‘Լիզա Ճաղարյան. Ուրիշի ձեռքով կրակից շագանակ հանելը «հին, գեղեցիկ ավանդույթ» է ‘

1841

Եթե ասեմ` հիացած եմ Քառյակի գործունեությամբ, եւ Հայաստանի քաղաքացուս, որն օր առաջ ուզում է էս երկիրն ազատված տեսնել Սերժիկ Սարգսյանից ու իր ավազակախմբից` բավարարում է Քառյակի ընտրած դանդաղ ու հանգրվանային պայքարի ձեւը` մե՛ծ, շա՜տ մեծ սուտ կլինի:

Ես էլ եմ տենչում առավոտյան արթնանալ ու Ֆեյսբուքում կարդալ, որ հանցագործ իշխանություններն արդեն պատմության աղբանոցում են, նստած են ամբաստանյալի աթոռին ու դատվելու են օրենքի ողջ խստությամբ` յուրաքանչյուրն իր գործած հանցագործությանը համապատասխան չափով, ինչն ուզում են Հայաստանի բոլոր շարքային քաղաքացիները (հակառակորդներին մորթելու ու հում-հում ուտելու, պատերի տակ շարելու ու գնդակահարելու համար հերթ կանգնածներին չհաշված), եւ ինչն ուզում են աշխարհով մեկ սփռված մեր հայրենակիցները, հեռուներից` տեղացիներիս մեկ օրում իշխանության տապալման ուղիներ թելադրողներն ու ժամանակ առ ժամանակ թուքումուր հղողները: Բնականաբար` Հայաստանում ապրող «ստրուկներիս» հասցեին:

Բայց արտերկրում ապրող եւ «ստրուկներիցս զզվող» հատվածին հանգիստ թողնենք: Իրենք ընդամենը «մեր լավն են ուզում», իսկ մենք դա համառորեն չենք հասկանում, ինչն էլ, պարզ է` «մուննաթի բուն» է:

Հայաստանում իրենց ընդդիմադիր հռչակած բազմաթիվ այլ ուժեր կան` սիրուն-շարմաղ-ճռճռան-պլպլան անվանումներով, Հայաստանի «ջանին մեռնող»` բարիկադի վրա զոհվելու պատրաստ ղեկավարներով (իրենք են ասում): Եվ ամենակարեւորը` կան նաեւ այս ուժերի համակիրներ. մեկինը`շատ, մյուսինը` քիչ: Արտաքուստ տարբեր գաղափարներ դավանող այս ուժերին միավորում է այս նույն Քառյակի հանդեպ թերահավատությունը` մեղմ ասած: Իսկ ուղիղ ասած` այս ուժերն իրենց ունեցած հնարավորությունների ու եռանդի մեծագույն մասը նվիրում են Քառյակին դիմակազերծ անելու «սուրբ» գործին, «անտրակտներին» էլ մի քանի թթու խոսք են ասում իշխանությունների հասցեին, հավանաբար` որ հասարակությունը չմոռանա իրենց ընդդիմադիր լինելու մասին:

Ինչ որ է. տարրական տրամաբանությունը հուշում է, որ Քառյակի դանդաղաշարժությունից դժգոհ այս խմբերը պետք է իրենց ուժերը մեկտեղեն, թախտից վռազ-վռազ գցեն Սերժիկին ու «քառասուն ավազակներին», որից հետո ե՛ւ Հայաստանը շունչ կքաշի, ե՛ւ Քառյակին կնստեցնեն իրեն արժանի տեղը, ջրերն էլ կզուլալվեն, թացն էլ չորից կջոկվի… Կարճ ասած` իդիլիա:

Չէ, չեն մեկտեղվում: Կամ էլ` գուցե մեկտեղվում են ու ամեն անգամ համոզվում, որ իրենց մեկտեղած ուժը շատ լղարիկ է` ներկա իշխանություններին հաղթելու համար:

Այստեղ էլ տարրական տրամաբանությունը հուշում է` եթե իրենք էլ են տեսնում, որ «լղարիկ» են, եթե, իրոք, այս ուժերի գերնպատակը Սերժիկ Սարգսյանից Հայաստանն ազատելն է, ուրեմն` պետք է միանան իրենց չսիրած Քառյակին, որովհետեւ կույր աչքն էլ է տեսնում, որ Հայաստանի դժգոհ հասարակության մեծամասնությունն այս ուժերի շուրջն է հավաքված, եւ այդ համախմբումը եթե չարագացնի Քառյակի գործունեությունը, ապա հաստա՛տ ավելի չի դանդաղեցնի:

Չեն միանում: Հակառակը. շարունակում են հեգնել, վարկաբեկել, հրճվել հանրապետականներից ոչ պակաս, հաճախ նույնիսկ` ավելի, եթե, ըստ իրենց, Քառյակը սայթաքում է: Ավելին, Քառյակին դատափետող ու հեչ չսիրող այս ուժերն իրար նույնպես չեն սիրում (իրենք մտահան են արել, սակայն, բարեբախտաբար կամ դժբախտաբար, հիշողներ մնացել են), բայց դրա մասին մոռանում են ու «այր ու կին` մի մարմին» են դառնում, եթե բանը հասնում է Քառյակի ոսկորները լվանալուն:

Սա էլ` հեչ: Նորություն չէ` բազմիցս ասվել է ու դեռ կասվի, որովհետեւ այս ուժերն իրենց կամ այլոց գծած կածանից շեղվողը չեն: Համենայն դեպս՝ այս պահին նման նախանշաններ չեն ուրվագծվում:

Հետաքրքիրն ահա թե ինչն է: Մի անգամ էլ կրկնեմ` այս մեծուպստիկ ուժերը համակիրներ ունեն: Նույնիսկ այս ուժերից ոմանց ղեկավարների նկատմամբ հորիզոնում անձի պաշտամունքի դեղնադարչնագույն շորշոփներն են նկատվում: Սակայն, որքան էլ տարօրինակ է, այս մարդիկ համակրում են վերոնշյալներին, ծափահարում են սրանց յուրաքանչյուր գնդացրաճարճատ ելույթը, հաճույքից հալվում են, երբ սրանք ներկայացնում են իրենց ազգափրկիչ ծրագրերը, որոնցից «յոթ սարից այն կողմ-յոթ ձորից այն կողմ» հեռավորության վրա գտնվող ապագայի «անուշ» հոտն է գալիս, ու ամենեւին չեն նեղսրտում, որ այդքան ուշացնում են իշխանափոխությունը, այլ սրանց երկրպագելու հերթական ըմբոշխնումից հետո` նորից շրջվում են Քառյակի կողմն ու շա՜տ անկեղծորեն, զայրույթից կապտած-կանաչած բողոքում, թե ինչու է՛դ իրենց չսիրած, ծախված, իշխանությունների հետ «տակից ու վրայից» համագործակցող Քառյակը տեղից չի շարժվում, հանրահավաք չի անում, հեղափոխություն չի անում:

Այստեղ էլ` տարրական տրամաբանությունը հուշում է, որ այս մարդկանց հույսն իրենց պաշտամունքի «առարկաները» չեն, որոնց շուրջը «քուրսի են նստել», այլ հենց իրենց չսիրած Քառյակն է:  

Դե, արի ու բան հասկացիր…

Իրոք որ` մերն ուրիշ է:

Նախորդ հոդվածը‘Ավստրիական «Էրսթ» բանկը Հայաստանին կտրամադրի 2 մլն եվրո վարկ ‘
Հաջորդ հոդվածը‘Պեսկով. Ֆրանսիայում Պուտինը և Պոռոշենկոն առանձին հանդիպում չեն ունենա’