‘Լիզա Ճաղարյան. Պետության ամրության գրավականը Գալուստի ջիպն է’

3210

Շաբաթներ առաջ Հայաստանի քաղաքացիներն ուրախությամբ տեղեկացան, որ ՀՀ վարչապետ, ներեցեք արտահայտությանս համար` Հովիկ Աբրահամյանը արտերկրից գնել ու Հայաստան է բերել «Մերսեդես» մակնիշի զրահապատ ավտոմեքենա: Ըստ լրատվամիջոցների` այս ավտոմեքենայի գինն առնվազն 600 հազար ԱՄՆ դոլար է:

Դեռ երջանկության արցունքները չէին ցամաքել ՀՀ քաղաքացիների վառվռուն թշերին, մեկ էլ լրատվամիջոցները երկրորդ «ավետիսը» մատուցեցին. ՀՀ կառավարությունը 33 միլիոն դրամ է հատկացրել պահուստային ֆոնդից` ՀՀ ԱԺ նախագահ, ներեցեք արտահայտությանս համար` Գալուստ Սահակյանին, որ վերջինս այսուհետ անխափան երթեւեկի «Տոյոտա լանդ քրաուզեր» ամենագնացով:

Հիշեցնեմ. սա այն Հայաստանն է, որտեղ, միայն ըստ պաշտոնական վիճակագրության` 38 տոկոս աղքատություն կա, իսկ իրականում, բոլորս ենք հասկանում, նշվածից շատ ավելի ողբալի վիճակ է:  Սա այն Հայաստանն է, որի սահմանին չեն դադարում հակառակորդի գնդակոծություննները, իսկ անտերության մատնված սահմանամերձ գյուղերն ամայանում են: Սա այն Հայաստանն է, որի Գյումրի քաղաքում հազարավոր մարդիկ`88-ի երկրաշարժից հետո մինչ օրս ապրում են խարխուլ տնակներում: Չշարունակեմ, թե սա ո՛ր Հայաստանն է, որովհետեւ մեր այսօրվա Հայաստանի պերճանքի ու թշվառության թվարկումը ձգտում է անսահմանության:

Եվ ի՞նչ էր պատասխանել, ներեցեք արտահայտությանս համար` Գալուստ Սահակյանը այն մտահոգությանը, թե ինչու են սոցիալական ծանրագույն կացության մեջ գտնվող երկրում այսպես լպիրշաբար պետական բյուջեի փողերը քամուն տալիս: Ինչպես միշտ, այս անգամ էլ` հանրապետականների այս կարկառուն ֆիլոսսոկրատն «իմաստնաբար» լուսավորել է չկամ ու չարակամ ուշ հասկացողներիս, որ, ոչ ավել-ոչ պակաս` «դա պետության ամրության համար է, որեւէ անձի համար չէ»: Ավելին, «ահաբեկել էր» հասարակությանը, որ այդքանով չեն բավարարվելու: «Առաջիկա բյուջեի ընդունման ժամանակ մենք նորից մեքենաներ պետք է գնենք»,- հոխորտացել էր պարոնը սույն:

Դե ոչինչ, որ Հայաստանի քաղաքացիները համառորեն ու միամտորեն շարունակում են կարծել, թե պետության ամրության համար անհրաժեշտ է ոչ թե, որ Գալուստ Սահակյանն ու Հովիկ Աբրահամյանը թանկարժեք մեքենաներով երթեւեկեն, այլ որ` իշխանությունները չթալանեն ժողովրդին, մինչեւ ուղնուծուծը կոռումպացված չլինեն, տնտեսությունը մի քանի սաշիկների մենաշնորհը չդառնա, փադիշահին վայել դղյակներում հղփացած կյանք չվարեն, դատախազ-դատավոր-ոստիկաններին ոտքի տակի փալաս չդարձնեն, մարդասպաններին ու զանազան գող-ավազակների չհովանավորեն, եւ երկրի, այսպես կոչված, առաջին դեմքն ընտրվի, ոչ թե անմեղ զոհերի արյան գնով ու խայտառակ կեղծիքների միջոցով զավթի նախագահի աթոռն ու դրանից հետո ժամանակ առ ժամանակ «գետնի տակն անցնի» կամ կազինոներում օր մթնեցնի, այլ մտածի, թե ոնց անի, որ ողջ աշխարհը քամահրանքով չնայի` իր իսկ ապիկարության պատճառով մեկուսացված ու նվաստացված Հայաստանին:

Բայց դե` նորություն չէ, ընտելացել ենք, կներեք արտահայտությանս համար` Գալուստ Սահակյանի մեկը մյուսից «իմաստուն» ուղեղաժայթքումներին, եւ եթե դեռ զարմացող մնացել է Հայաստանում, ապա միմիայն այն դեպքում, եթե հանրապետականների այս «խոշոր մտածողը», անկախ իրենից, քիչ թե շատ տրամաբանված միտք է արտաբերում:

Սրանով պետության ամրացման գալուստսահակյանական կուռ եւ անխոցելի բանաձեւը չի ավարտվում: Ուշ հասկացող լրագրողների հարցերին լրացուցիչ բացատրություններ են հարկավոր, եւ այդ բացատրություններից մեկն էլ ֆինանսների փոխնախարար, կներեք արտահայտությանս համար` Պավել Սաֆարյանն է տվել: Փողերի տնտեսման տեսանկյունից որքանո՞վ է նպատակահարմար նման թանկ ավտոմեքենայի գնումը` հարցրել է լրագրողը: Պատասխանը ջախջախիչ է. «Դուք ուզում եք ասել, որ այն բոլոր պրոբլեմները, որ այսօրվա պայմաններում ունի Հայաստանի Հանրապետությունը, եթե այդ ջիպ մեքենան չառներ, այդ պրոբլեմները կլուծվեի՞ն»:

Մի շտապեք հայհոյել այս պարոնին: Նա ճշմարիտ-ճշմարիտ է ասում: «Այն բոլոր պրոբլեմները, որ այսօրվա պայմաններում ունի Հայաստանի Հանրապետությունը», հնարավոր է լուծել միմիայն մի դեպքում` եթե, ներեցեք արտահայտությանս համար` Սերժիկ Սարգսյանն, իր այս հավաքագրած հանցախմբի հետ միասին, հայտնվի ամբաստանյալների աթոռին, ու բոլորը հատ-հատ պատասխան տան այն բոլոր չարիքների համար, որ պատճառել ու պատճառում են Հայաստանին ու ՀՀ քաղաքացիներին:

Եվ որքան շա՛տ զառանցագին դառնան սրանց` պետության ամրացման մասին «հիմնավորումները», այնքան ավելի արագ կմոտենա հղփացածների այս բանդայի վախճանը, ինչն էլ հենց կդառնա պետության ամրության հիմնաքար:

Զառանցեք, պարոնա՛յք, զառանցե՛ք: Ուրիշ ի՞նչ կարող եք անել, մնացած բոլոր ռեսուրսները սպառել եք: 

Նախորդ հոդվածը‘ՄԱԿ-ում ՀՀ դեսպանը բարձրացրել է Ադրբեջանի ագրեսիայի եւ Իրաքի եզդիների հարցը’
Հաջորդ հոդվածը‘«Մարզահամերգային համալիրը ՊՆ-ին հանձնելով՝ իշխանությունները սպանում են մշակութային կյանքը»’