‘
Եռամսյակը մեկ կամ մի քանի անգամ եմ հայկական հեռուստաընկերությունների լուրերը լսում ու դիտում։ Հիմնականում՝ Հ1-ինը։ Որովհետեւ ա՛յս հեռուստաընկերությունն է ապրում իմ գրպանի հաշվին, եւ վաղուց հայտնի է նաեւ, որ մնացած հեռուստաալիքներն այս Հանրային կոչեցյալի դուստր-ձեռնարկություններն են, եւ սրանց լուրերի որակի, բովանդակության եւ, այսպես կոչված, ագիտացիա-պրոպագանդայի տարբերությունը Հ1-ինից՝ ձգտում է զրոյի։
Այնպես որ, առանց լսելու ու տեսնելու դուստր-ձեռնարկությունների լրատվաարտադրանքը, վստահաբար կարելի է ենթադրել, որ սրանց համար էլ՝ Հանրային կոչեցյալի պես, Հայաստանի անկախության առաջին տարիները «մութուցուրտ տարիներ» էին։ Ընդամենը։
Երեւի բոլորդ եք հիշում. մինչ ներկայիս ապահով Հայաստանի բարձունքների նվաճումը՝ անկախության առաջին տարիներին մեր երկիրը ղեկավարում էր մի իշխանություն, որը նենգաբար փլուզեց երանելի սովետը, զարհուրելի երկրաշարժ կազմակերպեց, մազութը կերավ ու ժողովրդից «տոկը» խլեց-տվեց հողին, որ բազմադարյա հայ ժողովուրդը խավարի մեջ խարխափելով վերանա աշխարհիս երեսից։
Դժվար թե գտնվի հայաստանյան հեռուստալուրերը լսող մեկը, որի ականջը «շոյում են» հեռուստալրագրողների՝ գրեթե անմեղսունակության հասնող երջանկությունից թրթռացող ձայները, եւ չդժգոհի, որ իրական պատկերի չնչին մասը ներկայացրի։
Անիմաստ է սրանց հետ բանավիճելը, ժամանակի զուր կորուստ է։ Այս մարդկանց համար իրոք պատերազմի եւ հաղթանակի այդ ծանրագույն տարիներն ընդամենը «մութուցուրտ» էին, որովհետեւ սրանք՝ իրենց տերերի պես, անկեղծորեն ատում են անկախությունը, սրանց մեծերը կարոտով են հիշում սովետական երանելի տարիները, սրանց ջահելներն էլ մեծերից ավելի՛ շատ են կարոտում այդ տարիները, որովհետեւ իրենք չեն տեսել, իսկ տեսնող մեծերն էլ քառակի-հնգակի գունազարդած են պատմում «սովետների հեքիաթը»։
Սրանց ամենաոխերիմ թշնամին ազատությունն է։ Իրենց կապույտ երազներում սրանք պաշտում են Իոսիֆ Վիսարիոնովիչին ու Լավրենտի Պավլովիչին, սրանք դժգոհ են, որ անկախությունից հետո զրկվել են «հզոր բռունցքից», «ժողովրդի թշնամիների» բնակավայր Սիբիրից ու ստիպված են ըմբոստներին էլ բաժին հանել հայաստանյան արեգակի ճառագայթներից։
Մի աման լափի ստրուկներ են։ Սրանցից եղել են ու կան բոլոր ժամանակներում, բոլոր երկրներում, բոլոր հասարակարգերում։ Այս տեսակը միշտ պետք է լինի, որ ազատասերը տեսնի իր եւ սրանց տարբերությունը, սրանց ստորաքարշ, ողորմելի կեցվածքն ու ավելի՛ շատ սիրի ու գնահատի ազատությունը։
Այս տեսակը միշտ պետք է լինի, որ ազատասերը երբեք չմոռանա, որ սրանց նմաններին իշխանություն տալը համարժեք է պետության ինքնասպանության։
Ու հենց հիմա ե՛ւ ազատասերների աչքի առաջ, ե՛ւ ստրուկների «թեթեւ ձեռքով» մեր պետությունն ինքնասպանվում է «հուշիկ քայլերով», հասարակությունն էլ լուռումունջ հանդուրժում է, որ անկախության առաջին տարիների իր գիտակցված զոհողություններն արժեզրկվեն մի աման լափի գնի չափ։
Մութուցուրտը 90-ականներին չէր, խավարի մեջ մեր հոգիներից լույս էր հորդում։
Մութուցուրտը հիմա է. ազատասերը ննջում է, ստրուկը՝ իշխում։
‘