‘Լիզա Ճաղարյան. «Մի քիչ փող ղրգեք» սուպերթիմի համեստ անդամին’

2497

«Բայց դու ո՞վ ես, որ էդ որոշումը կայացնես, քեզ ինչի՞     

տեղ ես դրել, դու «ցար ի բոգ ե՞ս»:

Մեջբերում մի «ինստիտուցիոնալիստի» բարեկիրթ ջղակծկումներից

Չարակամ նեղսիրտներ, ի՞նչ Սերժիկ, ի՞նչ Շարմազանով, եւ առավել եւս` ի՞նչ բաբուխ: Ի՞նչ չարություն, ի՞նչ թույնութարախ, ի՞նչ բերիաական ծրագիր` բոլորին ոչնչացնեմ, որ ես փայլատակեմ: Ո՞նց թե` լկտիություն է, ո՞նց թե` տարրական դաստիարակություն չի ստացել, ո՞նց թե սեփական «ճշմարտացիությունն» աչքներս մտցնելու համար ամեն սրբություն կծախի… Ի՞նչ ապերախտություն, ի՞նչ ինքնասիրահարվածություն: Հեղափոխականի ճղճղոցներով ասպարեզ ելած եւ այժմ «նրբակիրթ-բարեկիրթ»-ի թիկնոցն անճոռնի ձեւով վրան քաշելու անհաջող փորձե՞ր` սեփական անկարողությունը «ինստիտուցիոնալության» մասին զառանցանքներով սքողելու նպատակով:

Այս ի՞նչ անաստված բաներ եք ասում, եւ ինչպե՞ս գետինը չի այրվում ձեր ոտքերի տակ, ինչպե՞ս չի չորանում ձեր պիղծ լեզուն:

Նրա ծովածավալ քնքույշ սրտիկը մղկտում է միմիայն Հայաստանի քաղաքացիների համար: Ինքը պատրաստ է ցամաք հացով ապրել, հրաժարվել Աստծո կամքով իրեն տրված բարեկեցությունից, պարզապես «ինստիտուցիոնալացման» ծանր գործընթացը շատ ուժ ու եռանդ է պահանջում, «պըտի ուտի», որ դիմանա:

Գիտե՞ք, թե քանի-քանի անքուն գիշեր է անցկացրել, տառապել ու գլխին մոխիր է ցանել` մտածելով. «Իսկ եթե Կոնգրեսը Մարտի 1-ին հանրահավաք անցկացնի եւ հանկարծ նորից չհաղթի՞, ու ժողովուրդը նորից հիասթափվա՞ծ գնա տուն»: Ահա՛ այս հեռանկարն է պատճառը, միմիա՛յն ժողովրդին չհիասթափեցնելու ազնվագույն, ալտրուիստական անհուն մղումը ստիպեց նրան` հոգում ամբարված ողջ անագորույն ցավը արտահայտել այդպիսի մորմոքուն ճղավոցներով:

Ո՛չ, նա թույլ չի տա այլեւս, որ զանազան «լիդերներ» հիասթափեցնեն ժողովրդին: Ինքը մի արմանք-զարմանք «ինստիտուցիոնալ» ծրագիր ունի, դա պետք է մշակի… Դե՛, դեռ չգիտի, թե մինչեւ երբ կմշակի, թե երբ լիդերացավով տառապող հանրությանը կդաստիարակի այնքան, որ բոլորն անդամագրման թերթիկը լրացնեն ու հասնեն իր սիգապանծ հասակին: Ա՛յ, դրանից հետո կլծվի հանցագործ իշխանության դեմ ջախջախիչ հաղթանակի գործին:

Ե՞րբ: …Դե, դեռ պատկերացում չունի, թե որքան կտեւի «ինստիտուցիոնալացումը», գուցե` երկու տարի, գուցե` չորս, գուցե` տասը, գուցե` տասնհինգ, շտապելու տեղ չունի, ջահել տղա է, ի՞նչ է եղել որ:

Հիմա առաջնային խնդիրն այն է, որ ինքն ամեն ինչ անի` հանկարծ իր պաշտելի հասարակությանը հիասթափեցնող չլինի: Ավելի լավ է` հասարակությունը ձայնը կտրած նստի, իշխանության բիրտ ոտքի տակ չընկնի, մինչեւ ինքը մի գեղեցիկ օր «ինստիտուցիոնալացումը» թեւատակին դրած ներկայանա նրանց ու… Ու… Ու ինչ անի՞… Հա՛, փրկի:

Ինքը խաչակրաց արշավ է սկսել լիդերների դեմ, հասկանու՞մ եք: Ինքը երկար մտածել է ու գլխի է ընկել, որ լիդերների ժամանակն անցել է: Դրա համար էլ ինչ-որ պայմանագիր է ստորագրել տվել ինչ-որ մարդկանց, հավաքել է գլխին, ինքը խոսում է, նրանք լսում են, ինքը գրում է, նրանք ծափ են տալիս, ինքը ելույթ է ունենում, նրանք «օվսաննա» են բղավում: Բայց հո պատճառն ա՞յն չէ, որ ինքը` քնած թե արթուն, իրեն լիդեր է զգում, ու իր կյանքի գերագույն նպատակն էլ իշխելն է, ինչպես «քնքշանվաղ» իշխում էր իր փոքրիկ «կանտորայում»: Ո՛չ: Պարզապես դեռ «ինստիտուցիոնալացումը» սաղմնային փուլում է, դե՛, այդ գաղափարի հեղինակն էլ ինքն է, ինքն ի՞նչ մեղավոր է, որ դեռեւս չեն «ինստիտուցիոնալացել» իր համախոհները եւ զբաղված են բաժակաճառեր ձոնելով իր նման համեստ, քչախոս, ցածրախոս, անասելի ժողովրդավար, իր ենթականերին աննկարագրելի հանդարտությամբ ու բարեկրթությամբ վերաբերվող, ոտքերն ամպոտ հրեշտակին:

Չէ, ինքը չի ուզում, ինքը չի էլ նկատում, թե ինչ «ինստիտուցիոնալ» մեկնաբանություններ են գրվում իր ֆեյսբուքյան հղումների տակ: Երբեմն խաշի ու սխտորի «բույր» է փչում այդ մեկնաբանություններից, երբեմն` քուչում պպզողների ու սեՌժիկանոցից ներմուծվածների հոտն է խեղդում, բայց ինքը հե՛նց դրա համար էլ «ինստիտուցիոնալ»-ի ճամփան է բռնել, որ բոլորին դարձնի իր նման «ինստիտուցիոնալիստ», ու մի քանի տասնյակ տարի հետո, երբ որ Սերժիկ Սարգսյանն արդեն կալարի պախանություն անել, ինքը կգաաաաա… «Ու կմտնի համաշխարհային սովնարկոմ»:

Չէ, ներեցեք, իր «ինստիտուցիոնալ» հզոր բանակը կգա, իսկ ինքը, դե` արդեն ճանաչում եք, գիտեք էլի՛, «աննշմար, որպես քնքույշ մութի թեւ»` գլուխը կախ կքայլի բանակի պոչից:

Չե՞ք հավատում: Ուրեմն` դուք չարամիտ եք, լիդերի գերի եք, եւ նույնիսկ նրա «ինստիտուցիոնալը» չի փրկի ձեզ: Ձեզ նմաններին «պըտի» Սերժիկ Սարգսյանի ու իր ավազակախմբի բուռն աջակցությամբ մեկուսացնել հասարակությունից ու մեկ-մեկ ոչնչացնել:

Նախորդ հոդվածը‘ՀՀ ԿԲ կանխատեսումներով 2015 թվականին ֆիզիկական անձանց դրամական փոխանցումները կկրճատվեն 30 տոկոսով’
Հաջորդ հոդվածը‘Աբաշիձե. Աբխազական երկաթուղու վերականգնման հարցը չի քննարկվում’