‘Լիզա Ճաղարյան. Սերժիկին հանդուրժելով՝ դառնում ենք նրա ավազակախմբի անդամ’

13965

Ես չգիտեմ՝ պատերազմական իրավիճակներում «տասը չափող՝ մեկ կտրողները» քանի փաստարկ հրապարակ կնետեն «հիմա դրա ժամանակը չէ», ըստ իրենց՝ ծանրակշիռ հիմնավորմամբ, ինքս՝ վերջին մի շաբաթվա ընթացքում, առավե՛լ քան համոզվեցի, որ Սերժիկ Սարգսյանի եւ իր ողջ ավազակախմբի հեռացումը հետաձգելը «ավելի նպատակահարմար ժամանակների», լուռ եւ դավաճանական համակերպում է Լեռնային Ղարաբաղի կորստյան եւ բանակից մեզ հասնող նորանոր գույժերի՝ հերոս պատանիների ու կամավորների մասին։

Ասեք վերջապես, մի՛ լռեք, անասելի խելացի, պրագմատիկ, փորձառու եւ եսիմէլինչ քաղաքական գործիչներ, է՞լ ինչ պետք է անի Սարգսյան Սերժիկը, որ հասկանաք՝ յուրաքանչյուր պահը, րոպեն, ժամը, որ ի պաշտոնե տնօրինում է այս մարդը Բաղրամյան 26-ում նստած՝ ճակատագրական նշանակություն ունի Հայաստանի համար, Ղարաբաղի համար, մեր երեխաների կյանքի համար, բոլորիս համար, եւ այդ «ճակատագրական» բառի մեջ միայն անդառնալի ու անվերջանալի կորուստներ են։ Անդառնալի՛ կորուստներ։

Իսկ մենք դեռ ունե՞նք կորցնելու բան՝ բացի բզկտված երկրից։

Համատարած թշվառության, զարհուրանքի չափերի հասնող արտագաղթի, հրեշավոր ծավալների թալանի, իշխանավորների փողոցային մակարդակի լկտիության ու բեսպրեդելի, անպատիժ մնացած պաշտոնյա մարդասպանների ֆոնին մի կառույց կար, անունը՝ Բանակ, որի մասին միամտորեն կարծիք հայտնողներ էին մնացել, թե իբր՝ ա՛յ, ամեն ինչ շատ վատ է, բայց հո այս մեկը կայացած է։ Եվ այս միամիտ կարծիքներին բուռն հակահարված չէինք տալիս՝ մտածելով, որ խաղաղ ժամանակներում շաբաթական մեկ-երկու-երեք անմեղ զոհ տվող մեր այս «կայացած» կարեւորագույն կառույցում խնդիրը բարոյական է ու ոչ մի կապ չունի մեր զինվածության մակարդակի, թշնամուն դիմակայելու մեր պատրաստվածության հետ։

Եվ այս օրերին հենց ի՛ր իսկ բերանով այս Սերժիկ Սարգսյան կոչեցյալը խոստովանելով, որ մեր զինվածության մակարդակը մնացել է «80-ականների» խորխորատներում, փաստորեն՝ «բացճակատ» հայտարարեց իր ողորմելիության ու անճարակության մասին, եւ որ իր «քավորությամբ»՝ Հայաստանի բյուջեն ծախսվել է ոչ թե Բանակն ուժեղացնելու ու մեր սահմաններն ամրացնելու վրա, այլ մտել է գող, թալանչի ու մարդասպան իշխանավորների գրպանը, ի՛ր եւ իր եղբայր Սաշիկի գրպանը։

…Եվ այսօր մենք հայտնվել ենք մի սպանիչ իրողության դեմ հանդիման, որը մի նախադասությամբ այսպես է հնչում. «ՄԵՐ ԶԵՆՔԸ ՄԵՐ ԶԻՆՎՈՐՆ Է»…

Բարձրաձայն արտաբերեք այս նախադասությունը ու տեսեք՝ չե՞ք փշաքաղվում մինչեւ ոսկորները։

Հպարտանու՞մ ենք, որ մեր երեխաները հերոսաբար են կռվում, որ մեր կամավորները շատ-շատ են… Հպարտանում ենք, այո՛, արցունքի հեղեղ թափելով։ Հպարտանում ենք՝ մեկը մեկից աննման տղերքին դեպի հավերժություն ճամփելով։ Հպարտանում ենք ու հետն էլ կուչ գալիս՝ մի բուռ դառնում։

Խոսեք, շատ եմ խնդրում՝ մի՛ լռեք, «թշնամու ջրաղացին ջուր չլցնող» պրագմատիկներ, ասեք՝ ի՞նչ կապ ունի Սերժիկ Սարգսյանը մեր զինվորների հերոսության հետ։

Ո՞վ է Սերժիկ Սարգսյանը այս վերջին օրերի մեջ, նրա նշանակությու՛նը, իմա՛ստը, դե՛րը ո՞րն է։ Ի՞նչ արեց նա այս օրերին՝ բացի զոհված զինվորի հողաթմբի առջեւ ապաշնորհ դերասանություն անելուց ու Գերմանիայում կնկա նման նվնվալուց։ Ու այդ նվնվոցը միայն մի անուն ուներ՝ գոտկատեղից հարված բոլորի՛ս՝ ե՛ւ սահմաններում առյուծի պես կռվողներին, ե՛ւ նրանցով հպարտացողներիս։

«Դրա ժամանակը չէ» պատճառաբանությամբ Սերժիկին հանդուրժելով՝ դառնում ենք նրա ավազակախմբի անդամ։

Ուրիշ ոչինչ չունեմ ավելացնելու։

 

Նախորդ հոդվածը‘Խախտել են հրադադարը. Ունենք երկու զոհ’
Հաջորդ հոդվածը‘Օֆշորային սկանդալ. Արգենտինայի նախագահն իրեն անմեղ է հայտարարում’