‘Լիզա Ճաղարյան. Շո´գ է, շո´գ է Ֆեյսբուքստան’

1993

Եվ մեկ էլ ֆեյսբուքյան մարտադաշտ է ներխուժում մի շատ նեՌվային տիկին կամ նեՌվային տիկնոջ բառապաշարով հակառակ սեռի ներկայացուցիչ ու ժայթքում. «Էդ ու՞մ վրա եք սուր բարձրացնում, հայոց մեծ…»: Չէ, խառնեցի, սա մեր Խաչատուրն է ասել՝ Աբովյան:

Նորից սկսեմ: Եվ մեկ էլ ֆեյսբուքյան մարտադաշտ է ներխուժում մի շատ նեՌվային տիկին կամ նեՌվային տիկնոջ բառապաշարով հակառակ սեռի ներկայացուցիչ (սովորաբար բոլոր հակառակ սեռի ներկայացուցիչներին «տղամարդ» են ասում, բայց ես դրան կտրականապես դեմ եմ) ու ժայթքում. «Էդ ու՞մ եք քննադատում, էդ որ էդ մարդը էն ժամանակ…»: Ու իրար գլխի են հավաքվում մի քանի նեՌվային տիկին ու մի քանի նեՌվային տիկնոջ բառապաշարով հակառակ սեռի ներկայացուցիչ, եւ ֆայլաբազաՌը պատրաստ է:

Սիրում եմ էս Ֆեյսբուքը: Հենց էս Ֆեյսբուքի շնորհիվ մի քանի «կալոդ» ընկեր կորցրի: Կասեք՝ «շնորհիվ»-ն այս դեպքում տեղին չօգտագործեցիր, կասեք՝ բա էլ ո՞նց ես սիրում: Հենց էդպես, «շնորհիվ»-ը շատ տեղին եմ օգտագործել ու հենց էլ՝ սիրում եմ: Հենց էս Ֆեյսբուքն է օգնում գրեթե ճգնավորի կյանքով ապրողիս, որ գույնզգույն պղպջակների աշխարհում չապրեմ, որ բազաՌչուն իրական բարեկիրթից զանազանեմ, որ տեսնեմ՝ մինչեւ ուր կարող է հասնել, օրինակ, նրբագեղ տիկինը կամ կտրիճ տղամարդը, եթե մի թեթեւ տրորես նրա «ինտելեկտուալ» կոշտուկը:

Նախապես ասեմ, որ ֆեյսբուքյան իմ տեսադաշտի մեջ չեն մտնում աջ սյունակի աշխարհացունց վերնագրերի տակ իրենց ադամանդակուռ ընթերցողներին սպասող լուրերը՝ էսինչի տղամարդը թռել է ուրիշ կնԳա մոտ, Վույ մեեեեեե, էսինչն արդեն ընկերուհի ունի, աղջկերք, սեւ լաչակ գցեք գլխներիդ, Էնինչի մարդը կնկան քացու տակ է գցել, Էդինչը կիսատկլորվել է, էնինչը՝ լՌիիիվ…

Իմ հետաքրքրությունների շրջանակում գտնվող ֆեյսբուքյան գրառումներն ուշադիր ընթերցես, թե աչքի պոչով, չես կարող չնկատել, որ սիրելի Ֆեյսբուքս ձանձրույթից կմարի, եթե Հայ ազգային կոնգրեսը չլինի: Եվ թե ինչու եմ հիմա իմ շոգից ճլորած ուշադրությունը նվիրում հենց նրանց, ովքեր կատաղության նոպայից ֆեյսբուքի պատերին են զարկվում եւ կեղտաբծեր թողնում հենց այն ժամանակ, երբ իրենց «բարձր հովանու ներքո» հայտնվածներին են քննադատում կոնգրեսականները կամ Կոնգրեսի համակիրները, ես էլ չգիտեմ: Էդպես եմ ուզում: Եվ ի՞նչ են ասում սրանք: Ասում են՝ մոռացե՞լ եք, որ էսինչը բանտ է նստել, մոռացե՞լ եք, որ էդինչը պատերազմին է մասնակցել, մոռացե՞լ եք, որ էնինչը Հյուսիսային պողոտայում պայքարել է բազազների դեմ:

Էս շոգին ալարում եմ երկար-բարակ դատողություններ անել փայլուն հիշողություն ունեցող այս նեՌվայինների աղեկտուր ճիչերին ընդառաջ: Վերոգրյալ ճենճահոտ հարցերն իրենց եմ վերադարձնում՝ թեթեւակի հավելումով. «Էս որ ձեր անհատակ աղբակույտը բացել եք նրանց հասցեին, ովքեր մնացել են Կոնգրեսում եւ ձեզ հետ միասին, զանազան գետնաքարշ պատճառներով, այլ «կապուտակ» հորիզոններում չեն հայտնվել, մոռացե՞լ եք, որ նրանց մի մասը բանտ է նստել, մոռացե՞լ եք, որ նրանց մի մասը պատերազմին է մասնակցել, մոռացե՞լ եք, որ մի մասն էլ Հյուսիսային պողոտայում պայքարել է բազազների դեմ»:

Միանգամից ասեմ, որ էս նեՌվայինների պատասխանները չեն հետաքրքրում ինձ: Ընդամենը հնարավորություն եմ տալիս, որ սրանք նորից Ֆեյսբուքի պատերին զարկվելու առիթ ունենան: Եվ կրկի´ն ինքնահաստատվելու առիթ կունենան, եւ շա՜տ շոգ է, քամու տատանումներն օգուտ չտան՝ վնաս հաստատ չեն տա:

Լիզա Ճաղարյան 

Նախորդ հոդվածը‘Նավալնիին եւ Օֆիցերովին ստորագրությամբ ազատ են արձակվել’
Հաջորդ հոդվածը‘Դիվանագիտական աստիճաններ եւ մեդալներ՝ ԼՂՀ դիվանագետներին’