‘
Պողոսյան Միհրանը սիրում է իր որդուն։ Ու քանի որ սիրում է, ուզում է իր որդին բարձրակարգ կրթություն ստանա։ Ու քանի որ Պողոսյան Միհրանը նաեւ Բանանի, Քեթրինի ու նաեւ Օֆշորի Միհրանն է ու շատ փող ունի, շատ-շատ փող ունի, իր սիրելի որդուն ուղարկել է լոնդոններում ուսանելու։
Հայաստանի ամայացող գյուղի բնակիչ Պողոս Միհրանյանն էլ է սիրում իր որդուն։ Ու քանի որ սիրում է, ուզում է իր որդին էլ բարձրակարգ կրթություն ստանա։ Որ «աշխարքումն ինձ նման խեղճ ու զուրկ չմնա…», մտածում է Պողոսը։ Ու քանի որ Պողոս Միհրանյանն ապրում է ամայացող գյուղում ու ծայրը ծայրին չի հասցնում, ինքը կարիքավոր ընտանիքի հայր Պողոսն է, տարեկան մեկ անգամ բանանի երես չի տեսնում, գաղափար չունի, թե քեթրինն ինչ է՝ ուտելու բան է, թե հագնելու, լոնդոնների ճամփան էլ ոչ միայն չգիտի, չի էլ ուզում իմանալ՝ իր հոգսուցավն իրեն հերիք է։ Պողոս Միհրանյանի համար ամենաամենաբարձրակարգ կրթություն ասվածն իր ամայացող գյուղին ամենամոտ գտնվող մարզկենտրոնի բուհական մասնաճյուղն է, գրպանի պարունակությունը թույլ չի տալիս, որ երազանքը հասցնի նույնիսկ մինչեւ երեւաններ, ու ծայրը ծայրին հասցնող Պողոսը երազում է, որ իր սիրելի որդին կրթություն ստանա այդ մարզային ամենաամենաբարձրակարգ մասնաճյուղում։ Երազում է՝ եթե հողից հաց պռճոկելուց հետո ուժ է մնում երազելու։ Ու մարզպետարանում աշխատող իր ՀՀԿ-ական քեռորդու միջամտությամբ բանկից վարկ է վերցնում, որ ուսանող որդու ուսման վարձը մուծի։ Պողոսը քչով բավարարվող մարդ է, Պողոսը երջանիկ է, բայց երջանկությունը ոնց գալիս է, էնպես էլ գնում է՝ Պողոսի սիրելի որդուն ուսանողական նստարանից առնում-տանում են հզոր բանակ։
Իրիկունները քեթրինաբանանաօֆշորախառն Միհրան Պողոսյանը ոտքը ոտքին գցած սպասում է որդու զանգին, որ իմանա՝ էլ ինչ կրթական բարձունք է գրավել իր ուսումնատենչ որդին, ազատ ժամերին ինչ տեսարժան վայրեր է այցելել մառախլապատ Ալբիոնում, իսկ Պողոս Միհրանյանն իր ամայացող գյուղում տրորում է մղկտացող ու ճաքճքած կրունկներն ու ամեն հեռախոսազանգից ու դռան բախոցի ձայնից սարսափահար վեր է թռչում, սիրտը ծակում է, ծնկները դողում են, «Աստված-Աստված» է կանչում… Շատ բան չգիտի այս աշխարհի մասին ամայացող գյուղի բնակիչ Պողոս Միհրանյանը, բայց մի բան վաղուց գիտի ու լավ գիտի՝ թշնամու գնդակը միայն կարիքավոր կամ մի կերպ ծայրը ծայրին հասցնող ընտանիքների սիրելի որդիներին է խոցում։
Բայց արի ու տես՝ Միհրան Պողոսյանի հովվերգական երեկոների գլխին էլ են ամպեր կուտակվել։ Սիրտը կասկած է ընկել, ինքնավստահությունը տատանվել է, էդ անտեր տարկետման խնդիրը մի տեսակ էն չի, Ալբիոնի պես մառախլապատ է, ոնց որ թե՝ կիսատ-պռատ է։ Ու Պողոսյան Միհրանը, որ «ազատ, արդար, թափանցիկ» քվե է ստացել ընտրողներից, ու օֆշոր-բանանն ուսերին առած ԱԺ պատգամավոր է դարձել ՀՀԿ-ի «լույսի» ներքո, նստում ու օրինագիծ է գրում, ըստ որի՝ տարկետում է սահմանվում օտարերկրյա դպրոցներում սովորող արական սեռի տղաների համար, որոնք հանրակրթական դպրոցը չեն ավարտել, բայց զորակոչի տարիքի են։ Ի՞նչ ասես. սիրու՛մ է իր որդուն ՀՀԿ-ական պատգամավոր Միհրանը, չի ուզում բանակում ծառայի իր սիրելի որդին, ձեռն էլ քարի տակ չի, ինքը եթե մի բան չի ուզում, կարող է այնպես անել, որ էդ բանը չլինի։ Հո ամայացող գյուղի վիզը ծուռ Պողոս Միհրանյանի թայը չի։
Էէէ, էն ամայացող գյուղի բնակիչ Պողոս Միհրանյանն էլ սիրով օրինագիծ կգրեր, ըստ որի՝ տարկետում է սահմանվում իրենց մարզկենտրոնի բուհական մասնաճյուղի ուսանողների համար, որ ամեն հեռախոսազանգից կամ դռան բախոցից սիրտը բերանով դուրս չգա։ Բայց ինքն ախր ոչ Քեթրին է, ոչ Բանան է, ոչ էլ Օֆշոր է, ինքն ահա հանդից տուն է եկել ու այնքան հոգնած է, որ կնոջ խաշած կարտոֆիլն ու կաղամբի թթուն ուտելու ուժ չունի, ինքը նույնիսկ այնքան փող չունի, որ որդու կարոտից մաշվող կնոջը վերցնի, հասնի սիրելի որդու զորամաս ու հարցնի՝ ո՞նց ես տղա ջան, մորդ թխած խորիզով գաթան կեր, աչքներս տեսնի, սրտներս փառավորվի։ Չէ, Պողոս Միհրանյանն Աժ պատգամավոր չի, նույնիսկ ՀՀԿ-ական չի, կողքի հարեւանն ասաց՝ տարբերություն չկա՝ ՀՀԿ թե ԲՀԿ, արի ԲՀԿ-ական դարձիր, դե ինքն էլ դարձավ, հիմա էլ ասում են՝ նույն բանը չի, ոնց որ թե մի քիչ տարբերություն կա, էլ էդքանից հետո իր օրինագծի երեսին ո՞վ կնայի։
Իսկ Քեթրինի Միհրանի օրինագծի երեսին նայեցին ու գլուխները «դրականորեն» տմբտմբացրին։ Տմբտմբացնողներն էլ սիրելի որդիներ ունեն, տմբտմբացնողներն էլ են ուզում, որ իրենց սիրելի որդիները օտարերկրյա բարձրակարգ կրթություն ստանան, ու եթե ուզում են, այդպես էլ կլինի՝ ձեռքները քարի տակ չի, Քեթրինի Միհրանից էլ ոչ մի բանով պակաս չեն։ Իրենք էլ են ուզում, որ բանակը հզորանա, բայց՝ ամայացող գյուղերի պողոսմիհրանյանների սիրելի որդիների հաշվին։ Դրական եզրակացությամբ օրինագիծը կքննարկվի Ազգային ժողովում, այնտեղ էլ մեծամասնությունը կողմ կքվեարկի, որ Միհրանի սիրելի որդին օտարերկրյա դպրոցն էլ ավարտի, օտարերկրյա համալսարանն էլ, օտար երկրում իր թանկագին հայրիկի Հայաստանից թալանած փողերն էլ վայելի։
Ու մինչ Ազգային ժողովում Միհրան Պողոսյանի սիրելի որդու համար գրված օրինագիծն են առաջ հրում, ամայացող գյուղի բնակիչ Պողոս Միհրանյանի դուռը բախում են։
…Ու Պողոս Միհրանյանը «Աստված-Աստված» կանչելով, սիրտը բռնած, դողահար ծնկները կիսածալված՝ մոտենում է դռանը…
‘