսիան» մինչեւ այս նոր՝ «ցիվիլ» երկրին հարիր «ցիվիլ» օրենքից առաջ էր։

Բայց սա էլ  մոռանանք։ Լուծվող խնդիր է. ինչ էլ պատահի, այլեւս պոլիկլինիկա գնացողը չեմ։

Երեւի չեք մոռացել, որ ասացի՝ միջանցքի ծայրին մեծ բազմություն էր հավաքված։ Բոլորը ծեր, շատ ծեր մարդիկ էին։ Մեկը ձեռնափայտով էր, մյուսը պատին էր հենվել, որ չընկնի, երրորդը՝ լուսամուտագոգին, չորրորդը՝ հինգերորդին… Ու՞մ էին սպասում։ Քանի որ ես էլ սպասում էի, որ մտնեմ սրտաբանի մոտ, նրանց զրույցներից հասկացա՝ ձրի դեղերի հերթ էր։ Բաժանողն էլ չկար։ Մի ծերուկ վախվխելով հարցրեց կողքով անցնող մի բուժքրոջ, նա էլ խեթ-խեթ նայելով «տեղը նստեցրեց» ուտող-ուրացող պապիկին.

-Ընդմիջման է։ Ձեզ թվում է՝ մենք չենք սովածանու՞մ։

Պապիկը սսկվեց։ Դե հա, բոլորն էլ սովածանում են։ Ձրի դեղի սպասող տատիկ-պապիկներն էլ են սովածանում, բայց դե՝ պետությունը ձրի դեղ է տալիս իրենց, դժգոհելու տեղ չունեն, թող ձենները կտրած կանգնեն։ Կանգնած են։ Դիմանում են։ Բա ի՞նչ անեն։ Ծեր են, հիվանդ են, բայց նույնիսկ մեր այս երկրի «ցիվիլ» կյանքն է թանկ, ուզում են էլի ապրել։

…Մի քանի հոգու ձրի դեղ են տալիս։ Մնացածները նախանձով նայում են այդ «երջանիկներին»։ Չէ, չեն հասցնում նախանձել, որովհետեւ լսվում է նրանց կյանք բաժանող «հրեշտակի» ձայնը՝ վե՛րջ, էսօր պրծավ, մնացածդ վաղը կգաք։

Դու քարացար։ Կարկամած ես։ Ո՞նց թե։ Էս ծերուկներն ու տատիկները մեկ էլ վա՞ղն են գալու։ Մինչեւ երեկո նորից սպասելու՞ են, թե ում բախտը կբերի, որ ավելի անբախտներն էլ երրորդ օրը գան, հետո՝ չորրորդ…

Սա՝ դեռ տանելի է։ Ավելի անտանելին այն էր, որ այս կիսամեռ պապիկ-տատիկները լուռ, համակերպված, դանդաղ շարժվեցին դեպի ելքի դուռը։ Ոչ ոք չդժգոհեց, ոչ ոք չասաց՝ հազիվ եմ ոտքիս վրա կանգնում, առավոտից սպասում եմ, ախր հիվանդ եմ, եթե հիվանդ չլինեի, ձեր ձրի դեղը ձեր գլխին կպչի, մեր տանը կպառկեի, ինչի՞ եմ եկել այստեղ կանգնել…

Չէ, բոլորը լուռ, մի կերպ ոտքերը քարշ տալով դուրս եկան պոլիկլինիկայից, որ հաջորդ օրը նորից վերադառնան ու սպասեն՝ մեկ էլ տեսար այս անգամ իրենց բախտը բերի։

«Ցիվիլ» երկրների օրենքներն արտագրող ու ամեն անգամ այդ երկրների օրինակները Հայաստանի քաղաքացու աչքը մտցնող իշխանություն կոչվածն իր «ցիվիլ» ու հոխորտացող (մենք էլ ենք, էլի, ձրի դեղ բաժանում) զեկուցողներով «տեղյակ չեն» ախր, որ մեր քթի տակ ամեն անգամ թափահարվող այդ քաղաքակիրթ երկրներում ծեր մարդիկ իրենց տներում նստա՛ծ են սպասում այդ ձրի դեղերին, ու պետությունն ինքն է բախում նրանց դուռը եւ նվիրում այդ դեղերը, ոչ թե հազիվ շնչող ու հազիվ քայլող հիվանդները հասնում են պոլիկլինիկա ու մուրացկանի պես հերթ կանգնում, որ հանրապետականների սարքած «հրաշք» պետության զոռբաները մեծահոգաբար նրանց մի քանի հատ կասկածելի ծագման ու ժամկետանց դեղ շպրտեն։

Իսկ հիմա փորձեք ձեր շատ պայծառ երեւակայությունը լարել ու պատկերացնել, թե հազար ցավի տեր այս մարդիկ քանի անգամ են տուն-պոլիկլինիկա ճանապարհը հաղթահարելու այդ ձրի դեղերի համար եւ քանի-քանի դռան մոտ են ժամերով հերթ կանգնելու, որ դեղատոմսեր ստանան այն դեղերի համար, որոնք ձրի չեն, բայց մինչ այդ կարողանում էին դեղատներից գնել։

Պատկերացրի՞ք։ Իսկ ես՝ ոչ։

Չեմ ուզում պատկերացնել։

Նախորդ հոդվածը‘Լուիս Էնրիկեն մերժել է ՊՍԺ-ին’
Հաջորդ հոդվածը‘ «Լեսթերը» պատրաստ է ամռանը բաց թողնել Մահրեզին’