‘Լիզա Ճաղարյան. Սերժիկ Սարգսյանին ԱՄՆ-ում շատ են «հարգԸմ»’

9900

Ու զարմանալի բան չկա, որ նա, ժողովրդական լեզվով ասած՝ տեղում չի սըթրվում։ Հայաստանում ամեն ինչ իր բնականոն հունով ընթանում է՝ գողը գողանում է ու գողոնն անպատիժ վայելում, թալանչին թալանում է ու թալանը կոկորդում չի մնում, մարդասպանը սպանում է ու արյունոտ-անլվա ձեռքերը գրպանները խոթած՝ դոկտորի կոչում է վաստակում պաշտոնի հետ միասին, դատարանները շարունակում են դատել անմեղ մարդկանց, ոստիկանները ծեծում ու բերման են ենթարկում գող-թալանչի-մարդասպան իշխանության դեմ բողոքի ակցիա անողներին, քաղբանտարկյալներն իրենց արժանի տեղում են, ժողովուրդն էլ իր արժանի վիճակում է, ինչ պետք է՝ արվել է, էլ ի՞նչ է մնացել դզել-փչելու, որ ջանասեր Մոսի — Սերժիկ Սարգսյանը լռվի մնա էս կողմերում։ Եթե նույնիսկ ինչ-որ կիսատ բան մնացել է, հո Սաշիկը, Լֆիկը, Շմայսը, Նեմեցը, Թոխմախի ազրեիլը, գեներալիտետն ու մնացած պայծառափայլ հանրապետականները մեռած չե՞ն։

Ու ակամա պարապ-սարապ մնացած աշխատամոլ (այլ «մոլ»-երի հետ չշփոթել) Սերժիկ Սարգսյանը երեկ մեկնել է Միացյալ Նահանգներ՝ քրտնաջան աշխատելու։ Նախ՝ մասնակցելու է Միջուկային անվտանգության գագաթնաժողովին։ Դե, հասկանալի է, Հայաստանից ուրիշ էլ ո՞վ կարող էր մասնակցել այդ գագաթնաժողովին՝ մեծագույն «միջուկագետ» Սերժիկ Սարգսյանից բացի։ Էս «միջուկների» հարցը Վաշինգտոնում արագ-արագ լուծելուց հետո, առանց բերանը մի բան դնելու՝ ՀՀԿ-ի առաջնորդը շտապելու է Բոստոն։ Այստեղ անհամբերությամբ, հպարտության բարձր գիտակցությամբ՝ նրան են սպասում մի ամբո՛ղջ Մասաչուսեթսի նահանգի պետն ու մի ամբո՛ղջ համայնքային ղեկավարներ։ Ավելին՝ մի ամբո՛ղջ Ներկայացուցիչների պալատի անդամների հետ միասին։

Դեռ ու՜ր եք։ Շունչներդ պահեք, որովհետեւ հպարտության այս ալեբախությանը, հնարավոր է, չդիմանան ձեր ջերմ սրտիկները։ Սերժիկ Սարգսյանը հյուրընկալվելու է այս նույն նահանգի տեխնոլոգիաների ինստիտուտում, որտեղ, անշուշտ, չի մոռանալու թեքվել դեպի մեդիա լաբորատորիա. դե, որ «լաբորանտները» հանկարծ չնեղանան, էլի, չասեն՝ եկավ հասավ էստեղ, մի հատ լայաղ չարեց իր մեդիամոլ (չշփոթել այլեւայլ «մոլ»-երի հետ) տեսությանն արժանացնել մեզ։ Ինքը բարի է, եւ բոլոր ցանկացողներին էլ սիրով կպատմի, թե ինչ է պետք անել, որ խիարը թարս չաճի։

Ու քանի որ շատ հայրենամոլ է (չշփոթել զանազան «մոլ»-երի հետ), անշու՛շտ, կհանդիպի նաեւ ամերիկահայ գիտնականների հետ։ Հաջորդող բոլոր հանդիպումները նույնպես, անշու՛շտ, հայրենասիրական են, բոլորը, անշու՛շտ, հայերի հետ են, նույնիսկ՝ ՀՀ քաղաքացիների։ Անշու՛շտ։ Հանդիպումները տեղի կունենան դպրոցներում, գրադարաններում, հայկական կենտրոններում, եկեղեցիներում եւ, անշու՛շտ՝ որտեղ պատահի, ում հետ պատահի, ոնց պատահի։

Անշու՛շտ, Սերժիկ Սարգսյանն Ամերիկայի Միացյալ Նահանգներում այլեւայլ մեծագործություններ նույնպես կանի հանուն Հայաստանի Հանրապետության, բայց հո ինքը գլուխգովան չի՞, որ ամեն ինչ հատ-հատ պատմի։ Հետագայում պատմաբանները կպարզեն եւ մեզ էլ կպատմեն, անշու՛շտ, որ Սերժիկ Սարգսյանը հանդիպել է նաեւ Մասաչուսեթսի նահանգի մանկապարտեզներից մեկի մի հայ մանչուկի հետ, որը պատվարժան հյուրի համար արտասանել է «Խոսք իմ որդուն» բանաստեղծությունը, հետո հանդիպել է ծննդատանն այդ օրը ծնված 50-րդ աղջնակի հետ, որն, անշուշտ, նույնպես հայ էր, զրուցել է մի խումբ տղերքի հետ, որոնք կանգնած էին մի խաղատան մուտքի մոտ ու բարձրաձայն հայհոյում էին հայերեն… 

Քիչ մնաց մոռանայի. վերջում հիշեցնեմ, որ Սերժիկ Սարգսյանը ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը չի։ Ոչ էլ՝ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն է։ Անշու՛շտ, Նոր Նորքի թաղապետն էլ չի։ Իսկ թե ով է Սերժիկ Սարգսյանը, գիտենք բոլորս, բայց անհարմար ենք զգում բարձրաձայնել։

Նախորդ հոդվածը‘Ի՞նչ կար Ջոն Քերիի պայուսակում’
Հաջորդ հոդվածը‘Վաղը կմեկնարկեն 4+4+4 ձեւաչափով բանակցությունները’